«Բարձր գրականություն» շարքը շարունակվում է ավստրիացի հռչակավոր գրող և փիլիսոփա Ռոբերտ Մուզիլի «Ճշմարտություն և հոգի» գրքով, որի մասին Արքմենիկ Նիկողոսյանը զրուցում է բանաստեղծ, գրականագետ և դիվանագետ, ինչպես նաև` Մուզիլի հայերն միակ թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանի հետ: 

 

Ռոբերտ ՄՈւԶԻԼ

 

Ռոբերտ Մուզիլը ծնվել է 1880թ.-ին Ավստրիայի Քլագենֆուրտ քաղաքում: Հայրը` Ալֆրեդ Մյուզիլը, սերում էր տոհմիկ ավստրիական ընտանիքից , իսկ մոր նախնիները Բոհեմիայի գերմանացիներ էին: 1897թ-ին Մուզիլը ուսանում է Վիեննայի Տեխնիկական զինվորական ակադեմիայում: Ընդհատում է սպայական կրթությունը, մեքենաշինություն է ուսանում Բրյուննի Տեխնիկական բարձրագույն դպրոցում: 1902-1903թթ. սովորում է Շտուտգարտի Բարձրագույն տեխնիկական դպրոցում:

1903-1908թթ. Բեռլինի համալսարանում ուսանում է փիլիսոփայություն, տրամաբանություն և փորձարարական հոգեբանություն:

1906թ.-ին Մուզիլը լույս է ընծայում իր առաջին վեպը` «Դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը» վերնագրով: Երկու տարի անց պաշտպանում է գիտական թեզ միանգամից երեք մասնագիտությունների գծով`փիլիսոփայություն, ֆիզիկա, մաթեմատիկա:

1914-1918թթ. Առաջին համաշխարհային պատերազմը սկսում է որպես ավստրիական բանակի կրտսեր սպա և ավարտում կապիտանի աստիճանով:

1921թ.-ից մինչև 1938թ.-ը հիմնականում հաստատվում է Վիեննայում:

1929 թվականին «Երազողները» դրամայի համար արժանանում է Գերհարտ Հաուպտմանի անվան մրցանակին:

1931թ-ին լույս է տեսնում «Մարդն առանց հատկությունների» վեպի առաջին հատորը և մեծ հաջողություն է ունենում, բայց գրողի նյութական վիճակը մնում է շատ ծանր: Հետագա երկու տարիներին ապրում է Բեռլինում և շարունակում աշխատել «Մարդն առանց հատկությունների» վեպի վրա: Երրորդ Ռայխի հիմնադրումից հետո գրողը թողնում է Գերմանիան և վերադառնում Վիեննա:

1938 թվականին տեղափոխվում է Ցյուրիխ: Նրա գրքերի վրա արգելք է դրվում Գերմանիայում և Ավստրիայում:

1942 թվականին Ժնևում Ռոբերտ Մուզիլը վախճանվում է:

1943 թվականին կինը` Մարթա Մուզիլը ինքնահրատով լույս է ընծայում «Մարդն առանց հատկությունների» վեպի վերջին մասի անավարտ հատվածները:

Ճշմարտություն և հոգի

 

Ավստրիացի մեծանուն գրող Ռոբերտ Մուզիլի (1880-1942 թթ.) ստեղծագործությունը բացառիկ տեղ է գրավում 20-րդ դարի գեղարվեստական մտքի և ընդհանրապես մտքի պատմության մեջ: Մուզիլի գրական վաստակի հանդեպ ամբողջ աշխարհում հարաճուն հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն նրա ստեղծագործական անկրկնելիության երևույթով, այլև` որ գրողի արծարծած համամարդկային հնչեղություն ունեցող, հավերժության ծիրին բաղհյուսված գաղափարներն ու մտահոգությունները առավելագույնս նպատակաուղղված են վերլուծելու, ի ցույց դ