Սփյուռքի նախարարությունն ունի 12 վարչություն, որոնցից 7-ն ունեն 2-ական բաժիններ և 4 առանձին բաժին:

Նախարարության կառուցվածքում գոյություն ունի «Առաջին բաժին», որի գործառույթն է

Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի՝ ՀՀ-ում գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ հրահանգի պահանջների կատարումը: Այսինքն, այս բաժնի գործառույթներն անհասկանալի են:

Կա ԱՊՀ հայ համայնքների վարչություն և կա մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչություն: Կա նաև համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչություն: Բոլոր համայնքների հետ կապերի վարչություններ կան, և նրանք, վստահորեն, կարող են նաև թվարկած վերջին վարչության գործառույթն իրականացնել:

 

Վարչությունների մի մասն ունի երկուական բաժիններ, որոնք կրկնում են վարչության անունը. օրինակ՝ «Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը»՝ «տեղեկատվական-վերլուծական» բաժին և հեռահաղորդակցության կազմակերպման բաժին: «Եվրոպայի հայ համայքների վարչությունն» ունի Արևելյան Եվրոպայի հայ համայնքների համար առանձին, Արևմտյանի համար՝ առանձին բաժիններ, նույնն է նաև Ամերիկայի հայ համայնքներինը՝ Հյուսիսային Ամերիկա, Հարավային ամերիկա:

«Հայրենդադրձության և հետազոտությունների վարչությունն» ունի երկու բաժին՝ հայրենադարձության բաժին, հետազոտություների բաժին: Ընդ որում, և վարչություններն ունեն պետ, և յուրաքանչյուր բաժինը: Հարց է առաջանում, արդյո՞ք հնարավոր չէր ունենալ միայն բաժին, այլ ոչ թե վարչություն, որը պատասխանատու է բաժնի համար: Հայրենադարձության վարչության գոյությունն անհասկանալի է ի սկզբանե, քանի որ ներգաղթ չնչին տեմպերով է, և կան մարմիններ, որոնք կարգավորում են Հայաստան եկողների հետ հարաբերությունները: Եթե կբերվի սիրիահայերի օրինակը, ապա նշենք, որ նրանց մեծ մասը Հայաստանում մնաց շատ կարճ ժամանակ, քանի որ Հայաստան գալուց հետո իրենց խնդիրները բազմապատկեցին: Հուսով ենք, Հայրենադարձության վարչության «մեղքը» նվազագույն էր այդ հարցում:

Ի վերջո, Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է 2008թ. սեպտեմբերին, երբ դեռ ներգաղթ կար: Հավանաբար, կառավարությունը հույս ուներ, որ նախարարությունն իր վարչություններով կնպաստի դրա առավել թափին: Բայց չնայած հայրենադարձության վարչությանը, Հայաստանին կապող ծրագրերին, տուն հրավերներին, Սփյուռքի հետ անդուլ աշխատանքին, նախարարության գործունեության 8 տարիների ընթացքում Հայաստանից մոտ 300 հազար մարդ գնացել-չի եկել:

«Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է կառավարության` 2010թ. հունիսի 3-ի որոշմամբ: Կազմակերպության նպատակն է համահայկական լրատվական ռեսուրսների ստեղծումը և շահագործումը, մասնագետների վերապատրաստումը, հայապահպանությանը նվիրված ծրագրերի իրականացում և այլն: Ըստ էության, այս ՊՈԱԿ-ը, տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունն ու մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը կատարում են նույն աշխատանքը:

 

նախագծի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ՝



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ