Առողջապահության նախարարության կառուցվածքը մեծ է. բաղկացած է 5 վարչությունից, 19 բաժնից, գործակալությունից, 4 առանձնացված ստորաբաժանումից՝ մեծ աշխատակազմով և 9 ենթակա կառույցներից՝ առանձին բաժիններով նույնպես մեծ աշխատակազմերով:

Նախարարության կառուցվածքն ու գործառույթներն ուսումնասիրելիս ակնհայտ դարձավ, որ նրանում կան բաժիններ, որոնք կրկնում են միմյանց: Օրինակ՝ «Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության» և «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» գործառույթների մեծ մասը համընկնում է, այն է՝ ՀՀ-ում անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված ազգային դեղաքաղաքականության իրագործումը:

«Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների» վարչության գործառույթների մեջ մտնում է նաև մարդասիրական օգնության կարգով նախարարության անունով ստացվող դեղերի, բժշկական նշանակության ապրանքների և բժշկական սարքավորումների պատվիրման, ստացման և բաշխման գործառույթը, ինչպես նաև դրանց մասնագիտական ուսումնասիրության ենթարկելը: Գրեթե նույն ֆունկցիան է իրականացնում նաև ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

ՀՀ ԱՆ աշխատակազմի «Առողջապահական պետական տեսչության» և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գործառույթները մեծ մասամբ համընկնում են: Տեսչության նպատակներն ու խնդիրներն են՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ՀՀ տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ու կանխարգելիչ միջոցառումների իրականացումը» և այլն: Ազգային կենտրոնի գործունեության առարկան և նպատակներն են՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների, թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների անցկացումը, բնակչության զանգվածային անընկալության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը…» և այլն:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և ՀՀ ԱՆ  «Ա. Ալեքսանյանի անվ. Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ» ՊՈԱԿ-ի գործառույթները նույնպես համընկնում են:

Կյանքն առաջ է ընթանում և բնականաբար՝ առաջ են գալիս նոր ստորաբաժանումների, հաստիքների, հազար ու մի մասնաճյուղերի կարիքներ: Այս առումով արդարացված է գուցե նոր բաժինների բացումն ու ֆինանսավորման մեծացումը: Բանն այն է, որ բնակչության դժգոհությունները չեն փարատվում, Հայաստանում շարունակում են այս առումներով խնդիրները:

Ամեն ամիս առողջապահության նախարարությունը դեղերի մոնիթորինգ է անում, բայց մշտապես խոսվում է այն մասին, որ գների անհարկի բարձրացումներ են, Հայաստան են գալիս անորակ դեղեր Հնդկաստանից, Չինաստանից ու այլ երկրներից, որ ՀՀ քաղաքացիները դեղ են բերում Վրաստանից՝ տրցակներով: Այսինքն, ինչու մենք ունենք վարչություն-բաժին ու ստորաբաժանում, բայց քաղաքացիները սկսել են չօգտվել մեր դեղատներից:

Քաղաքացիները մշտապես դժգոհում են, որ իրենք ուղեգրվում են պետպատվերով բուժման, սակայն պարզվում է, որ տարվա կեսից պետպատվերը վերջացել է: Պետական առողջապահական գործակալության պետը հայտարարում է, որ դա սխալ է, չի կարող նման բան լինել, քանի որ ֆինանսավորումը բաժանված է ըստ ամիսների, ուրեմն, ասում է, կա կոռուպցիա: Նույն օրը նրան ձերբակալում են պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով:

Ինչևէ, առողջապահության ոլորտի խնդիրները բազմաթիվ են, ուռճացումը՝ ակնհայտ, և կառավարությունը, վստահաբար, մեզանից լավ կարող է իմանալ, թե այս նախարարության օպտիմալացումն ու անարդյունավետ ծախսերի կրճատումը և կամ՝ իր նպատակին ծառայեցնելն ու հանրության դժգոհությունների աղբյուրները վերացնելը որտեղից սկսել:

Հաջորդը՝ Արդարադատության նախարարություն։

 

նախագծի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ՝



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ