Էներգետիկան և բնական պաշարներն ամենակարևոր ոլորտներից մեկն է, նախարարությունը՝ մեծ թվակազմով, բավականին քանակությամբ ստորաբաժանումներով: Իրականությունը փաստում է, որ այս նախարարությունն ամբողջական վերափոխման կարիք ունի:

 

Նախարարության կառուցվածքն անհարկի ուռճացված է: Օրինակ՝ կա ընդերքի վարչություն, ընդերքի պետական տեսչություն, ընդերքի տրամադրման գործակալություն, օգտակար հանածոների պաշարների գործակալություն: Հենց վերնագրերից հասկանալի է, որ մեկ վարչության պարտականությունների կատարման համար մի քանի ստորաբաժանում կա: Խառը և խճճող լիազորություններով արդարացվում է յուրաքանչյուրի գործունեությունը՝ ընդերքի վերահսկողություն, տրամադրում, տրամադրման ստուգում, պաշարների ստուգում, ընդերքօգտագործման հաշվետվությունների հաշվառում, հաշվետվությունների պահպանում և այլն:

 

Ուշագրավը, սակայն, աշխատանքի արդյունավետությունն է:

Ընդերքի տրամադրման գործակալության կանոնադրության մեջ գրված է գործակալության ստեղծման նպատակը. «Ընդերքի ռացիոնալ օգտագործմանը նպաստելը», «Ընդերքի ուսումնասիրման և հանքարդյունահանման արդունավետ իրականացմանը նպաստելը»: Հայաստանի տնտեսական աճը գլխավորապես երկու գործոնով է պայմանավորված՝ գյուղատնտեսությամբ (եթե տարին բարեբեր է) և հանքերի անխնա շահագործումով: 2015 թվականին թեև հանքանյութերի, հատկապես՝ պղնձի միջազգային գինն ընկել էր, սակայն Հայաստանն ունեցավ շահույթ, քանի որ ավելի շատ արտահանեց: Անխնա շահագործվում են հանքերը, կարծես փորձ է արվում հաջորդ սերունդներին ոչինչ չթողնել: Այս պահին Հայաստանը վերածվել է հումքի պարզ մատակարարի, անհրաժեշտ չափով և ձևով վերամշակում գրեթե չի իրականացնում, և մեր բավականին մեծ հարստությունից ունենում ենք նվազ օգուտ:

Հայաստանը 2014 թվականին զրկվեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում ունեցած 20 տոկոս բաժնեմասից՝ պարտքի դիմաց հանձնելով «Գազպրոմ» ընկերությանը:

Պատճառն այն է, որ մինչ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները երկար ժամանակ բաակցում էին գազի գնի շուրջ, սահմանին գազը թանկանում էր:

Էներգետիկայի նախարարը ամեն կերպ խուսափում էր այս մասին լրագրողների հարցից, միշտ ասում էր, թե մեզ մոտ ամեն ինչ կարգին է, կառավարության նիստից հետո բոլոր սենյակներում ելումուտ էր անում, մինչև լրագրողներն ազատեն շենքն իրենց ներկայությունից և նոր միայն դուրս էր գալիս շենքից:

Այս ամենն արժեցավ 100 մլն դոլար և պռտական կարևոր բաժնեմասից զրկում:

2015 թվականին վերջնականապես մեռավ «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու հույսը, 1700 աշխպատողներ աշխատանքից ազատվեցին, Համաշխարհային բանկն էլ ուսումնասիրություն իրականացրեց և գործարանի վերագործարկումը համարեց ոչ նպատակահարմար:

2015թ. հունիսին կառավարությունում ստորագրվեց «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը: Այդ ընկերության գույքը «ջրի գնով» վաճառվեց ամերիկյան կողմին: Գումարի մի մասով «Նաիրիտ»-ի աշխատողների աշխատավարձային պարտքը փակվեց, մյուս մասով սուբսիդավորվեց հոսանքը:

2016թ. կառավարությունը պատրաստվում է Համաշխարհային բանկից 30 մլն դոլար վերցնել, քանի որ ՀԷՑ-ի պարտքերի պատճառով մեր էլեկտրաէներգետիկական համակարգը քայքայման շեմին է:

 

 

ՀՀ վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիներին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում եղել է աշխատակազմի փոփոխություն, բացվել են նոր հաստիքներ, ստորաբաժանումներ: Ոլորտի վրա նշված երկու կառավարությունների գործունեությունն ընդհանուր առմամբ վատ հետևանք է թողել, փակվել են հաստատություններ, բայց ոչ թե զարգացումների ու կատարելագործման, այլ՝ սննկացումների պատճառով:

Նաև օտարվել է պետական ամենակարևոր ընկերություններից մեկի գույքը:

Թվարկածը կներկայացնենք ինֆոգրաֆիկայով՝ չնշելով հաստիքները:

 

 

Մենք շատ կարճ ներկայացրինք այս ոլորտում կորուստների ու բացթողումների չնչին մասը: Սրանք անարդյունավետ կառավարման և վատ վերահսկողության արդյունք են:

 

նախագծի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ՝



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ