Հայկական էստրադայի ամենաինքնատիպ ու ներդաշնակ զույգը՝ Արամոն ու Էմմա Պետրոսյանը, իրենց արվեստի սիրահարներին երես չեն տալիս համատեղ կյանքի մասին հեռուստաէկրաններից պատմելով: Իզաբելլա Հովհաննիսյանին ու Անուշ Թորոսյանին հաջողվել է «Առավոտյան սուրճ» նախագծում բացառիկ անկեղծ ու անմիջական զրույց ունենալ նրանց հետ՝ սիրո ու նվիրվածության, ծնողների և ուսուցիչների, երաժշտության ու առհասարակ՝ արվեստի, մայրաքաղաքի ու երկրի, անցած ճանապարհի ու իրագործվելիք ծրագրերի մասին:

Ներկայացնում ենք Արամոյի և Էմմա Պետրոսյանի հետ հարցազրույցի տեքստը՝ որոշ կրճատումներով: Ամբողջական հարցազրույցը դիտեք տեսագրված տարբերակով.

Իզաբելլա Հովհաննիսյան Եկեք զրույցն սկսենք մեր ավանդական հարցով: Ինչպե՞ս եք սկսում ձեր առավոտը, միասին մի բաժակ սո՞ւրճ, ընտանեկան պլանների քննարկո՞ւմ, գուցե հենց առավոտից զրո՞ւյց արվեստի մասին, դե՝ գոնե սպասվող համերգի կամ ձայնագրության: Թե՞ ամեն մեկդ առանձին շտապում եք հասնել բազմազբաղ օրվա հետևից:

Էմմա Պետրոսյան Օրերը տարբեր են, բայց պարտադիր սուրճով է սկսվում, և քննարկվում են նախորդ օրվա, նախորդ ժամանակահատվածում տեղի ունեցող իրարանցումներ, ինչ-որ բաներ, որոնք  անհանգստություն են բերել մեր տուն, և առօրյա՝ ինչ պետք է անենք:

Արամո  Ես, լինում է, որ դժվար եմ զարթնում, քանի որ գործի առումով ուշ եմ գալիս: Սուրճը պարտադիր պետք է խմենք և շոշափենք ինչ-որ թեմաներ:

Անուշ Թորոսյան  Արամո, Ձեր անունն ընտրել է Ձեր եղբայրը՝ Աշոտը, թեպետ նախապես ծնողներն այլ անուն էին որոշել:

Արամո Առաքել, Առաքելն էլ վատ չի:

Անուշ Թորոսյան Արդյո՞ք անունը կարող է ճակատագիր որոշել:

Արամո  Վստահ: Անվան տակ ուժ կա: Օրինակ, շատ ժամանակ անուններ են ասում, ու ոնց-որ չի կպնում: Ինքն էլ գիտի, որ չի կպել: Օրինակ, անունների հետ կապված դեպք պատմեմ: Երբ որ հյուրախաղերի էի մաեստրո Օրբելյանի օրկեստրի  հետ, և գնացքով էինք մեկնել, մի անգամ, երբ օրկեստրով  կանգնած էինք, մի պապիկ էր, անունը՝ Լենինգրադ Կրասնոդարովիչ: Եղավ այն, որ ես դեռ լույս աշխարհ չեկած՝ եղբայրս՝ Աշոտը, որը 4 տարի մեծ է...Արամ Իսաբեկյանի ընտանիքը, քանի որ մենք մի բակում էինք ապրում, նրան ասում էին՝ Արամո,Արամո, արի վերև: Եղբայրս, լսելով, որ Արամին կանչում են տուն, գալիս, ասում է. «Ես Արամո եմ ուզում, եղբայր՝ Արամո եմ ուզում»: Ես ուրախ եմ իմ անվան համար, քանի որ լավ էներգիա ունի: Իմ ֆիզիանոմիային, ներաշխարհին Արամը բռնում է:

Իզաբելլա Հովհաննիսյան  Փաստորեն, «Տղամարդիկ» ֆիլմը դարձավ իրականություն: Ձեր հոր՝ ֆիլմում մարմնավորած կերպարը՝ Արամը, սիրահարվել էր ջութակահար աղջկա, իրական Արամը ամուսնացավ ջութակահար աղջկա հետ: Գիտեմ, որ Ձեր ծանոթության պատմությունն անչափ հետաքրքիր է: Նաև ասում են, որ այդ պատմությունն այնքան եք պատմել, որ կարողանում եք 40 վրկ-ում ամբողջը ձևակերպել: Մի անգամ էլ չե՞ք պատմի:

Արամո  Ավելի կարճ էլ կարող եմ:

Իզաբելլա Հովհաննիսյան  Կպատմե՞ք: Ռեկորդ սահմանենք այսօր:

Էմմա Պետրոսյան Ես առաջարկություն ունեմ՝ լռիր: Դա ամենակարճ ռեկորդայինը կլինի:

Արամո  Ինքնաթիռ, Փարիզ, արի ամուսնանանք՝ ոչ: Երևան զանգ, բազմաթիվ զանգեր՝ ոչ: Երևան, հանդիպել, հետո՝ ամուսնություն:

Անուշ Թորոսյան Արամո, Ձեր հայրը Ավետիք Գևորգյանը, նկարահանվում էր ֆիլմերում,  Ձեր հորաքույրը՝ Լաուրա Գևորգյանը, ճանաչված դերասանուհի է, հորաքրոջ ամուսինը` հանրահայտ Էդմոնդ Քյոսայանն էր: Նրանց որդիներն այսօր էլ կինոյում են: Դուք և Ձեր եղբայրը ևս ֆիլմերում եք նկարահանվել: Ձեր կյանքում, սակայն, առանցքային դարձավ երաժշտարվեստը: Գիտենք, որ երիտասարդ տարիքում երկու քարի արանքում եք եղել: Ընտրել դերասանի՞, թե՞ երաժիշտի մասնագիտությունը: Նունիսկ 2.5 տարի թատերական ինստիտում եք սովորել: Կպատմե՞ք ընտրության և այդ երկու արվեստների նմանության ու տարբերությունների մասին:

Արամո  Շատ դժվար եղավ: Ես փայլուն ավարտեցի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, հարվածային գործիքների դասարանը, լուսահոգի, շատ սիրելի դասատուներից մեկի՝ Քրիստափոր Զաքյանի մոտ: Պետք է շարունակեի Կոնսերվատորիայում, բայց քանի որ Սայաթ-Նովայի դպրոցում հարմոնիա չէին դասավանդում, իսկ Կոնսերվատորիայում կա պարտադիր հարմոնիայի քննություն,  մայրս պայմանավորվեց դասախոսների հետ, որ ես պարապեմ և հետո ընդունվեմ: Բայց քանի որ եղբայրս արդեն ընդունվել էր Խորեն Աբրահամյանի կուրսը՝ թատերական ինստիտուտ, ես գնում էի Թատերական ինստիտուտ, և շփումը, այդ մթնոլորտը… Կտրականապես եկա ու ասեցի՝ գնալու եմ Թատերական ինստիտուտ: Թատերականում քննությունները սկսվում էին բոլոր բուհերից ավելի շուտ: Եվ Աշոտից իմացա՝ ինչ է պետք, և ընդունվեցի՝ հինգերով: Եվ Թատերականում երկուսուկես  տարի սվորելուց հետո ես Օրբելյանի օրկեստր ընդունվեցի: Աստված երկու լավ բան տվեց ինձ, ես շատ շնորհակալ եմ: Բայց այդ երկուսուկես տարին ինձ այնքան բան տվեց, որ դա մի մեծ կյանք, մի պատմություն էր, մեծ դաս էր ինձ համար՝ երկուսուկես տարին, որ ուսանեցի Խորեն Բաբկենիչի մոտ և այն դասատուների մոտ, ում հետ պատիվ եմ ունեցել շփվել, և դերասանական խարիզման, պրոֆեսիոնալիզմը, որ կա, իրենց շնորհիվ է: Ցավում եմ, որ անավարտ մնաց:

Անուշ Թորոսյան Էմմա, Ձեր ընտանիքում ևս երաժշտությունը մեծ դեր է ունեցել: Ձեր հայրը, երաժշտական գործիքների հայտնի վարպետ Ալբերտը նաև ակորդեոն է նվագել: Փոքր տարիքում հաճա՞խ էիք լինում Ձեր հոր արհեստանոցում:

Էմմա Պետրոսյան  Շնորհակալ եմ ձեր ուշադիր և նրբանկատ վերաբերմունքի համար: Ձեր վերաբերմունքը մեր ընտանիքին սկսվել է մինչև՝ Էմման ո՞վ էր: Հորս անունը բացառիկ է իմ կյանքում, և երաժշտությունը, որ իմ մեջ սերմանեց առաջին օրերից գուցե, և ես հորս եմ պարտական դրա համար: Եվ երաժշտությունը, որով նա ապրում էր, դա աննկարագրելի … օրվա որևէ ժամ չկար, և օրն էլ չուներ դադարներ հորս համար, որպես երաժիշտ, որպես «բուժող» երաժշտական գործիքների, այդպես էր սիրում ասել, որովհետև կենդանություն տալ գործիքներին, որոնք այլևս չեն կարող լինել, սա շատ մեծ նվիրում է պահանջում և շատ մեծ վերաբերմունք և շատ հետաքրքիր ապրելաձև: Եվ չէր կարող մի բան հորս համար լինել ոչ վերանորոգելի: Եվ արհեստանոց կոչվածը մեր տանն է եղել:

Իզաբելլա Հովհաննիսյան Հայրերից խոսեցինք, կխնդրեինք մի փոքր էլ պատմեիք Ձեր մայրերի՝ տիկին Սևանի և տիկին Մարիետայի մասին: Անկասկած, նրանց ազդեցությունը ևս մեծ է ձեր՝ որպես արվեստագետների ձևավորման և կայացման գործում:

Էմմա Պետրոսյան Դուք գաղտնի սարքեր ունեք երևի, որտեղի՞ց այսքան ինֆորմացիա:

Արամո Ես, քանի որ հայրիկիս մի քիչ շուտ կորցրեցի՝ 16 տարեկանում, արդեն 33 տարի է, մայրս… ես միշտ փախել եմ տղամարդ կին արտահայտությունից, կինը մնում է կին, տղամարդը՝ տղամարդ, բայց մայրս որոշ պարտականություններ վերցրեց իր վրա՝ կապված ուսման հետ: Աշոտը 20 տարեկան էր, ես՝ 16, պետք էր ճիշտ կողմնորոշվել: Նաև իմ հարազատներին եմ շնորհակալ, մտերիմներիս, քանի որ հայրս շատ ընկերներ ուներ, բայց արի ու տես, որ շատերը մաղվում են, մնում են քիչ մարդիկ, ովքեր նեղ օրին քո դուռը կբացեն: Հորաքրոջս ընտանիքը, Էդմոնդ հորեղբայրը, ովքեր Մոսկվայում էին բնակվում, քեռիս, ով սոցիալապես օգնում էր, քանի որ նեղ պայմաններ էին: Մենք վատ չենք ապրել, նորմալ է եղել, բայց ես մինչև 16 տարեկանը,  օրեր են եղել՝ ճարահատյալ գնացել եմ հարսանիքներում թմբուկ նվագելու և փող վաստակելու, լինում էր՝ 300 – 400 ռուբլի էի բերում ամեն հարսանիքից: «Միսմորթ» արտահայտություն կա, ուրբաթ օրվանից սկսվում էր մինչև կիրակի օրը, մատներս ուռչում էին այդքան նվագելուց, բայց ստիպված էի, որովհետև պետք է գումար վաստակեի: Հայրս իրականում արհեստավոր է եղել, կոշակար-մոդելյեր, նա ֆանտաստիկ կարում էր, շատ նուրբ ձեռք ուներ, արվեստի լեզվով էր մոտենում գործին: Նա միշտ չի ցանկացել, որ ես կամ Աշոտը այդ գործը շարունակենք, ուզում էր, որ իր զավակներն ավելի բարձր բաների հասնեն: Հորաքրոջս ընտանիքը, մյուս պապիկս՝ մայրական կողմս՝ Խանզադյանների գերդաստանը ևս արվեստի մեջ էին: Ես խոնարհվում եմ բոլոր արհեստավորների առջև՝ դարբինից մինչև կոշկակար, որովհետև իրենք ուրիշ հոգեբանություն ունեն, և դա իմ մեջ կա: Եվ մանավանդ հայրս ուզում էր մեզ համար, որ ավելի բարձր արվեստ լինի, դա տեսնում էր Աշոտի մեջ, իմ մեջ, ու մաման շատ օգնեց: Ես մի քիչ անկանխատեսելի եմ, ահավոր եմ, հրաբուխի պես եմ, մայրս մի քիչ վախենում էր՝ վայ, էս ի՞նչ ես անում, ընդունելության գնացի, ասացի՝ չէ, մամա, պիտի գնամ: Շատ-շատ է մայրս ինձ օգնել իր խորհուրդներով, խոնարհվում եմ նրա առաջ:

Անուշ Թորոսյան Էմմա, Ձեր մայրը կարծեմ մասնագիտությամբ հաշվապահ է, ինչպե՞ս հոր գեները հաղթեցին:

Էմմա Պետրոսյան Ես մաթեմատիկական ուղեղ չունեմ, այսինքն՝ էն, որ շատ մաթեմատիկական է:  Ինձ մոտ երաժշտականն է գերիշխում, … չգիտեմ, երաժշտությունը հաղթել է:

Իզաբելլա Հովհաննիսյան Արամոն մեկ եղբայր ունի, և Էմման՝ մեկ քույր: Մի քիչ կպատմե՞ք նրանց հետ հարաբերությունների, շփումների մասին: Ի՞նչ եք միմյանց տալիս ու ստանում: Կարճ ասած՝ ի՞նչ է եղբայրը՝ եղբոր, և քույրը՝ քրոջ համար

Էմմա Պետրոսյան Դե, տեսնում եք՝ Արամոյի պատմությունը լսելով՝ անունը եղբոր ազդեցությունն է, թատերական ինստիտուտը եղբոր ազդեցությունն է:

Արամո  Հա, եղբայրս մեծ ներդրում ունի իմ կայացման մեջ: Մենք մտերիմ ենք եղել, կապ չունի 4 տարվա տարբերությունը: Աշոտը ավելի հավաքված է, ավելի զուսպ, ես մի քիչ ինչ-որ անհասկանալի բաներ ունեմ: Շնորհակալ եմ եղբորս, որ իր խորհուրդներով, առայսօր էլ շատ հարցեր կան, երբ իր հետ կարող եմ խորհրդակցել: Ես նրա կարիքը զգում եմ, իր կարծիքը ինձ համար շատ-շատ կարևոր է, ու շատ մեծ ներդրում է ունեցել նա՝ որպես եղբայր, ընկեր: Մեծ ցանկություն ունեի, որ ինքը խաղար, ինքը շատ լավ դերասան է, ես ֆիլմերը որ նայում եմ՝ նա շատ խարիզմատիկ է, խորը գիտելիքներ ունի: Ինչու՞ չեղավ՝ ես այդ հարցը իրեն չեմ տվել, նա չի էլ պատասխանել: Մի քանի հրավեր եղավ, նա հրաժարվեց, չգիտեմ՝ ինչու, բայց ես իրեն այդ հարցը տալու եմ: Երևի իրեն ռեժիսուրան ավելի է դուր գալիս, և շատ սիրուն գրում է Աշոտը, նաև հիանալի ռադիոհաղորդումներ ունի:

Էմմա Պետրոսյան Քրոջ և եղբոր թեմաները շատ կարևոր են, հատկապես՝ քույր էլ կա՝ քույր էլ, եղբայր էլ կա՝ եղբայր էլ, սա կնշանակի՝ եթե կան սխալներ անցյալում, թող մաքրվեն, որովհետև նրանք տիեզերքից մեզ նվեր հասած անձինք են, որոնք՝ ուզես թե չուզես, դարձել են քո ընտանիքը, դու չես ընտրել, նրանք պարզապես տիեզերքիօց քեզ նվեր են հասել: Ես իմ քրոջը համարում եմ ինձ համար մեծագույն պարգև՝ ամեն առումով, նա կրում է մորս մոր անունը՝ Սաթենիկ, ես էլ՝ հորս մոր անունը: Հաճախ հնչում է միտք՝ ցանկալի չէ դնել տատիկների անունները, որովհետև ժառանգում են խառնվածքի, բնավորության ինչ-որ բաներ և այլն: Ես կարծում եմ՝ մարդն ինքն է իր ճակատագրի ղեկավարը նաև և շատ բան կարող է փոխել, այսինքն՝ փորձել չկրկնել այն, ինչ եղել է, իսկ եթե կան գենետիկ հիշողության ինչ-որ բաներ, ուրեմն դա պետք է լինի, Աստծո կամքն է դա: Ես ուրախ եմ շատ, որ ունեմ Սաթենիկ, ինքն իմ ավագն է, մենք շատ տարբեր ենք, շատ-շատ տարբեր: Նա փոքր հասակից ընտրեց բժշկությունը, բայց կարող էր լինել հիանալի նկարչուհի, ձեռքի շնորհք ուներ, նկարում էր: Նա նաև բուժում էր իր տիկնիկներին և արջուկներին, և ձեռքի շնորհք ուներ, կարում էր:

Արամո Ես հագել եմ նրա կարած վերարկուն: Նա լավ շնորհք ունի և լավ մարդ է:

Անուշ Թորոսյան Էմմա, Արամոն հարցազրույցներում քանիցս ասել է, որ մինչ օրս չունի մի հարցի պատասխան՝ ինչու՞ եք Դուք իրեն ընտրել: Այսօր այդ հարցի պատասխանը կտա՞ք:

Էմմա Պետրոսյան Գիտեք՝ վերջերս նման հարց ինձ էլի են տվել, ես պատասխանեցի՝ շատ բաներ մենք մեր կյանքում անում ենք… համենայն դեպս ես այդպես եմ ապրում՝ ենթարկվում եմ պահի թելադրած առաջարկին: Սա առաջարկ չի, այսինքն՝ ես ենթարկվում եմ և վերցնում եմ պահը: Քանի որ Արամին նոր չէի ճանաչելու, ճանաչում էի 89 թվից, չնայած ասում են՝ ինչքան ապրում ես, նորից ես ճանաչում, իր տեսակը հետաքրքիր տեսակ էր և մինչ օրս այդպիսին է: Ես պարզապես ենթարկվեցի իր մտքին՝ «կինս՝ Էմման, նստած է դահլիճում»: Ես կարող էի առարկել՝ ոչ, ինչ ես ասում, մենք քույր և եղբայր ենք, բայց ես չառարկեցի: Ես ընդունեցի կատարվածը և չնահանջեցի: Այսինքն՝ ամեն ինչ կատարվեց շատ պարզ՝ ակնթարթի մեջ, և այդ ակնթարթը որոշիչ էր: Կան բաներ, որ մենք ընտրում ենք և չենք էլ հասկանում՝ ինչպես ընտրեցինք: Սա կոչվում է ճակատագիր, երևի թե: Կամ էլ պարզապես պահը մեզնից ուժեղ է, նա ավելի լավ գիտի՝ որ դուռը պետք է բացենք, որ ճանապարհով գնանք, և մենք պարզապես ենթարկվում ենք աջ կամ ձախ գնալուն կամ նստել-սպասելուն:

Իզաբելլա Հովհաննիսյան Ձեր զույգն այնքան ներդաշնակ է, անբաժան, որ կայքերից մի քանիսում անգամ հանդիպեցի Արամո և Էմմա Պետրոսյաններ տարբերակին:

Էմմա Պետրոսյան Հա, մենք նման մրցանակներ էլ ունենք:

Արամո Իրոք, մի անգամ, երբ այդպես եղավ համերգին, երբ ասացին՝ Արամո և Էմմա Պետրոսյաններ, ես վրդովվեցի, որովհետև՝ ես էլ ազգանուն ունեմ, ասաց՝ բայց Դուք ազգանուն ունե՞ք: Լսիր, ասացի, որ ինձ ծննդական են տվել, բա ո՞նց են արել: Ասում է՝ ես գիտեի՝ Դուք ազգանուն չունեք: Դե, լավ ա, վատ չի, բայց… արդեն բան չեմ ասում:

Իզաբելլա Հովհաննիսյան Դուք հայկական էստրադայի ամենագեղեցիկ և յուրահատուկ զույգն եք: Գուցե հարցը ձեզ շատ են տվել, սակայն հետաքրքի՞ր է` ապրել և ստեղծագործել միասին արդյո՞ք դժվար չէ: Օրինակ Անժելիկա Վարումն իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ տանը ամուսնու` Լեոնիդ Ագուտինի հետ գրեթե չեն խոսում: Ասում է՝ միասին բեմը կիսելն էլ է բավական: Ձեզ մոտ, ինչպես հասկանում եմ, այդպես չի:

Էմմա Պետրոսյան Այդպես է, մի հարցազրույցի ժամանակ էլ է նման միտք հնչել, ինձ անընդհատ հարցնում էին՝ նման միտք է պտտվում, թե օրերով չեք շփվում: Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ են պատկերացնում մարդիկ: Դու կարող ես լռել, բայց դա ամենամեծ շփումն է: Ես ուզում եմ, որ շատերը կարողանան լռելով շփվել իրար հետ:

Իզաբելլա Հովհաննիսյան Ի տարբերություն Ձեզ, Էմմա, ձեր որդին ինքնակամ է ընտրել ջութակը: Ավոյի ապագայի վերաբերյալ երկուսիդ պատկերացումները նու՞յնն էին: Գիտենք, որ արտերկրում է սովորել: Հիմա նա  ինչո՞վ է զբաղվում:

Էմմա Պետրոսյան Շատ հետաքրքիր և բազմաշերտ երեխա էր: Շատ արագ եմ անցնելու: Մեզ հետ էր միշտ: Տարբեր շերտեր ուներ և ունի մինչ օրս: Չեմ ուզում գովեստի խոսքեր հնչեցնել, որովհետև կստացվի, որ նրա մայրն եմ և եկել եմ գովաբանելու: Ոչ: Իր ապրելը իր պատասխանն է՝ ով է ինքը: Ես շատ ուրախ եմ, որ նա շատ պատասխանատու երիտասարդ է, պատասխանատու հայրենասեր, պատասխանատու մարդ, զավակ՝ իր բոլոր ամենատարբեր տատանումներով և բնավորության ամենատարբեր գծերով, բայց կարծում եմ, որ երաժշտությունն այն միակ ուղղությունն է, որը մարդուն բացառիկ այլ տաշվածություն է բերում՝ նրբության մի նոր շերտ, հասկանալու ուրիշ խոսք, խոսելու ուրիշ լեզու: Ջութակահար լինելն իր համար բացեց մի նոր Ավոյի և օգնեց լինել նաև ուրիշ Ավո: Գեղեցիկ գրում է, գեղեցիկ խոսում է, գեղեցիկ պատկերացումներ ունի ամենատարբեր հարցերի շուրջ, հետաքրքիր զրուցակից է, ինչպիսին կլինի ապագան՝ չեմ ուզում ասել, թող լինի՝ ինչպես ինքն է ուզում ու Աստված: Չեմ ուզում ինքս ինձ հակասել՝ մենք հաճախ ենթարկվում ենք պահի թելադրած առաջարկին, հետո սկսում պայքարել և պատասխան տալ՝ ինչու ընտրեցինք այդ ճանապարհը: Թող իր ընտրած բոլոր ճանապարհները լինեն դեպի հաջողության ուղին, և թող երջանիկ լինի, որ ընտրել է երաժշտությունը ու դա կօգնի իրեն լինել ազնիվ և լինել այն հայը, որի կարևորությունն ինքը տեսնում է: Պետք չէ բարձրաձայնել  իր՝ ով լինելը, պետք է գործ անել: Շատերն են բարձրաձայնում, բայց դատարկություն է դրա տակ: Ինքը լավ գիտի, թե ինչի մասին պիտի խոսի և ինչ ձայնով, որտեղ պիտի օգտագործի հինգ ֆորտե և որտեղ՝ լռի: Ես շնորհակալ եմ, որ ինքը դա հասկացել է:

Անուշ Թորոսյան Ասում են՝ տղամարդուն կին է պետք, քանի որ աշխարհում ամեն ինչ չէ, որ կարելի է կառավարության վրա բարդել: Կարողանու՞մ եք խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից:

Արամո Քանի որ Էմման «կշեռք» է, հանկարծ եթե ինչ-որ վեճեր են լինում, դե, ընտանիք է… նա նժարների վրա է դնում:

Էմմա Պետրոսյան Մենք վիճո՞ւմ ենք: Մենք հարց ենք տալիս պարզապես:

Արամո  Դե, թեթև վեճերի երանգներ լինում են

Էմմա Պետրոսյան Ես կարծում եմ՝ եթե յուրաքանչյուր մարդ հասկանա, որ դա վեճ չէ, այս աշխարհում վեճ չի կարող լինել: Դա զրույց է պարզապես:

Արամո Չէ, մենք շատ հանգիստ ենք նայում դրան և վիճում ենք սիրով, ժպիտով: Բայց մեծ, լուրջ վեճեր չեն լինում:

Իզաբելլա Հովհաննիսյան Էմմա, Դուք երկար տարիներ նաև դասավանդում եք: Ձեր սաները պատմում են, որ շատ զգայուն անձնավորություն եք, բայց և շատ հանդարտ, երբեք չեք գոռում, ջղայնանում: Արամո, ինչպիսի՞ն է Էմմա Պետրոսյանը տանը:

Արամո Ես դասերի ժամանակ ընդհանրապես չեմ մտնում ներս: Չէ, մեկ-մեկ, եթե ինչ-որ «ֆալշ» ձայներ եմ լսում, բացում եմ, ուզում եմ հասկանալ՝ ինչու՞ է այդպես, որտեղի՞ց է այդ ձայնը: Եվ ինձ տեսնելով՝ ուսանողները կաշկանդվում են: Ես միշտ զարմացել եմ. Էմման կարող է շատ համբերատար յոթ անգամ բացատրել, բայց մի անգամ հասկացա, որ էդ ի՜նչ աստիճանի էին հասցրել նրան, որ ստիպել էին ձայնը բարձրացնել:

Էմմա Պետրոսյան Մանկավարժությունը բացառիկ հետաքրքիր մի ուղղություն է, երբ դու գործ ունես ուրիշ ճակատագրի հետ, մասնակից ես դրա կառուցմանը, պիտի փորձես լինել հնարավորինս…

Արամո Նուրբ և զգույշ:

Էմմա Պետրոսյան Այո:

Արամո Այո, ասեմ՝ այն անգամ նա ընդամենը մի քիչ բարձր տոնայնությամբ է խոսել: 25 տարվա ամուսիններ ենք, երբեք չեմ տեսել, որ, հազար ներողություն, «լաչառ» բաներ լինեն: Մի թեթև տոնայնությունն է բարձր եղել, այն էլ հասկացել եմ, որ էլ չի իմանում՝ ոնց բացատրի, ինչ ասի: Էմոչկան մեղմ է, ինքը սիրում է բացատրել, հասկացնել:

Էմմա Պետրոսյան Ինձ համար սա հետաքրքիր… չեմ կարող ասել աշխատանք, սա ապրելաձև է: Միայն ես չեմ սովորեցնում, շատերն ինձ սովորեցնում են, նրանցից յուրաքանչյուրն ունի ինձ սովորեցնելու ինչ-որ ձև: Հետաքրքիր ու շատ բարդ կյանք է սա:

Անուշ Թորոսյան Կարո՞ղ եք թվարկել մեկական հատկանիշ, որը առավել շատ եք գնահատում միմյանց մեջ:

Արամո Էմմայի զսպվածությունը, կիրթ, զսպված և համեստ լինելը: Ինքը նուրբ է, դա շատ եմ գնահատում:

Էմմա Պետրոսյան Չեմ ուզում ստացվի, որ մեր զրույցը բացառիկ մերկանալու ժամանակահատված է, բայց կամա թե ակամա այդպես ստացվեց, և անկեղծ ապրելը լավ բան է, շատերին խորհուրդ կտամ լինել հնարավորինս անկեղծ: Չնայած ասում են՝ կյանքը խաղ է, ես էլ եմ ընդունում, որ դա այդպես է, բայց պետք է հասկանալ, որ դիմացինդ խաղալիք չէ: Այնպես որ՝ փորձենք գնահատել յուրաքանչյուրս յուրաքանչյուրիս, լինենք կարևոր մեկս մյուսիս համար՝ հասկանալով, որ կյանքը խաղ չէ: Ես սրանով ոչ թե ուզում եմ արդարացնել Արամի անկեղծ ապրելաձևը, այլ ընդգծել՝ շատ կուզեի, որ շատերը լինեն այնքան անկեղծ, որքան ինքն է, սա չափից ավելի խանգարում է ինձ, բայց միևնույն ժամանակ ես շատ հպարտ եմ, որ իմ կողակիցը ազնիվ մարդ է:

Իզաբելլա Հովհաննիսյան Արամո, Դուք Ձեր բողոքն արտահայտեցիք, երբ վտանգի տակ էին պատմական որոշ շենքեր: Որքանո՞վ եք հետևում այսօրվա քաղաքական անցուդարձին, մեր երկրում ընթացող պրոցեսներին: Ի՞նչ եք կարծում, արվեստագետը  պետք է բարձրաձայնի՞ երկրի  խնդիրների մասին, թե՞ միակ արտահայտման ձևը արվեստը պետք է  լինի:

Արամո Նայած՝ ինչի հետ է կապված բողոքը, եթե կապված է շենքերի հետ, իսկապես ցավալի է. եթե նկատում ենք՝ մեր այս փոքրիկ կենտրոնում 100 տարվա ընդամենը մի երկու շենք է մնացել: Եթե դու խոսում ես Երևանի մասին, և չունես դա, ում է պետք: Ես կցանկանայի, որ ֆասադները պահեին: Ես դեմ չեմ նորամուծություններին, նոր ճարտարապետական լուծումներին, բայց չի կարելի ջնջել հինը: Ես ոչ թե ապրում եմ հնով… պետք է ֆասադը պահել, և այդ շենքերը, որտեղ քաղաքի պատմությունն է, լիքը հուշեր են, որոնք կարելի է ճիշտ օգտագործել նաև տուրիստների համար, ինձ համար ցավալի է, որ դրանք անհետանում են: Հայրենիք երգելով կամ Երևանի մասին երգելով չի միայն, ես կարող եմ մի ուրիշ երգ երգել, որի մեջ էնքան Երևան լինի, իմ սերը ցույց տամ իմ ճիշտ ապրելակերպով: Իսկապես, արվեստն այն բնագավառն է, որտեղ քո բողոքը կարող ես արտահայտել, ու անպայման չէ, որ բացեիբաց, բառացիորեն ասվի, կան նաև ենթատեքստեր, որոնք պետք է ընկալել, հասկանալ: Շատ եմ կարևորում ասելիքը, բայց եթե դա ազնիվ ու մաքուր է, ոչ թե ձև, այսինքն՝ դիմակով խաղ չանես, բայց ներքինդ ուրիշ լինի:

Իզաբելլա Հովհաննիսյան Էմմա, անչափ շատ եմ սիրում Ձեր «Կտավ» երգը: «Չէ ուժեղ չես դու փոթորիկ ահեղ, չես կարող ջնջել էս կտավս էլ»: Ինչպե՞ս ստեղծվեց այս երգը, ո՞վ է խոսքերի հեղինակը:

Էմմա Պետրոսյան Մեղեդին Արամինն է, խոսքերի հեղինակը ես եմ: Այն արդեն պատասխանում է Ձեր տված հարցին՝ «չես կարող ջնջել այս կտավս էլ». կտավը ես եմ, իմ պատմությունն է, փոթորիկն էլ իմ պայքարն է, այսինքն՝ իմ գոյությունը իմ պայքարն է:

Անուշ Թորոսյան Էմմա, Ձեր սցենարով է բեմադրվել «Սև, դառը շոկոլադ» ներկայացումը: Դերակատարները Արամոն  և Լուիզա Ղամբարյանն են: Խոստացել էիք հանդիսատեսի դատին ներկայացնել ևս մեկ պիես: Ի՞նչ փուլում է այն:

Էմմա Պետրոսյան Այն համարյա թե ավարտված է, հիմա սպասում եմ Սուրենին, որովհետև իր հետ բաներ ունեմ շտկելու, այսինքն՝ եփման ինչ-որ փուլ պիտի անցնի: Անհամբեր եմ սպասում, կարծում եմ՝ շատ հետաքրքիր է… չէ, չեմ պատմի՝ ինչի մասին է, պարզապես հերոսներս անձինք են, որ հայտնվել են մի հետաքրքիր իրավիճակում և փորձում են հասկանալ՝ ինչի համար են պայքարել և ինչի համար են պայքարելու հետո: Չեմ ուզում ժամանակ ասել, բայց կարծում եմ՝ այս տարի այն կներկայացնենք հանդիսատեսին: Համենայն դեպս, ես շատ-շատ անհամբեր եմ սպասում:

Իզաբելլա Հովհաննիսյան Հիշում ենք, որ տարիներ առաջ Արամոն բեմ բարձրացավ նաև մեր ժամանակների լավագույն դերասաններից մեկի՝ Վարդան Պետրոսյանի հետ, և հրաշալի դերասանական զույգ էր ստացվել բեմում: Կպատմե՞ք այդ ներկայացման, Վարդանի հետ այսօրվա շփումների ու ծրագրերի մասին:

Արամո Ասեմ՝ Վարդանը յուրօրինակ ու պայծառ տղա է, շատ խորը և փխրուն, իր մեջ շատ գույներ կան, շերտերը շատ են: Երբ առաջարկ եղավ «Մեր մանկության մանգոն» ներկայացման, դա մի 20 տարի առաջ էր երևի: Ինչու՞ էր ինձ ընտրել, ես Վարդանին այդ հարցը երբևէ չեմ տվել, հիանալի էր, այդ ներկայացումով բերում էր այն հարցերի պատասխանը, որ ժողովրդին հուզում էր: Դասախոս-ուսանող-հայր-որդի, Երևանն էր ընդգրկված՝ 50-ականներից 97 կամ 2000 թվի Երևանը, ֆինալը կարելի է փոխել, իսկ ներկայացումը ակտուալ է միշտ: Վարդանը բացառիկ պրոֆեսիոնալ է, իր խոսքը ես սիրում եմ, նրան շատ կարևորում եմ, ինքը որպես հայ, որպես արվեստագետ շատ կարևոր տեսակ է: Ցավալի այն դեպքից հետո մենք հանդիպեցինք «Կյանք ու կռիվ» ֆիլմում, ես գնացի Խնձորեսկ նկարահանումների, ինքն էլ եկավ, մենք երկար զրուցեցինք, մի քիչ փոխված էր նա, այդ ամիսներն ու օրերը նրան շատ փոխեցին՝ ոչ թե որպես մարդ, այլ կյանքը հասկանալու, մեջը մտնելու, շերտերը հասկանալու առումով, թե որն է սև-սպիտակը: Շատ-շատ եմ ցավում կատարվածի համար, բայց հուսով եմ՝ նոր ներկայացում կլինի Վարդանի հետ, որովհետև նա արարող տեսակ է: Ինքը կա, ես ուրախ եմ իր տեսակի համար: Կցանկանայի՝ նա շատ շուտ դուրս գար, ցավում եմ այդ փաստի համար, նաև այն ընտանիքի տղաների համար, շատ ցավալի փաստ էր: Ես կցանկանամ, որ Վարդանը ստեղծագործի, այդ ամենը մնում է քո կյանքի, քո ուղեղի ֆայլի մեջ, դա երբեք չի անջատվում, գնում է մինչև կյանքի վերջ: Որպես ընկերոջ, ստեղծագործողի, զրուցակցի՝ նրան շատ եմ կարևորում, նման տեսակ պետք է մեր քաղաքին, որ առանց այլևայլության է սիրում, իր գործով. նա դա բազմիցս է ապացուցել:

Անուշ Թորոսյան Էմմա, գիտենք, որ  շատ եք օգտագործում ֆանտաստիկ բառը: Ձեզ համար մեր քաղաքում հիմա հատկապես ի՞նչն է ֆանտաստիկ:

Էմմա Պետրոսյան Մեր քաղաքում ի՞նչն է ֆանտաստիկ… ձյունը, տիկնիկային թատրոնը և յուրաքանչյուր անակնկալ, ինչ ես կարող եմ տեսնել:

Իզաբելլա Հովհաննիսյան Արամո, իսկ Դուք ունե՞ք բառեր, արտահայտություններ, որոնք միայն ձեզ են բնորոշ: Կամ գուցե Էմմա՞ն այդ մասին ասի:

Էմմա Պետրոսյան Լավ, է՜…

Արամո Չէ, ինձ մոտ մի քիչ այլ բնույթ է կրում: Լավ բան չեմ անում, բայց կան բառեր, որոնք շատ-շատ եմ օգտագործում: Չէ, հիմա չեմ ասի՝ որ բառերն են, լավ չի, բայց… դմբո եմ, ինչ անեմ…:

Անուշ Թորոսյան Մոտ ապագայի համար ի՞նչ ծրագրեր ունեք: Որևէ համատեղ երգ, տեսահոլովակ, բեմադրություն կարո՞ղ ենք սպասել:

Արամո  Ծրագրերը… Էմմայի պիեսն է, Սուրենը նոր բեմադրություն է անում՝ «Ցանկություն տրամվայ», որտեղ ընդգրկված ենք ես, Լուիզան Ղամբարյան, Նաիրան դրամատիկական թատրոնի: Հիմա փորձերի շրջան է, կարծում եմ՝ ապրիլին, տա Աստված, Սուրենը բեմադրությունը կներկայացնի: Բնականաբար, համերգներ, կարծում եմ, կլինեն, նոյեմբերին իմ մենահամերգը եղավ՝ «30 տարի բեմում»: Կցանկանամ այս տարի էլ Էմմայի հետ համատեղ համերգ լինի, առաջ Աստված՝ սիմֆոնիկ նվագախմբով, էստրադային օրկեստրով, որովհետև նոր լավ երգեր, ստեղծագործություններ կան: Տեսահոլովակ էլ ցանկանում եմ, բայց անկեղծ ասած՝ չգիտեմ՝ երբ կլինի:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ