ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ ամենամեծ նախարարություններից մեկն է: Ունի նախարարի տեղակալներ, օգնականներ, խորհրդականներ, տեղակալների օգնականներ, վարորդներ, 10 վարչություն և նույնքան բաժին, առանձնացված ստորաբաժանումներ, նախարարության կառավարման ոլորտում պետական մարմիններ, ԳՆ Ծրագրերի իրականացման գրասենյակ, Հիմնադրամներ, Բաժնետիրական ընկերություններ, ՊՈԱԿ-ներ, առանձին հաստիքներ:

Չնայած այն բանին, որ բավականին վերջերս նախարարի 5 տեղակալներից 3-ն ազատվեցին աշխատանքից, այնուամենայնիվ, դրանով աշխատակազմը չփոքրացավ, ավելին, ազատված փոխնախարարների օգնականները շարունակում են աշխատել:

Գյուղատնտեսությունը մեր երկրում հռչակված է գերակա ուղղություն, բայց, այնուամենայնիվ, մեր և մեր գյուղացիների հույսը ոչ թե նախարարությունն է, այլ՝ Աստծո ողորմածությունը: Եվ հակառակը, չնայած որ մեր գյուղատնտեսությունն Աստծո հույսին է, այնուամենայնիվ, գյուղնախարարությունն ունի բավականին մեծ կառուցվածք:

Այս նախարարության շատ բաժիններ պարզապես կրկնում են միմյանց, ինչպես նախորդիվ նշած նախարարությունների պարագայում:

Օրինակ,

Գոյություն ունի սննդամթերքի անվտանգության վարչություն, բայց գոյություն ունի նաև սննդամթերքի անվտանգության տեսչություն՝ հսկայական աշխատակազմով և տեսչություններով: Եվ սա էլ դեռ քիչ է, նաև գոյություն ունի «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ:

Կա «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ, բայց բացի այս, գյուղնախարարությունում կա անասնաբուժության բաժին և նման բաժին կա սննդամթերքի անվտանգության տեսչությունում:

Բոլոր մարզերն ունեն խորհրդատվական կենտրոններ, որոնք ամեն տարի պետբյուջեից մի քանի հարյուր միլիոն դրամ հատկացում են ստանում: Բայց սրանք բոլորովին չեն նպաստում ոչ առատ բերքին, ոչ էլ մեր գյուղացին է ավելի գրագետ դառնում հողի մշակման իմաստով:

Գոյություն ունի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ: Այս կառույցի աշխատանքի արդյունավետությունը, օրինակ, անհասկանալի է, մանավանդ երբ հիշում ենք, թե ինչպես են ամեն տարի Հայաստան բերվում սերմեր, որոնք հետո պարզվում է՝ անպիտան էին: Մեր աչքի առաջ են ցորենից և կարտոֆիլից խաբված տնտեսությունները:

Հայաստանում հողը եկամտաբեր չէ, շատերը լքում են երկիրը, բացի Արարատյան դաշտավայրից, մյուս բոլոր վայրերում, հատկապես՝ Շիրակի, Գեղարքունիքի մարզերում հողերը մնում են խոպան, իսկ նախարարությունը հաշվետվություններ է լրացնում, իբրև թե մշակովի հողատարածքների ծավալն աճել է, բերքատվությունը՝ նույնպես:

Նախորդ տարվա մթերած խաղողի դիմաց գյուղացին դեռ չի վճարվել, պարբերաբար փողոցներ է փակում, բողոքի ալիքը հասնում է մինչև նախագահի նստավայր, իսկ կառավարությունը ընդամենը օրեր առաջ 103.5 մլն դրամ հատկացրեց գյուղնախարարությանը՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ ստեղծելու նպատակով: Պետք է հիմնադրամը նպաստի խաղողագործության և գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողությունների ամրապնդմանը: Չես հասկանում, թե հաջողությունը որտեղ է՝ մշակվել էր շատ խաղող, որը հնարավոր չեղավ Հայաստանից դուրս իրացնել, ստիպված գնեցին գործարանները ու դեռևս չեն վճարել: 

Իրականությունն այն է, որ հողը կտրված է գյուղացուց, գյուղացին` հողից, այն բարեբեր չէ: Ունենք, սակայն, ոգևորված կառավարություն ու աղոթքի հույսին մնացած նախարար…

 

նախագծի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ՝



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ