«Առավոտյան սուրճ» նախագծում առաջին անգամ հյուրընկալել ենք սփյուռքահայ արվեստագետի: Իզաբելլա Հովհաննիսյանն ու Անուշ Թորոսյանը  երգչուհի Սիբիլի հետ զրուցում են Թուրքիայում հայ արվեստագետ լինելու դժվարությունների, նրա հայերեն երգերի, ձայնասկավառակների հաջողությունների, հայաստանյան տպավորությունների,  սիրո և անձնական կյանքի մասին:

 

Ներկայացնում ենք Սիբիլի հետ հարցազրույցի տեքստը՝ որոշ կրճատումներով: Ամբողջական հարցազրույցը դիտեք տեսագրված տարբերակով.

Իզաբելլա Հովհաննիսյան Երգել սկսել եք շատ փոքր հասակից: Ի՞նչ երգ է տպավորվել մանուկ հասակից: Ո՞ր երգն է ամենից հաճախ հնչել Ձեր տանը:

Սիբիլ Բարսեղ Կանաչյանի «Օրորով» մեծացա: Հայրս ինձ և քույրիկիս «Օրոր» կերգեր: Միշտ մտքումս է:

Անուշ Թորոսյան Երգելու Ձեր շնորհը բացահայտել եք վաղ հասակում: Ինչու՞ ընտրեցիք տնտեսագիտությունը: Որքան գիտեմ՝ նաև աշխատել եք այդ մասնագիտությամբ:

Սիբիլ Շատ երկար տարիներ ֆինանսի գործի մեջ աշխատեցի, երաժշտությունը հոբի էր: Նախ երգչախմբում սկսեցի երգել, բայց պետք է կյանքս շարունակեի և դրամ վաստակեի: Դրա համար ֆինանսի գործի մեջ մտա և երկար աշխատեցի: Աշխատանքը և երաժշտությունը միասին առաջ տանել ջանացի:

Իզաբելլա Հովհաննիսյան Գիտենք, որ մասնագիտական կրթություն չեք ստացել: Ինչո՞ւ և ինչպե՞ս կայացրիք երգչուհի դառնալու որոշումը: Եվ հատկապես, ինչու՞ որոշեցիք հայերեն երգել:

Սիբիլ Դժբախտաբար Կոնսերվատորիա չկարողացա գնալ, քանի որ Թուրքիայում կապրեի, հայրս շատ պահանջկոտ և խիստ էր: Երբեք երգչուհի դառնալու մասին մեր տանը չէր խոսվել: Միայն երազ էր ինձ համար: Ինչպե՞ս հագեցրեցի սերս, երգչախմբում սկսեցի երգել: Նախ՝ ալբոմներիս սկզբունքը ինչպես եղավ: Իմ ամենամեծ երզանքս էր, որ ուզեցի երազս իրականացնել հայերեն երգերով, քանի որ ես հայ եմ: Թուրքիայում եմ ապրել, և կյանքս միշտ ինչուներով լեցուն է եղել: Ինչու՞ պետք է դրսում թուրքերեն, տանը հայերն խոսենք: Հետո ալբոմս դուրս եկավ, բոլոր 12 երգերը ուզեցի, որ հայերեն լինեն: Սիրելի երգահան Մաժակ Թոշիկյանի հետ միասին արեցինք, անունը դրեցինք «Սիբիլ»: Եվ թուրք հանդիսատեսն էլ շատ-շատ դրական ընդունեց, գլխավոր թերթերի հետ հարցազրույցներ ունեցա, ամեն ինչ հրաշք էր, նորություն էր ինձ համար, նվեր էր:

Անուշ Թորոսյան Հայաստանի մասին Ձեր ծնողներն ինչ որ բան պատմե՞լ էին Ձեզ, կամ Ցեզասպանության մասին, որ կարող էին լսած լինել իրենց ծնողներից, և հակառակը՝ Հայաստանը տեսնելով՝ Դուք ի՞նչ եք իրենց պատմում:

Սիբիլ Ցեղասպանության մասին շատ ուշ իմացա, տանը երբեք չէր խոսվել: Մեծ մորս միայն կարողացա տեսնել: Հորս կողմը, երբ ծնվել եմ, արդեն մահացել էին: Մեծ մայրս Ցեղասպանությունից ազատված մեկն էր: Ամեն ինչ դժբախտաբար նրա մահից հետո սովորեցի, երանի, թե ողջ ժամանակ սովորեի, որ հարցեր ուղեի: Մորս հարցրեցի: Ինքը երբեք չի ուզել այս նյութի մասին խոսել, ցավ է պատճառում: Երբ իմացա՝ մեծ ցավ ապրեցի, քանի որ մեծ մորս շատ էի սիրում, շատ դաժան բաներ են ապրել և ողջ են մնացել:

Անուշ Թորոսյան Հայաստանի մասին ի՞նչ եք պատմում իրենց:

Սիբիլ Հայաստան առաջին այցելությունս 2001 թվականին էր: Մայրիկիս հետ միասին եկանք: Ինձ համար հրաշք էր: Հիմա էլ թուրք ընկերներիս կպատմեմ:

Իզաբելլա Հովհաննիսյան Բազմիցս ասել եք՝ Թուրքիայում վատ վերաբերմունք չեք զգացել, Ձեր մեջ էլ ատելություն չկա թուրք ժողովրդի հանդեպ: Վստահ եմ՝ թուրք ընկերներ ունեք: Սահմանափակում չունի՞ այդ շփումը, խնդրահարույց թեմաների անդրադառնալիս կարողանու՞մ եք խուսափել կոնֆլիկտային վիճակից:

Սիբիլ Ատելություն կառավարական այդ շրջանին անշուշտ ունեմ: Այսօր այս պատճառով աշխարհի չորս կողմն ենք տարածվել: Բայց այդ բեռը իմ կողքի մարդկանց ուսերի վրա չեմ կարող դնել: Մարդիկ կան ընդունող, ազատորեն խոսող Ցեղասպանության մասին: Ես ավելի մեծ ընտանիք կարող էի ունենալ: Մեծ մայրս 5 քույր-եղբայր են եղել, բայց ինքն ու քույրն են ազատվել:

Անուշ Թորոսյան Երազանք ունեիք՝ լինել Անիում, երգել այնտեղ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը, որն արդեն իրականացրել եք: Չե՞ք կարծում, որ այս երգը կարող է Ձեզ համար խնդիրներ առաջացնել Թուրքիայում:

Սիբիլ Ոչ: Այս լուրը անգամ գրվեց: Այս երազը պատմեցի Իշխան Զաքարյանին, որին առաջին անգամ հանդիպեցի 2011 թվականին: Համահայկական խաղերին էր հրավիրել: Ասել էր, ես քո երազանքը պետք է իրականացնեմ: Անցյալ տարի ամռանը զանգեց ասաց, որ Անի պետք է գնանք: Ասացի՝ երազանքս պետք է իրականացնեք: Ասաց՝ այո: Համահայկական կոմիտեի անդամների հետ միասին Անիի ավերակները գնացինք: Ամոռանալի էր: Չեմ կարող պատմել այդ օրվա զգացմունքներիս մասին: Ոտքերս դողում էին, արցունքների մեջ երգեցի:

Իզաբելլա Հովհաննիսյան Երազում եք նաև տեսնել մեծ շանսոնյե Շարլ Ազնավուրին: Հայաստան մշտական բնակության տեղափոխվելն արդյո՞ք երազանքների կամ նպատակների թվում է:

Սիբիլ Հաճախ կայցելեմ: Բոլորն ասում են պետք է բնակարան ունենաս: Հուսամ, մի օր կունենամ: Հայաստանն էլ իմ տունն է: Ամեն անգամ մեծ ուրախությամբ եմ գալիս:

Անուշ Թորոսյան Ձեր ընտանիքը փոխել է Թորոսյան ազգանունը Բեկթորոսօղլուի: Ձեր ծնողներւ Ձեզ անվանել են գրող Զաբել Ասատուրի պատվին, ում մականունն էր Սիբիլ: Ազգանվան փոփոխությունը ինչ փոփոխություն բերեց ձեր ընտանիքի ապրելաձևում: Հետաքրքիր է՝ ունե՞ք հայկական ավանդույթներ, որոնք սրբորեն պահպանվում են:

Սիբիլ Անշուշտ բոլոր ավանդույթները պահպանում ենք: Ազգանունը ստիպողաբար է եղել, որ պետք է «յաները» «օղլու» դարձնեք: Ամեն ինչ մեզ պաշտպանելու համար են արել: Երբ առաջին անգամ հայտնվեցի, ասում էին քեզ շատ կսիրենք, բայց պետք է ազգանունդ փոխես: Ես ասում եմ՝ ի՞նչ տարբերություն ունի, եթե «յան» լինեմ՝ ավելի հայ պետք է լինեմ: Անշուշտ, ես էլ շատ կուզեի, որովհետև Թորոսյանը շատ ավելի գեղեցիկ ազգանուն է, քան Բեկթորոսօղլու: Երբեք սիրելով չեմ կրել, քանի որ շատ երկար է, միայն «օղլուի» համար չէ:

Իզաբելլա Հովհաննիսյան Դուք Թուրքիայում հայտնի եք հայկական երգերի բարձրակարգ կատարումներով, պատմական հայրենիքին նվիրված քնարական երգերով: Սակայն հայրենքում ձեզ նոր-նոր են սկսել ճանաչել: Ի՞նչ սպասումներով եկաք Հայաստան:

Սիբիլ Երբ առաջին անգամ այցելեցի, առաջին հարցազրույցս էր, շատ հուզված էի: Հաղորդավարը հարցրեց, թե ինձ ճանաչու՞մ են այստեղ, ասացի՝ ոչ, հուսամ ձայնս շուտով կհասնի: Իսկապես շատ արագ ձևով հասավ: Նախ տեսահոլովակի պատճառով հասավ՝ «Նամակ» տեսահոլովակի: Շատ տարածվեց, Թուրքիայի առաջին տեսահոլովակը լինելու արժանացավ: Այդ լուրը եկավ Հայասատան: Արդեն մարդիկ սկսեցին ինձ ճանաչել: Հետո Համահայկական խաղերը եկավ: Հետո Անդրե Հովնանյանի հետ մի ծարգիր ունեցանք, զուգերգներ ունեցանք, մրցանակաբաշխություններ եղան և այլն, և այլն: Հայաստանը Թուրքիայի հետ եթե համեմատենք, ավելի շատ են ճանաչում, որովհետև ավելի փոքրիկ է, ավելի մեծ հետաքրքրություն են ցույց տալիս:

Իզաբելլա Հովհաննիսյան Շատ է խոսվում, որ Թուրքիայում հայերը վախի մթնոլորտում են ապրում, ինչպե՞ս է անդրադառնում այն արվեստագետի, ստեղծագործողի վրա:

Սիբիլ Այդքան դյուրին չէ: Միշտ փշի վրա ենք: Վերջերս Արցախյան նյութերը… Միշտ պետք է մեր տեղը գիտենանք: Միշտ ընտանիքեն «ուշադիր եղիր», այս բանով մեծացանք: Միշտ կմաղթեմ, որ շուրջս լավ մարդիկ լինեն: Փառք Աստծո, ով ինձ աջակցեց, միշտ լավ մարդիկ դիմավորեցին և հարցազրույցները ինձ ամենալավ ձևով ճանաչեցնել ջանացին, բախտավոր եմ:

Անուշ Թորոսյան Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը մեծ դժգոհությունների ալիք բարձրացրեց Հայաստանում, որոշ չափով նաև Ստամբուլում: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը:

Սիբիլ Նամակն անշուշտ, երբ կարդացի, առաջ մի քանի տողը կարդացի հետո չկարդացի: Հետո մի քանի օր անցավ՝ կարդացի: Արամ Աթեշյանի նկատմամբ հարգանք ունեմ, անձամբ կճանաչեմ, կսիրեմ: Մինչև իր դեմ գամ և հարցնեմ Սրբազան հայր, ինչու՞ այսպիսի բան արեցիք... կարող է ստիպողաբար լինել: Անշուշտ նամակը որևէ մեկիս համար հաճելի չէր, բայց հնարավոր է՝ ստիպողաբար էր: Պատրիարքարանի ուսերի վրա 70,000 հայ և 30,000 հայաստանցի կա, չենք կարող իմանալ, ինչեր կդառնա կառավարության մեջ... եթե մեկը վնասվի: Այս նամակը ցույց է տալիս, թե որքան դժվար պայմաններում են ապրում պոլսահայերը: Փշոտ է այդ աթոռը: Դրա համար բան չեմ կարող ասել, չեմ կարող մեղադրել, չեմ ուզում նման բան անել:

Իզաբելլա Հովհաննիսյան Վերջերս թողարկած սկավառակը կոչել եք «Սեր», որով ևս ցանկացել եք Ձեր սերը հաղորդել հարազատ ժողովրդին: Մի փոքր կպատմե՞ք՝ ինչպե՞ս առաջացավ այդ գաղափարը, և ի՞նչ երգեր են ներառված այդ ձայնասկավառակում: Գիտենք, որ ձայնասկավառակը ստեղծելիս համագործակցել եք Ջիվան Գասպարյանի և հայակական էստրադայի երգիչների հետ:

Սիբիլ 12 երգ կա երկրորդ ալբոմիս մեջ, որի անունը կոչեցինք «Սեր»: Մեկ հատ արամերեն երգ կա: Շատ հետաքրքիր էր ինձ համար, քանի որ Հիսուս Քրիստոսի լեզուն է արամերենը: Շատ դժվար գտա արամերեն բառ գրող մեկին: Սովորեցի: 11 հայերերն և մեկ արամերեն երգ կա: Մեջը Արա Գևորգյանի հորինումը կա, Մաժակ Թոշիկյանի նոր երգերը կա, Անդրեի հետ զուգերգ կա, Հայաստանի 15 ամենալավ երգիչ-երգչուհիների հետ համատեղ գործակցություն եղավ, Ջիվան Գասպարյանը, Արմեն Դիվանյանի «Արևները», Ավետ Բարսեղյանի, Արթուր Սաֆարյանի բառերը կան և թուրք երաժշտի գործը կար:

Իզաբելլա Հովհաննիսյան Խոսենք ձեր նախասիրությունների և անձնական կյանքի մասին: Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ:

Սիբիլ Ազատ ժամանակ գիրք կարդալ, քայլել շատ եմ սիրում: Ընկերեներ ունեմ, որ գիշերները միասին կքայլենք: Քրոջս երեխաների հետ ժամանակ անցկացնել շատ եմ սիրում: Կինոթատրոն, կինո, համերգներ, այսպես՝ սովորական:

Անուշ Թորոսյան Որքանով տեղյակ ենք՝ ամուսնացած չեք: Արդյո՞ք կա Ձեր սիրտը գրաված մեկը և որքանո՞վ կարևոր կլինի ձեր ընտրյալի ազգությունը:

Սիբիլ Սիրո մեջ պետք չէ մեծ խոսել, կյանքիս մեջ սովորեցի: Բայց անշուշտ կնախընտրեմ, որ իմ կողքինը հայ լինի: Անձնական կյանքիս մասին չեմ ցանկանա շատ խոսել, մինչև որ ձեռքս մատանի լինի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ