«Բարձր գրականություն» շարքի հերթական հաղորդման հյուրը, դերասան, գրող Գարիկ Հովհաննիսյանն է, իսկ Արքմենիկ Նիկողոսյանի և նրա զրույցի թեման՝ բրազիլացի գրող Ալբերտո Մուսսայի «Ձախ կողմի վարպետը» վեպը: Գիրք, որն ամբողջապես փոխում է բրազիլական ժամանակակից արձակի մասին Պաուլո Կուելյոյի ազդեցությամբ ձևավորված մեր պատկերացումները:

 

Ալբերտո ՄՈւՍՍԱ

 

Ծնվել է 1961 թվականին Ռիո դե Ժանեյրոյում: Լեզվաբանությանն ու գրականությանը նվիրվելուց առաջ ուսանել է մաթեմատիկա: Բրազիլիայում Աֆրիկյան լեզուների թեմայով թեզի պաշտպանությամբ մագիստրոսի կոչում ստանալուց հետո Ալբերտո Մուսսան աշխատել է որպես ուսուցիչ, հեղինակել է բառարան, որից հետո միայն 1977 թվականին հրատարակել է իր առաջին վեպը՝ «Էլեգբարա»-ն, որին հաջորդել է «Ջինգա թագուհու գահը» (1999) վեպը, որն արժանացել է Բրազիլիայի ազգային գրադարանի մրցանակին:

2010 թվականին լույս տեսած «Ձախ կողմի վարպետը» վեպը նույնպես արժանացել է Ազգային գրադարանի մրցանակի՝ որպես լավագույն գեղարվեստական գիրք, բացի այդ, ստացել է Բրազիլական գրական ակադեմիայի մրցանակը: Ռիո դե Ժանեյրոյի «O Globo» թերթի ընթերցողները վեպը ճանաչել են որպես 2010-ի հրատարակված լավագույն բրազիլական գիրքը:

«Ձախ կողմի վարպետը»

 

Ռիո դե Ժանեյրո, 1913 թվական: Բրազիլիայի նախագահի քարտուղարը սպանվել է «Հնարքների տան» ննջասենյակներից մեկում: Այս հին տունը, որ ինչ-որ ժամանակ պատկանել է մարկիզ Սանթոսին, հետագայում վերածվել է գաղտնի սիրեկանների բնի՝ գործելով բժշկական հաստատության դիմակի ներքո և ղեկավարվելով կանացի սեքսուալ ֆանտազիաների ուսումնասիրությամբ տարված գիտնականների կողմից:



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ