Yerevan.Today-ը սկսում է հատուկ նախագիծ, որը կոչել ենք «Նպաստների համակարգը՝ ինչպես որ կա»:

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը և «Օքսֆամ Հայաստանյան գրասենյակը» Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացրել են «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» բյուջետային ծրագրի անկախ գնահատում: Գնահատման նպատակն է բարձրացնել ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը, ընդլայնել քննարկումները և երկխոսությունը, աջակցել քաղաքականություն մշակողներին` ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում:

«Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» բյուջետային ծրագիրն աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքներին ուղղված սոցիալական կարևոր ծրագիր է, սակայն պարզվում է, որ այն ամբողջությամբ ճիշտ բաշխվածություն չի ունենում: 1999 թվականից դրված այս համակարգը պետք է հասցեական օգնություն տրամադրեր առավել անապահովներին և աստիճանաբար՝ աղքատության նվազեցմանը զուգընթաց, պակասեր նպաստին հատկացվող գումարը: Սակայն պարզվում է, որ արդյունավետությունը ցածր է:

Մասնավորապես, նպաստների համակարգից դուրս են մնացել ծայրահեղ աղքատների 56 տոկոսը, աղքատ չեն նպաստառուների 43.8 տոկոսը: Շատ են դեպքերը, երբ նպաստի ծրագրում ընդգրկվելու համար ոչ ֆորմալ վճարումներ են անում ընտանիքները:

Այդուամենայնիվ, ծրագրի արդյունքում երկրում ծայրահեղ աղքատությունը կրճատվել է շուրջ 50 տոկոսով:

Ծրագրի 2016թ. բյուջեն կկազմի սոցիալական պաշտպանության բյուջեի 9.5 տոկոսը՝ 38.4 մլրդ դրամ: Միջոցները 5 անգամ գերազանցում են երկրում ծայրահեղ աղքատության վերացման համար անհրաժեշտ բյուջեն: Ծայրահեղ աղքատության վերացման համար անհրաժեշտ է 7.4 մլրդ դրամ:

Սույն հատուկ նախագծի նպատակն է տնային տնտեսություններ այցելությունների, հարցազրույցների, ինֆոգրաֆիկաների, մասնագիտական տեղեկատվությունների միջոցով ներկայացնել «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» բյուջետային ծրագրի անկախ գնահատման արդյունքները, հասկանալ նպաստների համակարգն ամբողջությամբ և ներկայացնել արդյունավետության բարձրացմանն ուղղվող քայլերը:

«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն, «Օքսֆամ» ընկերության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացրել է «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագրի ուսումնասիրություն:

Ուսումնասիրության արդյունքում մի շարք թերություններ են հայտնաբերվել Պոլիկլինիկաներում, ընտանեկան բժշկի ինստիտուտում, անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունքից օգտվելու հարցում:

Պարզվում է, որ դեղեր ստանում են քչերը, պոլիկլինիկաներ դիմելիությունը ցածր է, ընտանեկան բժկին լիարժեքորեն չեն վստահում և այլն: Ներկայացվում է նաև համակարգը բարեփոխելու առաջարկներ:

Yerevan.Today-ը սկսում է հատուկ նախագիծ, որում հարցազրույցների, պոլիկլինիկաներ այցերի, բնակչության շրջանում հարցման, ինֆոգրաֆիկաների, հոլովակի միջոցով կներկայացնենք ոլորտում իրավիճակը, խնդիրներն ու լուծման ուղիները:



  0   0


Orphus համակարգ