«Ուռաճցված կառավարություն» շարքը, որում ներկայացնում ենք պետական գերատեսչությունների կառուցվածքը, ընդհատել էինք արձակուրդների շրջանում: Այժմ վերսկսում ենք կառավարության ամբողջական կառուցվածքի ներկայացումը՝ առաջինն անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարությանը: Մինչ այս, ներկայացրել էինք առողջապահության, արդարադատության, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, սպորտի և երիտասարդության հարցերի, սփյուռքի նախարարությունների կառուցվածքը:

ՀՀ մշակույթի նախարարության կառուցվածքը բավականին մեծ է՝ 7 վարչություն, 6 բաժին, գործակալություններ, գիտահետազոտական կենտրոններ, պատկերասրահներ, թանգարաններ, տուն-թանգարաններ, դպրոցներ, ստեղծագործական կենտրոններ, կինոհիմնարկներ, թատրոններ, գրադարաններ և այլն:

Վերջին տարիներին նախարարությունը համալրվել է: Նրանցից է մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունը, Հուշարձանների վերականգնման կենտրոն ՓԲԸ-ն և այլն: 

 

Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկների մի մասի լիազորությունները համընկնում են: Այսպես, գոյություն ունի Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ, որն իրականացնում է արգելոց-թանգարանների, պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձան­ների և պատմա­մշակութային հողերի պահպանությունը: Գործում է նաև «Ագարակ պատմամշակութային արգելոց»-ը, որի գործառույթը Արագածոտնի մարզի Ագարակի և Ոսկեհատի գյուղական համայնքների վարչական տարածքներում բացահայտված հնավայրի պատմամշակութային բարձրարժեք հուշարձանների ամբողջական պահպանությունն է: Այն կարող է պարզապես ներառվել վերոհիշյալ ՊՈԱԿ-ի կազմում:

Մշակութային արժեքների պահպանության գործակալության հիմնական գործառույթն է ՀՀ մշակութային ժառանգության պահպանու­թյանը նպաստելը, մշակութային արժեքների արտահանում-ներմուծումը կար­գա­վորելը, մշակու­թային արժեքների ապօրինի արտահանում-ներմուծումը և այդ արժեքների նկատ­­մամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխարգելելն ու կանխելը: Առաձին ՊՈԱԿ-ի կարգավիճակում գործում է նաև Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն, որի հիմնական նպատակը և առարկան ՀՀ տարածքից արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրված մշակութային արժեքների մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննության իրականացումն է, մշակութային արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը վերաբերող գրքերի, ձեռնարկների, տեղեկագրերի, ժողովածուների ու այլ գրականության հրատարակումը: Այս հիմնարկների շատ գործառույթներ համընկնում են:

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության և Հուշարձանների վերականգնման կենտրոն ՓԲԸ–ի գործառույթները մեծ մասամբ նույնն են` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանությանը, պահպանվածությանը, օգտագործմանը և հանրահռչակմանը նպաստելը, պատմության և մշակույթի հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման ապահովումը: Տարբերությունը պարզապես այն է, որ նշած երկրորդ հիմնարկը զբաղվում է նաև հուշարձանների վերականգնման համար անհրաժեշտ մասնագետների պատրաստմամբ:

Այս ամենի հետ մեկտեղ, նախարարությունում ստեղծվել է մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն: 

 

Հայաստանում կան պատմամշակութային 25 հազարից ավելի հուշարձաններ, դրանց վերաբերյալ մի շարք վարչություն-բաժիններ և հիմնարկներ, բայց այդ հիմնարկները պահելու փոխարեն կարելի էր վերաննորոգել հուշարձանները: Հայաստանում ամեն տարի վերանորոգվում են այն հուիշարձանները, որոնք այլևս անհնար է չվերանորոգելը: Հասկանում ենք՝ միջոցները սուղ են, բայց հաստիքների բացման համար, պարզվում է, միջոցներ կան:

Վերջին տարիներին բազմիցս է ահազանգ հնչեցվում այս մշակութային հուշարձանի կորստի, վերանորոգման ժամանակ աղավաղման վերաբերյալ: Մի դեպքում դա Հաղարծինի սեղանատունն է, մեկ այլ դեպքերում՝ Հավվուց թառ, Աղջոց, Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, Գառնու քարերի սիմֆոնիան, Դվինի ավերակները, Խորանաշատ վանքը և այլն: Հայկական պատմական հուշարձանները Հայաստանում ավերվում են նույն տեմպով, որքան դրսում: Մեր մշակույթը լիովին չի քարոզվում և չի նպաստում դեպի Հայաստան զբոսաշրջության աճին, չնայած որ ունենք անհրաժեշտ ամենագլխավոր պայմանները՝ հուշարձանները: Զբոսաշրջիկները մեկնում են ընդամենը մեկ տարի առաջ ֆիլմի նկարահանման համար կառուցված ամրոցը տեսնելու, որին հնության շունչ է տրված, իսկ մեզ այդ ամրոցները փլուզվում են՝ նախարարության աչքից հեռու:

Հայաստանում իրար հետևից փակվում են գրադարանները, հսկայական Երևանում ընդամենը մի քանի գրախանութ կա, մշակութային որակյալ կյանքը գնալով մեռնում է…

 

նախագծի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ՝



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ