Արդարադատության նախարարության կառուցվածքը բավականին մեծ է: Նախարարության կառուցվածքում կա 9 վարչություն, 8 առանձնացված տորաբաժանում, 8 իրավաբանական անձ և այլն:

 

Կառուցվածքն ու կանոնադրություններն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նույն աշխատանքը կամ գրեթե նույն աշխատանքը կատարող մեկից ավելի ստորաբաժանումներ կան:

Օրինակ, նախարարությունն ունի բաժին, որ զբաղվում է միայն պատգամավորներին պարզաբանումների տրամադրմամբ, ունի նաև բաժին, որն զբաղվում է մյուսներին պարզաբանումների տրամադրմամբ: Սա՝ այն դեպքում, երբ մեր 131 պատգամավորներից մտավոր ընդունակություններից ու աշխատանքի արդյունավետությունից ելնելով, ենթադրելի է, որ նրանցից պարզաբանումներ կարող են պահանջել լավագույն դեպքում՝ 22-ը:

Ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն, որն ամբողջությամբ եվրադատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի աշխատանքի ապահովման համար է աշխատում, բայց նաև 2015թ. դատական դեպարտամենտի կազմում ստեղծվել է ՄԻԵԴ վճիռների վերլուծության բաժինը, որը պետք է աջակցություն ցուցաբերի ՀՀ վճռաբեկ դատարանին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների մեկնաբանության հարցում: Այս տարի, երբ հայտրարվեց, որ եվրադատարան դիմումատուները շատացել են, արդարադատության նախարարությունն ընդամենը հույս տվեց, որ ամբողջ աշխարհում է այդպես:

Նախարարությունն ունի միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժին, բայց 2010թ. առանձին ստեղծում է նաև իրավական ակտերի փորձաքննության գործակալություն: Արդյո՞ք փորձաքննության համալիր կենտրոնը բոլոր աշխատանքները չէր կարող իրականացնել:

Նախարարությունն ունի մամուլի քարտուղար, բայց նաև ունի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որը, ինչպես և առաջինը, պահպանում են ԶԼՄ-ների հետ կապը:

Նախարարության գործառույթներ մեջ մտնում է որևէ գործողության կատարում, սակայն այդ գործառույթի իրականացման համար ստեղծում են առանձնացված ստորաբաժանումներ:

Մասնագետ չենք, չենք կարող ասել՝ այս բաժինները որքանով են կարևոր, գուցե առանց դրանց ապրեինք նախնադարյան կարգերո՞ւմ: Գուցե: Սակայն բանն այն է, որ այս բաժինների գոյությամբ, գնալով դրանց ուռճացմամբ, նոր բաժինների, գործակալությունների ավելացմամբ մեր կյանքում դրականորեն ոչինչ չի փոխվում: Գուցե միակ փոփոխությունը մեզ համար այն է, որ մեր նոր նախարարը շատ սիրուն է:

Իրար հաջորդած արդարադատության նախարարներն էլ փաստում են, որ համակարգին չի վստահում բնակչության 90 տոկոսը:

Ընդ որում, սա համարվում է ամենակոռումպացված ոլորտներից մեկը, չնայած որ արդարադատության նախարարը հակոկոռուպցիոն հանձնաժողովում է:

ՀՀ վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիներին ՀՀ արդարադատության նախարարությունում եղել է աշխատակազմի փոփոխություն, բացվել են նոր հաստիքներ, առանձնացված ստորաբաժանումներ, իրավաբանական անձինք, դատարան:

Չկենտրոնանալով առանձին հաստիքների վրա, ինֆոգրաֆիկայով ներկայացնում ենք միայն բացված ստորաբաժանումները:

Հաջորդը՝ Սփյուռքի նախարարություն

 

նախագծի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ՝



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ