11  07  2016

Սոցապնախարարը ցանկանում է նպաստների համակարգը կատարելագործել

Սոցապնախարարը ցանկանում է նպաստների համակարգը կատարելագործել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հուլիսի 6-ին քննարկվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների հասցեականության բարձրացման խնդիրները: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական բաժինը:

Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով քննարկման թեման, նշել է, որ այն սոցիալական պաշտպանության ոլորտի կարևորագույն ծրագրերից մեկն է: «1999թ. ներդրված համակարգը պետք է ավելի կատարելագործվի, պետք է բարձրացվի համակարգի հասցեականությունն ու արդյունավետությունը  և համապատասխանեցվի ներկայիս սոցիալ-տնտեսական  իրողություններին»,- նշել է նախարարը և հավելել, որ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում ստեղծվել է օղակ, որն այսուհետ զբաղվելու է  տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտությունների վերլուծությամբ և ուսումնասիրությամբ:

Նախարարը նաև անդրադարձել է վերջին տարիներին նպաստների համակարգում կատարված բանաձևերի, գործակիցների փոփոխություններին և վստահություն հայտնել, որ այդ խնդիրները համալիր լուծման արդյունքում ցանկալի արդյունք կտան:

Հանդիպման ընթացքում Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացրած «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի գնահատման զեկույցը, որի նպատակը պետական բյուջետային ծրագրերի իրազեկվածության  մակարդակի բարձրացումն է և համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես, ներկայացվել է Հայաստանում աղքատության և առողջապահական պատկերը, նպաստառուների կենցաղային պայմանները, եկամուտներն ու ծախսերը, ներկայացվել են նաև առաջարկություններ:

Նախարար Արտեմ Ասատրյանը գնահատելով   կատարված հետազոտությունը, նշել է, որ բարձրացված խնդիրների հիմնական մասին նախարարությունը թեև ծանոթ է, սակայն անկախ գնահատումը ևս օգտակար կլինի համակարգի  հետագա փոփոխությունների համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են սոցիալական աջակցության ծրագրերի տրամադրման գործընթացի ներդաշնակեցման հարցերը, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ընտանիքների անապահովության վիճակագրական գնահատման բաժնի կողմից կատարված աշխատանքները:

Քննարկվել են «բացակա» և «հարգելի բացակա» անդամ ունեցող ընտանիքների ուսումնասիրությունների արդյունքները և ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ամփոփելով քննարկումը՝ նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն  է հայտնել գործընկերներին մասնակցության և կատարված աշխատանքների համար  և  հանձնարարել  տասնօրյա ժամկետում բարձրացված հարցերը և հնչած առաջարկությունները ի մի բերել և նախանշել առաջիկա անելիքները:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիուտի, «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներ:

Նշենք, որ Yerevan.Today-ը թեմային անդրադարձել է հատուկ նախագծով, որը կարող եք դիտել այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ