ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում վարչությունների, բաժինների ու կից ՊՈԱԿ-ների պակաս չի զգացվում:

Կրթության ոլորտին առնչվող յուրաքանչյուր դետալ առանձին, մանրամասն, վարչության մակարդակով ուսումնասիրման ենթակա է:

 

 

Այսպես, «Արտաքին կապերի և սփյուռքի վարչությունը» բաղկացած է «Արտաքին կապերի» և «Սփյուռքի հետ կապերի» բաժիններից: Սրանցից առնվազն երկրորդի պարտականությունները կարող էր կատարել Սփյուռքի նախարարությունը: Այս վարչության արարողակարգի բաժնի գործառույթները համընկնում են «Ակադեմիական փոխճանաչման և շարժունակության ազգային տեղեկատվական կենտրոնի» գործառույթներին:

Ուսուցման ազգային հիմնադրամը «կատարում է աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություններ, դրանց զարգացման կանխատեսման վերաբերյալ վերլուծություններ ու հրապարակումներ, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կազմակերպում և իրականացնում է զբաղվածների, գործազուրկների, աշխատանք փնտրողների դասընթացներ» և այլն: Նույն գործառույթներն իրականացնում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

 

 

Գիտության պետական կոմիտեի նպատակների մի զգալի հատված կարող է իրականացնել ՀՀ ԿԳՆ Գիտական քաղաքականության վարչությունը, որ ունի հատուկ` «Գիտական քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժին»: Նպատակներից « գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքի առևտրայնացմանը և տնտեսության մեջ ներդրմանն աջակցելը» կարող է իրագործել նույն վարչության «Գիտական արդյունքի առևտրայնացման և ինովացիոն ծրագրերի բաժին»-ը:

 

 

Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հիմնադրվել է 1996 թվականին և իրականացրել 2 վարկային ծրագիր, որոնցից «Կրթության որակ և համապատասխանություն»-ը կարող էր և իրականացնել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ»-ը, որ «որակի ապահովման գործընթացներ է իրականացնում» ուսումնական հաստատություններում`«նպատակ ունենալով աջակցել ստեղծելու կրթության որակի ապահովման մշակույթ`Հայաստանի օրենսդրությանը համապատասխան»:

ՄԿՈՒԶԱԿ-ի գործառույթներից է «նպաստել ՀՀ ՄԿՈՒ համակարգի զարգացմանը, միջազգային ինտեգրմանը, շնորհվող որակավորումների և վկայականների միջազգային ճանաչմանը»: Այս գործառույթը կարող է ներառվել Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի գործառույթներում, որը խորհրդատվություն է տրամադրում «օտարերկրյա դիպլոմների, որակավորումների և այլ ակադեմիական կամ մասնագիտական որակավորումների ճանաչման վերաբերյալ»:

Ի դեպ, ՄԿՈՒԶԱԿ-ը մեկ այլ՝ «յուրահատուկ» առաքելություն ունի. «օժանդակել բոլորի համար ողջ կյանքի ընթացքում հաջողության հասնելու հնարավորությունների ընձեռմանը»:

 

 

Փաստորեն, ունենք բավականին ուռճացված կառուցվածք, որը գուցե այդչափ աչքի չզարնվեր, եթե կրթության համակարգում խնդիրները ցցուն չլինեին: Փաստորեն, բազմաթիվ կառույցներով ու աշխատողներով կրթության ոլորտը գտնվում է ամենակոռումպացվածների հնգյակում:

Հայաստանում բարձրագույն կրթություն են ստանում շատ-շատերը, փոխարենը՝ նվազեցվել է միջին մասնագիտական կրթական հաստատությունների դերը: Ով ասես՝ հայտնվում է ԲՈՒՀ-ում, բարձրագույն կրթօջախը բավարարվում է ուսման վճար գանձելով, բայց ուսումն ավարտելուց հետո պարզվում է, որ մասնագետ չի թողարկել:

ԲՈՒՀ ավարտածների մեծ մասը գործազուրկ է, շատ գործատուներ էլ պնդում են, որ նորմալ մասնագետի պակաս ունեն:

Վիճակագրությունը փաստում է, որ ամեն տարի մեր դպրոցներում նոսրանում է աշակերտների թիվը. Պատճառները բազմաթիվ են, և գլխավորապես՝ սոցիալական: Կրթության նախարար Լևոն Մկրտչյանն էլ կրթության ոլորտի աշխատողների ցածր աշխատավարձով է պայմանավորում ոլորտի վատ վիճակը:

Հարց: Ի՞նչի համար պահել հսկա կառույց՝ մեծ աշխատավարձով, ծախսել հսկայական միջոցներ, եթե խնդիրներ կուտակվում են օր-օրի, իսկ լուծումը կրիայի արագությամբ է:

 

նախագծի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ՝



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ