«Բարձր գրականություն» նախագծի այս ամառվա վերջին հաղորդումը նվիրված է ամերիկացի հռչակավոր գրող Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» հանրահայտ վեպին: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հյուրն է թարգմանիչ, բանասեր և դասախոս Լուսինե Հայրապետյանը:

 

Ջոն Ստայնբեք

 

Ծնվել է Կալիֆորնիայի Սալինաս քաղաքում 1902 թվականին: Պատանեկան տարիներից ամառային աշխատaնքի էր մտնում քաղաքի հարակից ագարականերում: Երկար թափառելով` բացահայտում էր շրջական անտառների գաղտնիքները, շփվում ամենատարբեր խավի մարդկանց հետ: Ուսումը կիսատ է թողնում Սթենֆորդի համալսարանում, մեկնում Նյու յորք, փորձում աշխատանք գտնել և միաժամանակ նվիրվել գրականությանը: Նրա գրական առաջին փորձերը չեն կարողանում գրավել քննադատների ուշադրությունը: Այդ պատճառով երիտասարդ գրողը վերադառնում է Կալիֆորնիա: Գրական առաջին հաջողությունն ու ճանաչումը գալիս է 1935 թվականին, երբ լույս է տեսնում նրա «Թորթիլա Ֆլեթ» վեպը, մի քանի տարի անց վեպի հիման վրա նկարահանվում է համանուն ֆիլմը: Ստայնբեքի այլ հայտնի գործերից են «Մկների ու մարդկանց մասին», «Թիթեղյա տուփերի փողոցը» վեպերը: Իր ստեղծագործության համար գրողն արժանացել է Գրքի ազգային մրցանակի, Պուլիցերյան և Նոբելյան մրցանակաների: Վաճանվել է 1968 թվականին:

 

«Ցասման ողկույզները»

 

Օկլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ ու դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործները, չկարողանալով կատարել իրենց վարկային պարտավորությունները, դառնում են գործազուրկ ու հայտնվում գաղթի ճանապարհին: Նրանց աշխատանքի են կանչում Կալիֆորնիայի արգավանդ հողերի տերերը: Ջոուդների ընտանիքը, գալիք ծանր օրերի գիտակցումից համախմբված, փորձում է պահպանել իր գոյությունը` «երազանքի» արևմուտքում համտեսելով ցասման դառը ողկույզները:

1938-ին լրագրողական հոդվածների հիման վրա Ջոն Ստայնբեքը գրեց այս` վաղուց դասագիրք դարձած վեպը ԱՄՆ-ի Մեծ ճգնաժամի տարիների մասին, երբ ընչազուրկ հողագործներն ու ագարակատերերը բախվում էին աշխատանքային շահագործմանն ու կեցության անտանելի պայմանններին: Հասարակական մեծ ու հակասական արձագանք գտած վեպը, որն արգելվել ու անգամ այրվել է, արժանացել է Պուլիցերյան մրցանակի, և համարվում է, որ Նոբելյան մրցանակ Ստայնբեքն ստացել է հենց «Ցասման ողկույզների» շնորհիվ:

Ստայնբեքի ժամանակներից ի վեր Ամերիկան շատ երկար ճանապարհ է անցել, սակայն այսօր ևս նրան անհրաժեշտ է մի այսպիսի կատաղի և անկեղծ ձայն: Նա քողազերծեց Ամերիկյան երազանքը` քարը քարին չթողնելով, միաժամանակ հաստատելով, որ մարդիկ միշտ ավելի ուժեղ են, քան նրանց պատուհասած դժբախտությունները: Ստայնբեքը ոչ թե ցանկանում էր, որ կորցնենք մեր հույսը, այլ որ զայրույթով լցվենք բոլոր նրանց հանդեպ, ովքեր խլում են այն մեզնից:

                                                                                         The Cuardian

Հզոր, հզոր գիրք է:

                                                                                    Ուիլյամ Քենեդի

Երկար վեպ է, ամենաերկարը, որ Ստայնբեքը երբևէ գրել է, սակայն միևնույն է, վեպն այնպես է ընթերցվում, ասես մի ակնթարթ լինի, հենց նոր տպագրամեքենայի բերանից հանած ու հանրության առջև պարզած մի վերջնագիր: Երբ փորձում ես մտածել այս վեպի մասին, հասկանում ես, թե որքան խոր ու ծավալուն է այն, երբ փորձում ես զգալ, գիտակցում ես` ինչ կարճ է այն ու վառ:

                                                                                Փիթր Մանրո Ջեք

Երբեմն «Ցասման ողկույզները» ընթերցվում է որպես նախաբանը մի երևույթի, որը հետագայում կվերածվի տնտեսական գլոբալիզացիայի:     

                                                                                   Մայքլ Գրինբերգ

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ