Շուրջ երկամսյա ընդմիջումից հետո Yerevan.Today-ը շարունակում է իր «Առավոտյան սուրճ» ծրագիրը: Իզաբելլա Հովհաննիսյանի ու Անուշ Թորոսյանի հյուրը տաղանդավոր ջութակահար Նիկոլայ Մադոյանն է: Վիրտուոզ երաժիշտ, ով կարող է իր տեղն ունենալ Գինեսի ռեկորդների համաշխարհային գրքում: Բնականաբար, զրույցի հիմնական առանցքը երաժշտարվեստն է… բայց ոչ միայն: 

Ներկայացնում ենք Նիկոլայ Մադոյանի հետ հարցազրույցի տեքստը՝ որոշ կրճատումներով: Ամբողջական հարցազրույցը դիտեք տեսագրված տարբերակով.

Իզաբելլա Հովհաննիսյան Ձեր մանկության մի հատվածն անցել է Երևանում: Ինչպիսի՞ն էր այդ օրերի Երևանը: Ինչպիսի՞ն էր Նիկոլայ Մադոյանի երևանյան մանկությունը:

Նիկոլայ Մադոյան Ես ծնվել եմ Երևանում և շատ եմ սիրում մեր քաղաքը: Հիշում եմ յուրահատուկ մթնոլորտը Սովետական միության ժամանակների և հատուկ վերաբերմունքը արվեստի նկատմամբ: Մեր ընտանքում շատ են սիրել երաժշտությունը, մենք ունեինք բազմաթիվ ձայնագրություններ: Հիշում եմ՝ մայրս միշտ ձգտում էր, որ ես լսեի մեծանուն ջութակահարների կատարումներ և երևի գիտակցորեն ես ձգտում էի: Ջութակը յուրահատուկ գործիք էր ինձ  համար: Եղբայրս էլ կիթառ էր նվագում: Մենք միասին հաճախ զրուցում էինք երաժշտության մասին: Քույրս դաշնակահար է, ունի մեծ դասարան Գերմանիայում: Այդ մթնոլորտը միշտ կար մեր ընտանիքում: Հայրս շատ էր սիրում օպերային կատարումներ: Իմ պապիկը օպերայի սիրահար էր և գիտեր բոլոր օպերաները՝ անգիր: Ուզում եմ ասել ժառանգական կապ կա:

Անուշ Թորոսյան Կատակ խոսք կա՝ երեխաներին սովորաբար սովորեցնում են դաշնամուր նվագել, ոչ թե ջութակ, քանի որ դաշնամուրը կորցնելն ավելի դժվար է: Ձեզ ինչո՞վ գրավեց ջութակը:

Նիկոլայ Մադոյան Սկզբից ուզում էին, որ ես դաշնամուր նվագեի: Ասացին, որ ավելի լավ է ջութակ նվագի մեկ տարի, հետո կփոխենք դասարանը: Շատ ուրախ եմ, որ շարունակեցի իմ ուղղությունը, իմ գիծը:

Անուշ Թորոսյան  13 տարեկանում տեղափոխվել եք Նովոսիբիրսկ, ուսումը շարունակել տեղի Գլինկայի անվան կոնսերվատորիայում: Սովորեցիք  Զախար Բրոնի դասարանում, և ուսուցչի ընտրությունը ճակատագրական եղավ: Ինչո՞ւ ընտրեցիք հենց նրա դասարանը:

Նիկոլայ Մադոյան Նախ ուզում էի ընդգծեի իմ թանկագին դասատուին՝ Հրաչիկ Բոգդանյանին: Նրան շատ շնոհակալ եմ, որ փորձում էր միշտ ճիշտ ուղղություն ցույց տալ իմ երաժշտական զարգացման պրոցեսի մեջ: Դրանից հետո Զախար Բրոնն այցելեց Հայաստան Վադիմ Րիպինի հետ: Ինքը նվագում էր Խաչատրյանի կոնցերտը, մայրս մոտեցավ նրան և խնդրեց, որ լսի: Ես նվագեցի, ինքը լսեց իմ նվագը և միանգամից առաջարկեց, որ մենք տեղափոխվենք Նովոսիբիրսկ: Եվ մենք մեկնեցինք, շարունակեցի իմ ուսումը: Եվ բազմաթիվ համերգներով էինք հանդես գալիս ռուսաստանյան տարբեր քաղաքներում, նաև արտասահմանում: Հիշում եմ՝ մեկնեցինք Լոնդոն: Վունդերկինդների դասարան էր, այդպես ասած,  և մեծ հաջողություններ ենք ունեցել Լենինգրադում, որտեղ համերեգները լեփ լեցուն դահլիճներում էր անցնում:    

Անուշ Թորոսյան 1989թ. Զախար Բրոնի ընտանիքի և նրա մյուս աշակերտների՝ Վադիմ Ռեպինի, Մաքսիմ Վենգերովի և Նատալյա Պրիշչեպենկոյի հետ միասին տեղափոխվեցիք Լյուբեկ (Գերմանիա): Որքան գիտեմ՝ Ձեր ուսուցիչը հրավիրող կողմի՝ Գերմանիայի առջև պայման է դրել՝ իր հետ պիտի գան նաև լավագույն աշակերտները: Իսկ ինչպե՞ս ընդունեցին այդ որոշումը Ձեր ծնողները, արդյոք չընդդիմացա՞ն:

Նիկոլայ Մադոյան Մայրս իր ողջ էներգիան ծախսել է իմ զարգացման պրոցեսի վրա: Մենք մասնակցում էինք գերմանական հայտնի փառատոնի՝ Վալերի Գերգիևի մասնակցությամբ: Ես նվագեցի Չայկովսկու ջութակի կոնցերտը: Դրանից հետո հրավիրեցին շարունակելու  ուսումը Լյուբեկի կոնսերվատորիայում: Նրանք ընդունեցին բոլոր մեր պայմանները: Զախար Բրոնը հնարավորություն ունեցավ իր լավագույն աշակերտներին տանել Լյուբեկ: Մենք շարունակեցինք համաշխարհային մեր կարիերան՝ հանդես գալով աշխարհի լավագույն դահլիճներում: Լավագույն դիրիժորների հետ մենք նվագել ենք բազմաթիվ համերգներ:

Անուշ Թորոսյան Հարցազրույցներից մեկում ասել եք, որ Ձեր նպատակը հայ երաժշտությունը աշխարհով մեկ տարածելն է: Որ հայ կոմպոզիտորներին եք ընդգրկում համերգացանկում, և առհասարակ՝ ու՞մ ստեղծագործություններն են Ձեր այցեքարտն՝ աշխարհում:

Նիկոլայ Մադոյան Ես ունեի բազուն ծրագրեր բաղկացած միայն հայկական ժամանակակից ստեղծագործություններից , որոնք մեծ հաջողությամբ ներկայացրել եմ Եվրոպայում և ձայնագրել եմ: Խաչատրյանի աշխարհահռչակ կոնցերտը նվագել եմ աշխահի գրեթե բոլոր կետերում: Մեծ հաջողություններ եմ ունեցել:

Իզաբելլա Հովհաննիսյան Ձեր լավագույնների քառյակից Վադիմ Րեպինն ասում է, որ դժվարագույն խնդիր է՝ գտնել քո ջութակը: Այն ոչ միայն պիտի հրաշալի հնչի բեմում, այլև լինի քո ընկերը: Մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ ասում էր, որ մի տեսակ խանդով է վերաբերվում իր դաշնամուրին. այն պետք է միայն իրենը լինի: Դուք ե՞ւս հատուկ վերաբերմունք ունեք Ձեր ջութակի նկատմամբ:

Նիկոլայ Մադոյան Այո: Ջութակահարի համար կարևոր է գտնել իրեն հոգեհարազատ ջութակը, և եթե հաջողվում է՝ գործիքը մեծ դեր է խաղում ջութակահարի ելույթների ժամանակ: Ամեն օր քո գործիքի հետ կապված նոր գույներ ես բացահայտում:

Իզաբելլա Հովհաննիսյան  Ինչպիսի՞ն է Նիկոլայ Մադոյանի երևանյան օրը:

Նիկոլայ Մադոյան Զբաղվում եմ ֆիթնեսով: Փորձում եմ ամեն օր լողավազան այցելել, սաունա, տարբեր «տրինաժորների» վրա վարժություններ եմ անում: Այդպես ավելի արդյունավետ ես աշխատում: Բայց շեշտը դրվում է ջութակի պարապմունքների վրա: Մանկուց շատ եմ աշխատել, քրտնաջան պարապմունքներ ենք ունեցել: Օրը տասը  ժամ պարապել եմ, դա մնացել է իմ մեջ և նորմալ է ինձ համար: Ժամանակը միշտ փորձել եմ ամենաէֆեկտիվ ձևով օգտագործել: Կարևոր է հարգել քո կյանքի ամեն րոպեն:

Անուշ Թորոսյան Ձեր  երաժշտացանկն ընդգրկում է գրեթե ամբողջ դասական և ժամանակակից ստեղծագործությունները։ Ձեզ  համեմատել են բոլոր ժամանակների լավագույն ջութակահարների հետ։ Ո՞ւմ գնահատականն եք համարում ամենաթանկն ու նշանակալին:

Նիկոլայ Մադոյան Երևի Իսաակ Ստերնի, որովհետև նրա կարծիքը իմ համար շատ մեծ դեր է խաղացել: Բայց ոչ միայն նրա: Նաև իմ ուսուցիչների կարծիքը շատ կարևոր է ինձ համար:

Անուշ Թորոսյան Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում դուք մի երեկոյի ընթացքում անգիր նվագեցիք Պագանինիի ջութակի բոլոր 6 կոնցերտները՝ հավակնելով տեղ գտնել Գինեսի ռեկորդների գրքում։ Ի՞նչ նշանակություն ունեցավ ձեզ համար այս յուրահատուկ փորձությունը:

Նիկոլայ Մադոյան Աշխարհում առաջին անգամ այդպիսի իրադարձություն տեղի ունեցավ: Շատ հպարտ եմ, որ նման բան կարողացա անել: Ունեինք Գինեսի ներկայացուցիչներ, որոնք սպորտային տեսանկյունից խնդրեցին մեկ երեկոյի ընթացքում դա կատարենք, դրա համար մեկ համերգի ժամանակ նվագեցինք: Ես միանգամից ստացա մրցանակներ  Դյուցազունների ասոցիացիայից: Դա մեծ տարածում գտավ աշխարհի տարբեր ծայրերում:

Իզաբելլա Հովհաննիսյան Այդպիսի ռեկորդը խանգարու՞մ, թե օգնու՞մ է ըստ արժանվույն գնահատվելուն: Չէ որ կարող են այդպիսի դեպքում ավելի շատ որպես մարզիկ ընկալել, քան՝ վիրուոզ արտիստ: Կա՞ նման բան:

Նիկոլայ Մադոյան Մեր առաջնահերթ նպատակը դա չէր, ուղղակի համընկավ ռեկորդի հետ: Ես ունեմ նաև ուրիշ համաշխարհային ռեկորդ՝ ամենավիրտուոզ կատարումը՝ Ռիմսկի-Կորսակովի  «Բոռի թռիչքը» հայտնի ստեղծագործությունը կատարեցի 46 վարկյանում, որը համարվում է ամենավիրտուոզային կատարում: Առաջնահերթ միշտ երաժշտությունն է, իհարկե, բայց վիտուոզային էլեմենտը շատ մեծ դեր է խաղում:

Անուշ Թորոսյան  Որքանո՞վ եք հասցնում հետևել Հայաստանի ներսում ծավալվող իրադարձություններին, այդ թվում մշակութային: Կառավարության, այդ թվում մշակույթի նախարարի փոփոխությանը ի՞նչպես եք վերաբերվում:

Նիկոլայ Մադոյան Ես հեռու եմ քաղաքականությունից: Բայց ամենակարևորը այն է, որ նոր պրոեկտներ իրականացվեն: Մենք նոր պրոեկտ ունենք Ռուդոլֆ Խառատյանի հետ: Ցանկանում ենք նոր ներկայացում պատրաստել բալետի մասնակցությամբ, տեխնիկական պրոգրեսի նոր միջոցները ուզում ենք միացնել: Պագանինիի երաժշտության հիմքի վրա այն կլինի:

Իզաբելլա Հովհաննիսյան Ո՞րն է երջանկության ձեր մոդելը, հիմա, այսքան նվաճումներից հետո ինչի եք ձգտում: Ի՞նչ նպատակներ ունեք:

Նիկոլայ Մադոյան Ուզում էի նվագել Մոցարտի բոլոր ստեղծագործությունները: Մոցարտի երաժշտության մեջ որքան պարզ է հնչում ամեն ֆրազը, ես կարծում եմ ամենամեծ նվաճումն է, դեպի կատարելություն, այսպես ասած: Նոր գծեր եմ գտնում, նոր գույներ Մոցարտի երաժշտության մեջ: Վերջերս հասկացա, որ պարզության մեջ է ամենամեծ մեծությունը:

Անուշ Թորոսյան  Որքան տեղյակ ենք՝ ամուսնացած չեք: Չե՞ք հանդիպել այն միակ ճակատագրականին, ով կփեխեր ձեր կյանքի ընթացքը, թե՞ …Ընտանիք կազմելու որոշումը արդյո՞ք ձեր նպատակների թվում է:

Նիկոլայ Մադոյան Ես ունեմ ընկերուհի: Ես շատ էի տարված իմ երաժշտությամբ: Ունեմ բազմաթիվ ընկերուհիներ, որոնք հիացած են եղել իմ նվագով:  Որպես վունդերկինդ՝ ստիպված ես համապատասխանել այսպես ասած «վերնագրին»: Բայց շատ ուրախ եմ, որ ի վիճակի եմ ամրացնել Հայաստանի ողնաշարը և այդպիսի բարձր արդյունքների հասնել, որպեսզի ուրիշ աչքերով նայեն Հայաստանի մշակույթին:



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ