Երթևեկության կոպիտ խախտումներ. պսակադրություններ Սբ. Աննա եկեղեցում.

Տեղադրվել է: Yerevan Today
07  10  2017

Երևանի Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկին մոտ գտնվող Սուրբ Աննա եկեղեցի մուտք գործելու համար ավտոմենքենաների համար ճանապարհ նախատեսված չէ: Արգելող ճանապարահային նշաններն էլ մի քանի մետրի վրա են տեղադրված: Խաչմերուկը նկարահանվում է, և խախտումները տուգանվում են:

Միաժամանակ, մշտապես պսակադրությունների և այլ արարողակարգերի ժամանակ վարորդները մտնում են եկեղեցու տարածք՝ օրենքի կոպտագույն խախտում անելով և խանգարելով հետիոտնին: Եկեղեցին էլ, կարծես, դեմ չէ. մարդիկ պսակադրվում են, մի տեղ պե՞տք է կանգնեցնեն ավտոշարասյունը: Իսկ միակ հարմար տեղը, ստացվում է, եկեղեցու բակն է, որի թույլտվության պարագայում մեքենաները երթևեկում են մայթով:

Բնականաբար, մեկ անգամ ավտոմեքենայով եկեղեցու բակ մտած և տուգանված վարորդը երկրորդ անգամ նույն սխալը չի անի: Բայց հարցն այն է, որ բացի տուգանքից, խնդիրը լուծելու համար այլ բան չի արվում:

Քաղաքացիների բողոքներից հետո այցելելով եկեղեցու տարածք և ականատես լինելով այդ աբսուրդային տեսարարանին որոշեցինք անդրադառնալ խնդրին:

Ինչպե՞ս պետք է լուծվի Սուրբ Աննա եկեղեցու տարածքում երթևեկության խնդիրը, արդյո՞ք եկեղեցու բակը նախատեսված է երթևեկի համար, ի՞նչ է անում ոստիկանությունը, ի՞նչ դիրքորոշում ունի եկեղեցին: Այս հարցերի շուրջ էին մեր զրույցները ճանապարհային ոստիկանության և եկեղեցու ներկայացուցիչների հետ:

Արդյունքում պարզվում է՝ ամենքն իրենց գործն են անում՝ ոստիկանությունը տուգանում է և պետական բյուջե լցնում, եկեղեցին արարողություն է անում և սեփական բյուջե լցնում՝ թույլատրելով մեքենաների մուտք եկեղեցու առջևի ոչ երթևեկելի հրապարակ: Քաղաքապետարանն էլ իրենն է արել՝ նորմալ մայթ ապահովելով: Քաղաքի կենտրոնում աննորմալ վիճակ է, բայց ոչ ոք, կարծես, անելիք չունի:

Yerevan.today–ի հարցումները շարունակվում են. Դիմել ենք պատկան մարմիններին՝ հասկանալու համար, թե վիճակի մեղավորությունը և պատասխանատվությունն ումն է, ի վերջո: Պատասխաններն ու այլ նյութերը լինելուն պես կներկայացնենք կայքում:

 

Բովանդակություն
aw

1Ինչպե՞ս են վարորդներն իրար հերթ չտալով խախտում կարգը

Yerevan.Today-ի տեսախցիկը նկարել է, թե ինչպես են հարսանիքների շարասյուները խախտում երթևեկության կանոնները, անհարմարություն պատճառում հետիոտնին և մտնում եկեղեցու տարածք:

 

 

 

2Եկեղեցու տեսակետը

Մեր հարցերին պատասխանում է Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը

 

 

 

3Ճանապարհային ոստիկանության գնահատականը

Մեր հարցերին պատասխանում է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը

 

 

 

4Երևանի քաղաքապետարանի գնահատականը

Երևանի քաղաքապետարանին էինք դիմել՝ ակնկալելով պատասխան հետևյալ հարցերի շուրջ.

1. Արդյո՞ք Սուրբ Աննա եկեղեցու բակում թույլատրված է ավտոմեքենաներ կայանել,

2. ինչպե՞ս է կարգավորվում մեքենաների մուտքն ու ելքը տվյալ եկեղեցու բակ որևէ արարողության ժամանակ,

3. եթե տվյալ եկեղեցու բակում մեքենաների կայանելն արգելված է, և վարորդները պարբերաբար կարգը խախտում են և տուգանվում, ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը:

4. Քաղաքապետարանը նախատեսո՞ւմ կանոնակարգել քաղաքի կենտրում գտնվող եկեղեցու բակ ելումուտը՝ տրանսպորտային միջոցով:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից ստացանք հետևյալ պատասխանը. «Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում մեքենաների կայանում թույլատրված չէ: Քանի որ կայանում նախատեսված չէ, բնականաբար, մեքենաների մուտքի և ելքի կարգավորման խնդիր չկա:

Դեպի հիշյալ տարածք մեքենաները մուտք են գործում Աբովյան փողոցի և Սայաթ Նովայի պողոտայի հետիոտնային անցումներին կից կառուցված թեքահարթակների վրայով, որոնք նախատեսված են սայլակներով տեղաշարժվող հաշմանդամների, ինչպես նաև մանկական սայլակների համար և ոչ թե մեքենաների երթևեկության: Թեքահարթակներից անց երթևեկությունը շարունակում են նաև մայթերի վրայով, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ինչն էլ, բնականաբար, առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Քանի որ, ինչպես նշվեց, եկեղեցու բակում տրանսպորտային միջոցների կայանում նախատեսված չէ, ուստի և մեքենաների ելումուտի կանոնակարգման խնդիր չկա»:



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ