«Բարձր գրականություն» շարքում Արքմենիկ Նիկողոսյանի հյուրը հայ մեծ արձակագիր ու բանաստեղծ Գուրգեն Մահարու որդին է՝ Գրիգոր Աճեմյանը: Իսկ զրույցի թեման գրողի «Այրվող այգեստաններ» վեպն է: Ստեղծագործություն, որն ըստ գրականագետ Մարկ Նշանյանի՝ արևելահայերենով երբևէ գրված ամենատաղանդավոր վեպն է:

 

 

Գուրգեն ՄԱՀԱՐԻ

 

Գուրգեն Մահարին ծնվել է 1903 թվականի օգոստոսի 14-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Գ. Մահարին դեռ 8 տարեկան էր, երբ նրա քեռին իբր թե պատահական արձակված կրակոցից սպանում է հորը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» վարժարաններում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց ցեղասպանությունը ապրել է սովորական կյանքով։ 1915 թվականի կոտորածների ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան։ Երբ թուրքական զորքերը 1915 թ. ապրիլի 7-ին հարձակվել են Վանի հայության վրա, սկսվել է Վանի հայության մեկամսյա հերոսական ինքնապաշտպանությունը։ Շնորհիվ լավ կազմակերպված ինքնապաշտպանության` վանեցիները փրկվեցին կոտորածից։ Սակայն երկու ամիս անց՝ 1915 թվականի հուլիսին, ռուսական զորքը նահանջում է, և նրանց հետ նահանջում են նաև Վասպուրականի թվով շուրջ 200 հազար հայությունը։ Ճանապարհին պատանի Գուրգենը կորցնում է իր հարազատներին և այլ փախստականների հետ փախչում է Արևելյան Հայաստան։ Այստեղ Գ. Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում և սովորում Երևանի պետական համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետում[3]։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորն ու մյուս հարազատներին։ Հետագայում նա այս ամենի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում։

Որբանոցներից մեկում նա ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ։ Սկսվել է նրա ստեղծագործական կյանքը։ 1918 թվականից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «Վան-Տոսպ» և այլ թերթերում։ Գ. Մահարին որբանոցային կյանքի թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։

Նրա գրական գործունեությունն ընդհատվում է 1936 թվականի oգոստոսին, երբ անհիմն մեղադրանքով ստալինյան ռեպրեսիայի արդյունքում նա դատապարտվել է 11 տարվա բանտարկության և հայտնվել հեռավոր Սիբիրի կալանավայրերում։ Առաջին բանտային աքսորից Գ. Մահարին վերադարձել է 1947 թվականին, երբ արդեն մահացել էր նրա սիրելի մայրը, իսկ կինը հրաժարվել էր նրանից։ Իր իսկ խոսքերով ասած՝ նա հայտնվել էր հարազատ Երևանում, որն արդեն օտար էր իրեն։ Բանտային աքսորից վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ 1949 թվականին, Գ. Մահարին, որպես անբարեհույս տարր, կրկին աքսորվել է Սիբիր, բայց այս անգամ որպես ազատ աքսորյալ, ոչ որպես կալանավոր։ Ի տարբերություն նախորդ բանտային աքսորի` այս անգամ նրան թույլատրվել է կարդալ և գրել։

Երկրորդ աքսորի ժամանակ նա աշխատել է որպես խոզապահ։ Միաժամանակ գրել է իր «Երիտասարդության սեմին» վիպակը։ Այս աքսորի ժամանակ էլ նա ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ լիտվուհի Անտոնինա Պովիլայտիտեյի հետ։ Աքսորավայրում 1952 թ. նրանք ամուսնացել են, ունեցել երկու զավակ՝ աղջիկ և տղա։

1954 թվականին Գ. Մահարին կնոջ և ուրիշ հայ գրողների հետ (Վահրամ Ալազան, Վաղարշակ Նորենց) արդարացվել է և վերադարձել Երևան: Երևան վերադառնալուց հետո մահանում է նրանց դուստրը։

1954-1969 թթ. Գ. Մահարին ապրել և ստեղծագործել է Երևանում։ Այդ տարիներին նա գրել է իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը (հրատարակվել է 1986 թ. Բեյրութում, այնուհետև՝ 1988 թ. Երևանում) և «Այրվող այգեստաններ» վեպը (1966 թ.)։ 1959 թվականին լույս է տեսնում Գ. Մահարու «Հնձաններ» բանաստեղծությունների, 1962 թ.՝ «Լռության ձայնը» պատմվածքների ժողովածուները։ Գ. Մահարին գրել է նաև «Մարդը՝ մարդուն...», Կոմիտասին նվիրված «Երգ մահու և անմահության» թատերգությունները, «Չարենց նամե» (1968 թ.), «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» (1971 թ.), «Վիլյամ Սարոյանի հետ» (1960), «Արծիվ Նաիրի» (1960), «Վարդան Աճեմյանի հետ» (1966), «Ակսելյան քանդակներ» դիմանկարանյին-հուշագրական գրքերը։ Հոգեկան ծանր ապրումներն ու աքսորավայրերում քայքայած առողջությունը տեսնում են իրենց գործը: Մահարին ծանր հիվանդանում է: Բուժման համար նրան փոխադրում են Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաք, որտեղ էլ Գ. Մահարին կնքում է իր մահկանացուն 1969 թվականի հունիսի 17-ին 66 տարեկան հասակում։

  
Այրվող այգեստաններ

 

«…ճանաչել այդ սխալները չկրկնելու համար, նորից եմ կրկնում, չկրկնելու համար, չկրկնելու համար… »

«Իսկ Վա՞նը, ու՞ր է Վանը, ինչու՞ չկա Վանը»

                                                                                            Գ. Մահարի

 

Հայ ժողովրդի տարբեր սերունդներ հաճախ ճանաչել են ու ընդունել հայոց պատմությունը ոչ թե պատմիչների ու պատմաբանների աշխատությունների և պատմության դասագրքերի համաձայն, այլ ըստ պատմությանն ուղղված գրողի հայացքի: Րաֆֆու, Մուրացանի ու Դերենիկ Դեմիրճյանի պատմավեպերը եղել են ու նաև մնում են մեր պատմական անցյալը ճանաչելու կարևոր հիմքերը: Իսկ Մահարին իր «Այրվող այգեստաններ» վեպը գծել էր պատմության (թեպետ ոչ հեռավոր) հետքերով, բայց երբեք այն պատմավեպ դարձնելու հավակնություն չէր ունեցել: Մահարին ապրել էր այդ պատմական իրականության մեջ, որն իր կոնկրետ հետևանքներն էր թողել նրա կյանքում. նա ստիպված էր եղել թողնել իր քաղաքը, անցնել գաղթի ճանապարհով, զրկվել էր ընտանիքից, իր պատանեկության ու երիտասարդության առաջին տարիներն անցկացրել էր որբանոցում: Եվ ուրեմն Մահարին պատմական իրականությանն ուղղված սեփական հայացքն ուներ և իր ընկալումների համաձայն հարց էր տալիս՝ ինչո՞ւ ընկավ Վանը: Մի՞թե գրողն իրավունք չուներ նման հարց առաջադրելու, անկախ նրանից, թե տրված պատասխանները որքան արդարացի ու ճշմարիտ կհամարվեին: Այսօրվա տրամաբանությունը հաստատապես դրական պատասխան է հուշում, բայց գրողի ժամանակում վեպի ստեղծմանը հետևեց սարսափելի հակազդեցություն (Գրողների միության հայտարարությունից մինչև ամբոխային հարձակումները Մահարու տան վրա):

 

                                                                                          Լիլիթ Երանյան



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ