Եթե Նուռը նրա մականունն էր կամ որպես արվեստագետ ստացած տիպանունը, այսուհետ այդ մրգի անունը դարձել է նրա անձնագրային, պաշտոնական ազգանունը: «Առավոտյան սուրճ» ծրագիրը հյուրընկալել է ոսկերիչ և դիզայներ, քանդակագործ ու պարֆյումեր Արման Նուռին: Դիտեք Իզաբելլա Հովհաննիսյանի ու Անուշ Թորոսյանի զվարթ, հետաքրքիր ու անականկալներով լի զրույցը հայտնի արվեստագետի հետ:

 

Ներկայացնում ենք Արման Նուռի հետ հարցազրույցի տեքստը՝ որոշ կրճատումներով: Ամբողջական հարցազրույցը դիտեք տեսագրված տարբերակով.

Իզաբելլա Հովհաննիսյան Սովորաբար ինչպե՞ս եք սկսում ձեր օրը: Ինչպես ընդունված է՝  առավոտյան թեյ կամ սո՞ւրճ եք խմում: Թե՞ առաջինը  մարզվում եք: Սա մեր ավանդական հարցն է, և այսպես ենք սկսում բոլոր հյուրերի հետ հանդիպումը:

Նուռ Խորհուրդ տամ բոլոր հյուրերին, որ առավոտյան անմիջապես  արթնանալուց հետո մարզվելը ցանկալի չի, օգտակար չի: Մարզվում եմ օրվա երկրորդ կեսին, երեկոյան ավելի շատ:Ամեն օր գրեթե սպորտային դահլիճ եմ գնում:Իսկ առավոտյան անպայման նախաճաշում եմ: Պարտադիր նախապայման է:Աշխատում եմ առողջ ապրել:

Անուշ Թորոսյան Տարբեր ուսումնական հաստատություննում եք սովորել, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում: Մի փոքր կպատմե՞ք ձեր մասնագիտացումների մասին: Եվ առհասարակ, որտեղի՞ց սերը նկարչության, դիզայնի հանդեպ: Սերն արվեստի նկատմամբ արդյո՞ք ժառանգաբար է անցել:

Նուռ  Իգիթյան կենտրոնից, շատ փոքր տարիքում: Ինչքան  էլ հետո ես սովորել եմ, ուսումնական հաստատություններ եմ ավարտել,ամեն ինչ  գիտեմ այս կյանքում այդ հաստատությունից է, քանի որ այն ինձ ուղին ցույց տվեց:

Իզաբելլա Հովհաննիսյան  «Նուռ» անունը ստացել եք փոքր հասակում, երբ ներկայացման մեջ այդ մրգի դերն եք խաղացել, բայց նուռ չեք սիրում: Ինչու չե՞ք սիրում հայկականաության խորհրդանիշ դարձած այդ միրգը: և արդյո՞ք այն դեր ունեցավ այսօրվա հաջողությանը հասնելու ճանապարհին:

Նուռ  Նուռ ուտել չեմ սիրում: Այդ անունը երբ ստացել եմ, պայքարել եմ, որ ինձ չկպնի: Ինքնասիրությանս կպնում էր, թե ինչո՞ւ են ինձ մրգի անունով ասում: Շատ դաժան պայքարների միջով անցա, որպեսզի ինձ չկպնի, բայց ինքը իր տեղը գտավ: Առաջին անգամ համակերպվեցի հարսանիքիս օրը: Ամուսնանալս՝  և կնոջս հետ, և անունիս հետ եղավ այդ օրը: Ի դեպ ինստիտուտում ես բոլորի համար հորինում էի մականուններ, ես ամենալավ մականուն հորինողն էի: Հորինածս դիպուկ էր և կպնում էր: Բոլորը ատամ ունեին, որ ինձ վրա մականուն հորինեն, բայց չէր ստացվում ոչ-մեկի մոտ: Ես էլ նենգաբար լռում էի Նուռի մասին: Ասոցիացիա խաղի ժամանակ հարցրեցին ի՞նչ միրգ է ինքը, և միանգամից մեկը ասեց նուռ է, և միանգամից կռահեցին, որ ես եմ: Բոլորը հասկացան, որ վերջ, գտանք մականունը: Հասկացա, որ խուսափել չեմ կաչող այլևս , վերջ  և այլևս տարբերակ չունեմ: Հարսանիքի օրը վարողը հայտարարեց, որ երեկ Արմանը ինձ ասաց, որ այսուհետ ինքը Նուռ է և ընդունել է այդ անունը: Իսկ այս տարի այն դարձավ օֆիցալ ազգանուն: Եվ երեխաներս էլ են հիմա Նուռ: Հիմա մենք Նուռի տոհմ ենք հիմնել: 

Իզաբելլա Հովհաննիսյան Ձեր ծնողները միշտ գրքերը գնում էին երեք օրինակից, քանի որ ընտանիքում երեք երեխա էիք: Մանկության տարիների  ո՞ր գիրքն է առավել տպավորվել:

Նուռ  Կան երեխաներ, որ չեն սիրում սկզբում կարդալ և կան ծնողներ, որ ստիպում են: Եվ այդ կոտրվելու պահը, երբ ես սիրահարվեցի գրքին, ինքը դարձավ այն ընկերը, որ չի դավաճանի  դա «Երկկենցաղ մարդը» գիրքն էր: Այդ գիրքը կարդալուց սիրահարվեցի և վերջին տողերը կարդալուց արտասվեցի: Ես հասկացա ինչումն է հաճույքը՝ գրքի: Կար ժամանակ, երբ  ծնողներս ասում էին հերիք է գիրք կարդաս, գնա դուրս արև տես, կամ դաս արա: Հետո հունական դիցաբանությունը ինձ մի պահ գերեց ու ես ինչքան  գիրք կար գրադարանում կարդացել էի:

Անուշ Թորոսյան  Ձեր ընկերները Ձեզ նկարագրում են իբրև «մարդ, ով քեզ թելադրում է իր ճաշակը»: Նրանցից, օրինակ  Գրիգոր քահանա Գրիգորյանն ասում է, հետաքրքիր է ձեր աստվածային այն շնորհը, որ կարողանում եք միանգամից մարդ ճանաչել: Հայտնի փաստ է՝ Դուք զարդեր պատրաստում եք միայն պատվիրատուի հետ զրուցելուց, նրան Ձեզ համար «բացահայտելուց» հետո: Եղել է, որ սխալված լինեք:

Նուռ  Եղել է նման բան: Բայց կարծում եմ, որ ես չեմ սխալվել տվյալ  մարդն է սխալվել:Քանի որ կողքից ավելի լավ է երևում: Երբեմն մարդիկ պատկերացնում են իրենց այնպիսին, ինչպես իրենք են ուզում իրենց տեսնել, այլ ոչ ինչպես դու ես իրենց տեսնում: Շատ դեպքեր են եղել, երբ սուբյեկտիվ զարդը պատրաստելուց հետո մարդը ասել է, չէ, սա ես չեմ, սա իմս չի, որից հետո ես ասել եմ վերցրու վաղը որոշումդ կայացրու: Եվ 20 րոպե հետո զանգահարել, ասել է, սա այն է ինչ ինձ պետք է: Ես հիմա միայն զրուցելուց հետո չեմ պատրաստում, նաև պատրաստում եմ զարդեր մարդկանց ում համար կուզեի: Մերժում եմ շատ հաճախ: Երբ զգում եմ, որ հույս չկա, չի ստացվելու:

 Անուշ Թորոսյան Աշխարհում առաջին անգամ Ձեր հավաքածույում օգտագործել եք կաշի, կրիայի ոսկոր, փղի պոչի մազեր, կտավ, ժանյակ և այլն: 1997 թվականին այն համաշխարհային ցուցահանդեսին եք ներկայացրել և դարձել «Տարվա դիզայներ»: Ինչու՞ հենց այդ նյութերը ընտրեցիք: Որքա՞ն ժամանակ պետք եկավ, որ հավաքածուն ընդունվի , նաև նորամուծությունը օգտագործվի այլ հեղինակների կողմից:

Նուռ  Իմ լավագույն ուսուցիչը բնությունն է: Լավագույն ուսումնական գիրքը, որից ես սովորում եմ բնությունն է: Իսկ բնության մեջ ցանկացած նյութ ցանկացած նյութի կողքը կարող է լինի և դա ներդաշնակ է: Ծառը աճում է քարի կողքը, ծառի վրա տերևներ են աճում, թռչունն է փետուրներով կանգնած այդ ծառի ճյուղի վրա, կողքը երկիքն է, արևն է և այդ ամենը ներդաշնակ է և իրար կողք կարող է լինել: Իսկ ինչու դա չի կարող լինել զարդի, կամ քանդակի պարագայում, կամ ցանկացած ստեղծագործության մեջ, ինչն է խանգարում: Չէ՞որ արվսետի հիմնական խնդիրը բնությունը կրկնելն է, վերարտադրելն է: Քանի, որ կատարյալը դա բնությունն է, որ ստեղծել է Աստված: Աստծո կատարյալից ավելի մարդ չի կարող ստեղծել, բայց միշտ պետք է ձգտի դրան: Այդ էլ հենց կոչվում է արվեստ: Ինչ վերաբերում է առաջին հավաքածուին, որը հաջողություն ունեցավ Համաշխարհային ցուցահանդեսում, դրանից  7-8 տարի հետո դա դարձավ տրենդ: Գրում էին, որ «Դիզելը» սկսել է մատանիներ անել կաշվով, դատի տուր և այլն: Ես միշտ համարել եմ, որ  կարող եմ նորը հորինել, դատերի մեջ ընկնելու փոխարեն: Եվ եթե դա օգնում է ինչ-որ զարգացման, ապա խնդրեմ, օգտագործեք և զարգացրեք:

Իզաբելլա Հովհաննիսյան 2016 թվականին ներկայացրիք «Սաթենիկ» հավաքածուն, որը  Սաթենիկի և Արտաշեսի պատմությունն է: Ասում եք, որ հավաքածուն ստեղծելիս պատկերացրիք, թե Արտաշեսը ի՞նչ զարդեր կպատվիրեր ձեզ Սաթենիկի սիրտը գրավելու  համար: Այդ հավաքածուի թևնոցի մեջ օծանելիք  է, խնձորենու հոտով: Օծանելիքը դուք եք պատրաստել: Փաստորեն ձեր զարդերը նաև բուրու՞մ են:

Նուռ Բույրը դա աքսեսուար է: Աքսեսուարի կատարյալ իրականացումն է բույր հասկացողությունը: Եվ այդ իսկ պատճառով տրամաբանական էր, որ ես մեկ օր պետք է անդրադառնայի նաև բույրին: Որովհետև այն հոգեբանական հիշողությունը, կամ մինչև հոգու խորքը դիպչելը, որը անում է բույրը ոչ մի բան չի կարող անել: Բույրն էլ է վիզուալ, եթե դիտարկես գույնով, սառնությամբ ու տաքությամբ, ապա դու կարող ես ստանալ ինչ ուզես, եթե երևակայությունդ էլ միացնես: Սկսեցի աշխատել, այդ բույրերով ապրել: Երկու տարի ես այդ բույրերը ուսումնասիրում էի հոտառությամբ: Ինձ համար դրանք հիշողություններ էին արթնացնում: Անգամ բույր կա, շատ փորձված է դա, կարող եմ ձեր վրա էլ մի օր փորձել, տալիս եմ դա, և դուք հիշում եք ձեր ծննդյան պահը: Ի դեպ, ես ուսումնասիրում եմ հայկական նախաքրիստոնեական շրջանի զարդարվեստը, և շատ հետաքրքիր զարդատեսակներ ունենք, որոնց մասին մոռացել ենք այսօր:

Իզաբելլա Հովհաննիսյան 2012 թվականին տված հարցազրույցում ասել եք, որ բրոնզե խաչ եք պատրաստում Գաբրիել Գարսիա Մարկեսի համար և գնալու եք Մեխիկո, և նրան  նվիրեք: Հասցրեցի՞ք իրականացնել այդ երազանքը:

Նուռ  Ցավոք սրտի՝ ոչ: Երբ պետք է մեկնեինք, նամակագրության մեջ էինք իր տիկնոջ հետ, հասկացանք, որ վատ առողջական վիճակում էր: Մեզ պատասխանեցին, որ այլևս չի ընկալում աշխարհը, չի ճանաչում ոչ-մի բան: Ցավոք սրտի, ինքը դուրս չեկավ այդ վիճակից: Չէին հայտարարում այդ մասին, բայց հասկացանք ալցհեյմերի բարդ փուլում է գտնվում ինքը, և որոշեցինք , որ չենք հասցնի և հույս չկա: Ռաֆայելը դիմանկար էր նկարել, ես խաչն էի պատրաստել, և մենք ուղարկեցինք  աշխատանքները՝  որպես նվեր, որպես տուրք այդ մեծությանը, որի ժամանակում մենք ապրել ենք: Մենք այսօր չենք ընկալում, բայց ամենամեծ գրողներից մեկի օրոք ենք ապրել: Իզաբելլա Հովհաննիսյան «Ընթերցողի արձանը», առանձանում է ձեր արվեստի մեջ, թե  իր չափերով, թե տեսակով: Խնկո Ապոր գրադարանի առջև  տեղադրված արձանը նաև էլեկտրոնային գրադարան է, և մարդիկ կարող  են այնտեղից գրքեր ներբեռնել: Որտեղի՞ց առաջացավ այդ  մտահաղացումը, կպատմեք ինչպե՞ս ստեղծվեց արձանը:

Արձանի գաղափարը ստեղծվեց շատ հետաքրքիր մի զրույցի ընթացում: Ռաֆայել Հովհաննիսյանի հետ համերգի ընդմիջման ժամանակ դուրս եկանք ծխելու և այդ զրույցի ընթացքում, խոսում էինք, որ գրքի տարին է: Տեղում սկսեցի հորինել ինչ կարելի է անել: Ու ես սկսեցի պատմել արձանը ծայրից ծայր, ոնց-որ հիմա ինքը կա: Հենց այդ պահին հորինվեց: Ինչ վերաբերում է ինտերնետային գրքերի ներբեռնմանը, դա մեկ ուրիշ զրույցի ընթացքում եղավ: Երբ արձանն արդեն կառուցվում էր, Ռաֆայելը Մինասբեկյան, էլի Ռաֆայել, էսպես Ռաֆայելների հետ կապված է, կարող ենք արձանի մականունը դնել Ռաֆայել: Ինքը ասեց, որ ինչ-որ մի տեղ տեսել է, որ ինտերնետային կապ կա արձանի վրա: Ու ես ասեցի, թող այն ունենա WI-FI: Հիմա  նոր մեծ արձան է կառուցվում, որ իմ երկրոդ մեծ արձանը կլինի քաղաքում: Բացումը կլինի հունիսի 1-ին:

Անուշ Թորոսյան Դուք սիրում եք էքստրեմալ սպորտաձևեր, ինչպես, օրինակ՝ լեռնագնացություն: Դա Ձեր անձնական տիրույթն է, երբ ընտանիքի հետ չեք լինում: Այս տարի հասցրե՞լ եք արդեն ադրենալինի Ձեր բաժինն ստանալ:

Նուռ Այս տարվա իմ ադրենալինի քանակը, ցավոք սրտի, սարերով չի լիցքավորված: Նախապատրաստված էր, պլանավորված էր, որ պետք է գնայի այս տարի Ճապոնիա և բարձրանայի Ֆուձիյամա, բայց, ցավոք, չհասցրեցի, որովհետև հունիսի 1-ին պետք է բացվի արձան,  Ֆուձիյամայի ամիսը, երբ թույլատրելի է բարձրանալ, հենց հունիս-հուլիսի կեսն է, իսկ դա էլ նշանակում է, որ ես չեմ հասցնի: Բացի այդ, հոկտեմբերին ունեմ մասնակցություն Ֆլորենցիայի բիենալեին, Հայաստանը պետք է ներկայացնեմ, բայց դա չշփոթեք Վենետիկի բիենալեի հետ: Մեծ՝ 1.5 մետրանոց աշխատանք եմ պատրաստում այդ բիենալեի համար, այնպես որ այս տարի անգամ ամառային հանգիստս է խափանվում՝ իմ տարվա կարևոր մասը:

Իզաբելլա Հովհաննիսյան Նուռ, Դուք նաև դասավանդում եք: Ասում եք՝ «շատերն ինձ մոտ ուսանելն ընկալում են իբրև հեշտ կյանքի ուղեգիր»: Խստապահա՞նջ եք: Հաջողելու, արդյունքի հասնելու համար ի՞նչ է պետք՝ համբերատարությու՞ն, համառությու՞ն, թե՞ օժտվածություն:

Նուռ Ես դասավանդում եմ հենց իմ արվեստանոցում, աշակերտներս են այցելում: Այս պահին աշակերտներ գրեթե չունեմ, որովհետև շատ զբաղված եմ այս մեծ պրոյեկտներով, որոնց մասին պատմեցի, և ժամանակ չունեմ՝ աշակերտներին տրամադրելու, բայց աշնանն արդեն աշակերտների նոր խումբ եմ հավաքելու: Գիտեք, օժտվածությունը շատ կարևոր է, բայց մեկը մյուսին չի բացառում՝ օժտվածություն-աշխատասիրություն-սեր տվյալ աշխատանքի նկատմամբ-համբերատարություն, այդ ամենը պետք է լինի միասին: Կան օժտված մարդիկ, ովքեր աշխատասիրության բացակայության պարագայում ուղղակի կործանվում են և չեն դառնում մասնագետ, կան աշխատասեր մարդիկ, որոնք օժտվածության բացակայության պատճառով, այո, դառնում են վարպետ, բայց երբևէ չեն դառնում արվեստագետ, չեն կարողանում ստեղծագործել, կարողանում են միայն կատարել: Այ, եթե այս ողջ բաղադրատոմսը մի մարդու մեջ հավաքված լինի… իմ 120 աշակերտներից եղել են այդպիսի 2-3-ը, ում ես իրավունք եմ տվել կոչվել «հեղինակ»:

Անուշ Թորոսյան Երգեր եք գրել, ֆիլմերի սցենարներ, բայց այդ մասին չեք բարձրաձայնում: Կամերային թատրոնի դերասանական ստուդիան եք ավարտել, հասցրել եք հանդիսատեսին տպավորել Ձեր խաղով: Հնարավո՞ր է՝ Ձեզ մի օր կրկին բեմում տեսնենք:

Նուռ Չգիտեմ: Չեմ կարծում, որ՝ չէ, չեմ կարծում, որ՝ հա: Այսինքն՝ ես բաց եմ արվեստի արտահայտման միջոցների առաջ, ինձ համար արվեստը մի մեծ, կարևոր գաղափար է, և եթե քո մեծ ստեղծագործելու շնորհը կա՝ Աստծու կողմից տրված, ապա դու ցանկացած տեղում կարող ես կիրառել, դրա համար չեմ բացառում: Չնայած ես միշտ սիրում եմ մնալ իմ նեղ մասնագիտության մեջ, դրա համար էլ չեմ բարձրաձայնում այդ փոքրիկ շեղումների մասին, որ իմ կյանքում լինում են: Աշխատում եմ դա թողնել, որ մարդիկ չասեն՝ դե մի հատ կողմնորոշվի՝ ինչո՞վ ես զբաղվում կոնկրետ: Ի դեպ, այս վերջերս էլ մի CD դուրս եկավ, որտեղ երգի բառերը գրել էի ես, բայց էլի չեմ ասի՝ որ CD-ն է դա: Դա անգամ որպես հանգիստ կարելի է ընկալել, որովհետև երբ անընդհատ նույն բանով զբաղվում ես, լճանում ես, հոգնում ես տվյալ աշխատանքից: Մի օր շեղվում ես, երգի բառեր ես գրում, թարմանում ես, որ քեզ մի ուրիշ տեղ փորձեցիր, հետո նորից վերադարձար քո աշխատանքին:

Իզաբելլա Հովհաննիսյան Նուռ, ամեն տարի բացահայտում եք Հրապարակի ցայտաղբյուրի 50 գաղտնիքներից մեկը: Հնարավո՞ր է՝ այս տարվա գաղտնիքը բացահայտեք հենց մեր հաղորդման շրջանակներում:

Նուռ Ոչ: Վերջին երկու տարին չեմ բացահայտել, ի դեպ: Դրան պատճառ կա: Այդ գաղտնիքը միանգամից բացահայտելու է երեք գաղտնիք: Այս տարի պիտի լինի բացահայտումը: Ի դեպ, բոլորը բողոքում են, թե՝ չէ, ուրեմն չկա: Ասում եմ՝ համբերեք, այս աշնանը կբացահայտվի այդ՝ եռաոտ գաղտնիքը:

Իզաբելլա Հովհաննիսյան Սպասենք: Հասկացա, որ համոզել չի լինի:

Նուռ Չէ, անգամ ընտանիքիս անդամները եթերից են իմանում գաղտնիքների մասին: Նրանք նախորդ օրն էլ չգիտեն: Դա շատ սկզբունքային հարց է:

Անուշ Թորոսյան Օսկար Ուայլդը կարծում է, որ տղամարդիկ ամուսնանում են հոգնածությունից, կանայք՝ հետաքրքրասիրությունից, սակայն երկուսին էլ հիասթափություն է սպասվում: Սա, իհարկե, իբրև կատակ: Ինչպե՞ս դրվեց Ձեր ներդաշնակ ընտանիքի հիմքը: Ինչպե՞ս եղավ Ձեր և Ձեր կնոջ հանդիպումը:  Նրա սիրտը գրավելուն զարդերն օգնե՞լ են:

Նուռ Շատ վատատեսական խոսք էր: Այ, զարդերի առումով չգիտեմ: Զարդերը միշտ են օգնում: Միշտ ցախ են գցում կրակի մեջ: Ինչ վերաբերում է ծանոթությանը, ասեմ՝ մենք հանդիպեցինք քույրիկիս տանը՝ քույրիկիս երեխայի ծննդյան օրը: Ինքը եկավ ծաղիկների մեծ փնջով՝ դաշտային ծաղիկների, որ ինքն էր հավաքել: Իմ ձեռքին ֆոտոապարատ կար, ես որոշեցի այդ ծաղիկները նկարել: Եվ ծաղիկները նկարելիս օբյեկտիվի մեջ տեսա նրան, հասկացա, որ նա իմ կինն է, այ, հենց հիմա եկավ իմ կինը: Այդ պահին ես անգամ տեսա մեր ապագան: Հետո, իհարկե, խոչընդոտներ առաջացան, որովհետև իմացա, որ ինքը իմ ընկերների աղջիկն է, կոմպլեքսներ առաջացան, բայց դա արդեն երկրորդական հարց էր: Ես կայացած մասնագետ էի, ինքը ուսանող էր, շատ տարբեր կյանքերով ապրած, տարբեր երկրներում, մինչև ամուսնանալս խառը, բուռն կյանք ունեի, դրա համար ընկերներիս համար դժվար էր պատկերացնել, որ ես մի օր կարող է նաև ամուսնանամ: Բայց ամուսնությունը ինձ միանգամից հանդարտեցրեց, ճիշտ տրամադրության մեջ գցեց:

Անուշ Թորոսյան Արցախ առաջին անգամ այցելել եք 2013 –ին, որից հետո խոստացաք հաճախ այցելել: Արցախում ի՞նչն է ամենից շատ տպավորել Ձեզ: Կա՞ մի վայր, ուր անպայման այցելում եք այնտեղ գտնվելիս:

Նուռ Գրեթե ամեն տարի լինում եմ այնտեղ, լինում եմ տարին մի քանի անգամ: Տպավորել էր ամեն ինչ՝ սկսած մարդկանցից, որոնք գրավեցին ինձ իրենց բաց, խիզախ տեսակով: Ես հասկացա, որ հնարավոր չի նման մարդկանց հաղթել, անհնարին է, անգամ առանց զենքի այդ մարդիկ անպարտելի են: Զենքը չէ, որ նրանց զորեղ է սարքում, այլ իրենց ոգին: Բնությունն ինձ ուղղակի խենթացրեց: Ես շատ երկրներում եմ եղել, գրեթե ամբողջ երկրագնդով պտտվել եմ, բայց նման զգացմունքներ չեմ ունեցել ոչ մի տեղ: Մարդկանց ու բնության ներդաշնակություն կար, նրանք միմյանց լրացնում էին ու դառնում ամբողջական:

Իզաբելլա Հովհաննիսյան Տարիներ առաջ Ձեր ցուցահանդեսից  գողացան «Կարոտ» արձանիկը, ընդ որում՝ Դուք գիտեիք՝ ով է տարել: Կպատմե՞ք այդ անչափ հետաքրքիր պատմությունը:

Նուռ Շատ տարիներ առաջ ցուցահանդեսի ժամանակ՝ Մոսկվայում, մի կին մոտեցավ այդ արձանիկին: «Կարոտ» արձանիկը կարոտի մասին է: «Կարոտ» հասկացողությունը շատ դժվար է ընկալել այլ լեզուներով: Այն չափազանց հայկական բառ է, այլ լեզուներում այն այդ զգացմունքը չի արտահայտում: Դա հենց հայի կարոտն էր: Մոսկվայում մի հայ կին մոտեցավ այդ արձանիկին ու սկսեց արտասվել: Ես չուզեցի մոտենալ, որովհետև հասկացա, որ ինքն ուզում է մենակ լինել: Կողքից ուշադրություն էի դարձնում: Այդ կինը շատ երկար կանգնեց: Բացման օրն էր, խառն էի, բայց աչքի պոչով հետևում էի: Հետո այդ կինը դուրս եկավ: Մի քանի ժամից արդեն՝ ցուցադրության ավարտն էր, այդ կինը վերադարձավ, վերցրեց արձանիկը և գնաց: Ի դեպ, իմ արձանիկները փակ չեն տեղադրվում, ապակու հետևում չեն: Ես ոչինչ չարեցի, ես հասկացա, որ այդ կնոջ համար կարևոր էր, որ այդ կարոտը լինի իր մոտ, որովհետև շատ կիրթ արտաքին ուներ, հնարավոր չէր՝ գող լիներ: Անցան տարիներ, մի օր «Երևան» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ պատմեցի այս պատմությունը, ասացի, որ արդեն ես եմ կարոտել այդ արձանիկին, և եթե դուք դրա կարիքը չունեք, խնդրում եմ՝ վերադարձրեք: Անցավ մի քանի շաբաթ, այդ արձանիկը բերեցին Մոսկվայի գրասենյակ, որն ինձ է ներկայացնում: Հետո ես մյուս համարում գրեցի, որ շատ ուզում եմ ծանոթանալ այդ կնոջ հետ, որ և գողանալու ազնվությունն ուներ, և վերադարձնելու, ասացի, որ ուզում եմ այդ արձանիկը նվիրել իրեն, ինքը չարձագանքեց, և ես այն նվիրեցի ամսագրին:

Անուշ Թորոսյան Ովքե՞ր են Ձեր ընկերները: Ինչպիսի՞ն պետք է լինի մարդը՝ լավ ընկերներ ունենալու համար: Ձեր ընկերներն էլ ասում են, որ Ձեզ հետ դժվար է ընկերություն անելը, ինչու՞:

Նուռ Հա՞, ասե՞լ են: Տեսեք, ես ընկերությանը տրվում եմ ամբողջովին, անմնացորդ, առանց վերապահումների: Իմ ընկերները գիտեն, որ ինձ կարելի է զանգել ցանկացած ժամի, օրվա, գիշերվա ցանկացած պահի, եթե կարիքս լինի, և առանց հարցնելու՝ ինչի՞ համար կամ ո՞նց, ես կլինեմ իրենց կողքին: Եվ երևի թե սպասվում է, որ պետք է նույնպիսի վերաբերմունք էլ իրենցից լինի: Այսինքն՝ ես չեմ սպասում, իրենք են կարծում: Դա իրենց պարտավորեցնում է, երևի թե դա է պատճառը դժվարության: Բայց ես ունեմ նաև մի վատ կողմ. եթե ես շրջվեցի, չեմ ասում՝ նեղացա, եթե դավաճանություն զգացի, և որոշեցի, որ նա իմ ընկերը չի, ոչինչ չի կարող վերադարձնել: Եթե մեկ անգամ ասացի՝ «վերջ», այլևս ջնջվում է ամեն ինչ անմնացորդ:

Իզաբելլա Հովհաննիսյան Տեսնում եմ, որ Դուք, բացի ամուսնական մատանուց, այլ զարդ չեք կրում: Չե՞ք սիրում զարդեր կրել:

Նուռ Շատ սիրում եմ, բայց աշխատանքի բերումով՝ ձեռքերով եմ աշխատում, հետևաբար զարդը ինձ խանգարում է, որ աշխատեմ: Ունեմ որոշակի բաներ, ինչ-որ տեղ գնալիս հատուկենտ դեպքերում կրում եմ, բայց դա լինում է հազվադեպ:

Անուշ Թորոսյան Հիմա ինչի՞ վրա եք աշխատում: Ո՞վ է Ձեր մուսան:

Նուռ Հիմա մի քանի պրոյեկտ միաժամանակ է արվում, այդ իսկ պատճառով այսօր քնել եմ երկու ժամ: Եվ այդպես է արդեն վաղուց: Անգամ երազում երազում եմ քնելու մասին: Հիմա աշխատում եմ այդ մանկական արձանախմբի վրա, որ պիտի տեղադրվի Զեյթունի արդյունաբանական կենտրոնի առաջ: Սա ինձ համար շատ հետաքրքիր մարտահրավեր է, բացատրեմ՝ ինչու: Առհասարակ ակադեմիական, դասական քանդակագործության մեջ ամենաբարդ խնդիրը երեխա քանդակելն է: Եթե նկատել եք՝ աշխարհում մանկան արձան շատ քիչ կա, որովհետև դա շատ բարդ խնդիր է, բարդ է սահմանը չկորցնել, որպեսզի լինի հենց երեխայի արձան, ոչ թե փոքր չափի մեծ մարդ: Ես ինքս ռեալիստական քանդակագործ չեմ եղել երբեք: Բայց երբ խնդիր առաջացավ, որ պետք է այսօր անեմ երեխայի քանդակ, որոշեցի ակադեմիական քանդակ անել՝ ինքս ինձ ապացուցելու համար, որ դա կարող եմ: Սիրում եմ բարձունքներ, գագաթներ դնել իմ առաջ ու հաղթահարել դրանք: Կան նաև մի շարք այլ պրոյեկտներ՝ «Սաթենիկ» հավաքածույի շարունակությունը, նաև ցուցասրահային հավաքածուն է փոխվում, Ֆլորենցիայի բիենալեն, մի քանի քաղաքային պրոյեկտ է սպասվում՝ գրքերի կրպակները, որ նախապատրաստվում են, Երևանի բրենդավորման պրոյեկտ ունենք: Մի խոսքով՝ այնքան շատ է, որ երբեմն խառնվում եմ իրար, թե որից սկսեմ:  



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ