Արվեստի բնագավառում տարվա գլխավոր ձեռքբերումներից մեկն անխոս «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմն է: Ուրեմն, պատահական չէ, որ 2016-ի «Առավոտյան սուրճի» վերջին հյուրը ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանն է: Նրա հետ Իզաբելլա Հովհաննիսյանն ու Անուշ Թորոսյանը զրուցում են ոչ միայն հրաշալի այդ ֆիլմի, այլ Մհեր Մկրտչյան արվեստագետի անցած ճանապարհի, ներկա զբաղվածության և գալիք ծրագրերի մասին:

Ներկայացնում ենք Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցի տեքստը՝ որոշ կրճատումներով: Ամբողջական հարցազրույցը դիտեք տեսագրված տարբերակով.

Իզաբելլա Հովհաննիսյան 2016 թվականի ամենամեծ ձեռքբերումներից մեկը արվեստում համարում ենք Ձեր «Կյանք ու Կռիվ» ֆիլմը: Այդ պատճառով էլ տարվերջյան հաղորդմանը հենց Ձեզ խնդրեցինք հյուր գալ, բայց դեռ կանդրադառնանք այդ ֆիլմին: Սովորաբար զրույցը մեր հյուրերի հետ սկսում ենք այս հարցով: Ինչպե՞ս եք սկում Ձեր օրը: Եվ ո՞րն է օրը հաջող սկսելու Ձեր նախընտրելի տարբերակը:

Մհեր Մկրտչյան Օրը հաջող սկսելու նախընտրելի տարբերակն է, որ այնքան շուտ չզարթնեմ՝ ինչպես այսօր: Շատ դժվարությամբ եմ արթնանում, քանի որ ուշ եմ քնում: Ամենից տանջալիցը դա է՝ շուտ արթնանալ, երբ ինչ-որ տեղ է պետք գնալ:

Անուշ Թորոսյան Ծնվել եք Երևանում: Հասկանալի է, որ տաղանդավոր կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի որդին առանց ծնողական խորհրդի կամ հորդորի էլ կարող էր կինոն ընտրել որպես մասնագիտություն, բայց կպատմե՞ք՝ ինչպես այդ ամենը եղավ, մեկնեցիք Ռուսաստան և ընդունվեցիք Գերասիմովի անվան կինոյի պետական ինստիտուտի սցենարական և կինոյի պատմության ֆակուլտետը և այլն:

Մհեր Մկրտչյան Բացարձակ որևէ նշանակություն չունի դա, ավելին՝ մինչև 10-րդ դասարան մտադրություն չունեի կինոյի ասպարեզն ընտրելու, ավելի ուրիշ բաներ էի տեսնում ինձ համար: 89 թիվն էր, սկսեց քանդվել Սովետը, սկսեցին քանդվել բոլոր պլանները: Այսինքն՝ եթե մի բան էիր պատկերացնում, ինչ-որ կարիերա… ես մտադրություն չունեի կինո գնալու: Պատրաստվում էի ընդունվել իրավաբանական: Վերջին տարում ինչ-որ բաներ կատարվեցին նաև իմ մեջ՝ հիասթափություններ և որոշում՝ չէ´, ես ուզում եմ գնալ կինո: Այս իրավիճակում ընտանիքը բացարձակ որևէ կապ չուներ: Պարտադիր չէ, որ ասում են՝ եթե կինոյի ընտանիքից է, պիտի զբաղվի կինոյով:

Անուշ Թորոսյան Ավարտելուց հետո երկար ժամանակ կապ չեք ունեցել կինոյի հետ և աշխատել եք կոմերցիոն կառույցներում: Դա բացատրում եք նրանով, որ այդ ժամանակ գրեթե կինո չկար:  Ե՞րբ սկսեցիք նկարել, ի՞նչը վերադարձրեց կինո:

Մհեր Մկրտչյան Ինձ վերադարձրեց մի փաստ: Ինձ համար անհետաքրքիր դարձավ ապրել: Ամեն ինչ կար, լավ էր, լուծված էին բոլոր կենցաղային հարցերը, ոնց են ասում՝ չաղ, ուրախ, բախտավոր: Ես զբաղվում էի բիզնեսով, աշխատում էի բանկում, ամեն օր, գալով գրասենյակ, երբ քարտուղարուհին բերում էր սուրճը, հասկանում էիր քո օրվա ծրագիրը՝ ինչով պետք է զբաղվես…: Եվ այդպես՝ երեք-չորս-հինգ տարի՝ ամեն օր, դեժավյուի պես. день сурка էր դարձել: Ես հասկացա, որ ինձ ոչինչ հաճույք չի պատճառում, ամեն ինչի սովորել էի՝ կոմֆորտի, թանկ սուրճի, ոչինչ չէր հետաքրքրում, սկսեցի ժանգոտել, հասկացա, որ կամ ինչ-որ բան պետք է փոխեմ իմ կյանքում, կամ ուղղակի կարելի է ցնդել, ու որոշեցի զբաղվել կինոյով: Քանի որ ես ավարտել էի սցենարականը, փորձում էի գրել սցենարներ: Սկսվեց կինոաշխարհ մտնելու առաջին էտապը, երբ բոլորը քեզ վրա թքած ունեն. դու ինչ-որ բան եթե ուզում ես ստեղծել, նկարել, գրել, պետք է անցնես մի շատ ծանր ճանապարհ, և սկսվեց այդ ճանապարհը: Իմ մուտքը կինո Ռուսաստանում բավական թանկ նստեց, որովհետև եթե ինքդ պետք է վճարես քո մուտքի գումարը, դա ամեն դեպքում ծանր ճանապարհ է: Բախտը վերևից չի իջնում, որ ասես՝ ես գրել եմ այսինչ բանը, ո՞վ կուզի նկարել, ու բոլորը հերթ են կանգնած: Ոչ ոք չի ուզում նկարել, գործ անել քեզ հետ, մինչև դու չկարողանաս այդ մուտքի վճարը վճարել:

Անուշ Թորոսյան  Ձեր «Երեքը և Սնեժինկան» առաջին ֆիլմը բավականին հայտնի է Ռուսաստանում: Գլխավոր դերում հանդես է եկել Իվան Ուրգանտը: Սցենարի հեղինակը, պրոդյուսերն ու ռեժիսորը Դուք եք: Մի փոքր կպատմեք ֆիլմի նկարահանման պրոցեսի, նաև հեշտ էր Իվան Ուրգանտի հետ աշխատելը:

Մհեր Մկրտչյան Հեշտ չէր ոչ մի բան, որովհետև առաջինն էր ինձ համար. քեզ ամեն ինչ դուր է գալիս, դուր են գալիս արվեստի բնագավառի մարդիկ, Ուրգանտը, Կատյան և Վանյան… դա է ամենամեծ սխալը: Բացի զուտ աշխատանքից, դու նաև սկսում ես հաճույք ստանալ այդ պրոցեսից, և անկախ քեզնից՝ դու միշտ, հարաբերական իմաստով, մի գավաթ սուրճ ստանալու համար վճարում ես տասը գավաթ սուրճի գին: Դա է վճարը քո անփորձության, քո անխելքության: Այդ ֆիլմը դեբյուտն էր, ես բոլորովին միտք չունեի լինել ռեժիսոր, ես պրոդյուսերն ու սցենարիստն էի: Աշխատում էր մի ռեժիսոր, ես վերցրել էի մի ռեժիսոր, սակայն անցավ մի շրջան, նա լավ չէր կատարում իր պարտականությունները, խմում էր. ես հասկացա, որ պետք է փոխել ռեժիսորին: Եկավ ավելի ջահել ռեժիսոր, հա՝ շնորհքով, տաղանդավոր, բայց՝ անփորձ: Նրան սկսեցին ուտել դերասանները: Կար երկու ճանապարհ՝ կամ փակել, դրանից հետո այլևս երբեք չզբաղվել կինոյով, կամ շարունակել: Դրանից հետո ես ինքս դուրս եկա հրապարակ: Երբ առաջին անգամ դուրս ես գալիս ու դու իրենց պետք է ասես՝ ով ինչ պետք է անի… վախենալու էր: Հա, միգուցե կոմերցիոն տեսակետից ամենահաջողված ֆիլմն էր, բայց ինձ համար՝ ամենաանհաջողն է ու թերություններով լի:

Իզաբելլա Հովհաննիսյան «Ես չեմ կարող վատ դերասանից լավ դերասան ստանալ, դրա համար էլ ձգտում եմ աշխատել տաղանդավոր դերասանների հետ». Ձեր հարցազրույցներից է: Կարո՞ղ եք առանձնացնել մի քանի դերասանի, ում հետ աշխատանքը չափազանց հեշտ և հետաքրքիր է եղել:

Մհեր Մկրտչյան Իհարկե, սկսած Ռուսաստանից: Սերգեյ Շակուրով, դերասան, ում հետ ես, կարելի է ասել, ավարտել եմ Օքսֆորդը, Քեմբրիջը, և էլի հինգ բարձրագույն կրթություն եմ ստացել նրա հետ մի տարի աշխատելուց հետո, մարդ, ումից կարող ես այնքան բան սովորել, և ում հետ աշխատելը մի ուրիշ մակարդակի հաճույք է: Կան մի շարք այդպիսի դերասաններ՝ Կոնստանտին Յուշկևիչ, Դիմա Մարյանով: Երևի Ձեզ ավելի հետաքրքիր են հայ դերասանները: «Կյանք ու կռիվ» ֆիլմը. ես չեմ կարող նշել որևէ դերասանի, եթե մենք խոսում ենք գլխավոր դերերի մասին, քանի որ միշտ կա երկրորդ պլանում ինչ-որ մեկը, որ հա, կարող էր ավելի լավ խաղալ, բայց համարյա թե կարող եմ թվարկել այս ֆիլմի տիտրերը, բոլոր դերասանները, ում հետ աշխատել եմ, ովքեր նկարահանվել են ֆիլմում, նրանց հետ աշխատելը կոմֆորտ էր, հաճելի, որևէ կիքս չի եղել, մեծ բավականություն եմ ստացել:

Անուշ Թորոսյան «Պապ 005» բազմասերիանոց ֆիլմում նկարահանվել են նաև հայ դերասաններ՝ Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանն ու Մկրտիչ Արզումանյանը: Ինչու՞ հենց նրանց ընտրեցիք, և արդյո՞ք կան տարբերություններ հայ և ռուս դերասանների աշխատաոճում: Ու՞մ հետ էր ավելի հեշտ աշխատելը:

Մհեր Մկրտչյան Չէ, կա լավ դերասան ու վատ դերասան, կապ չունի՝ հայ, ռուս, վրացի կամ իտալացի, պրոֆեսիոնա՞լ է, թե՝ ոչ, տաղանդավո՞ր է, թե՝ ոչ, ուրիշ հարց երբեք չի կարող լինել: Ինչու՞ հենց իրենց… այդ պահին էդ տեսա: Մի տարի Հայաստանում աշխատելուց ու ֆիլմ նկարելուց հետո շատ ավելի շատ գիտես, ավելի շատ ես ճանաչում, ու երբեք չգիտես՝ կյանքի որ էտապում ինչ որոշում կընդունես: Ինչու՞ հայեր: Ուզում էի՝ լինեն հայեր, որ մեր հայ դերասանները հնարավորություն ունենան՝ աշխատելու նույն այն գելուգազանների հետ, ում հետ աշխատում էի ես, որովհետև դա մեծ փորձ է, մեծ դպրոց: Ի վերջո՝ հայ եմ ես, և ինձ թվում է՝ բնական է այդ ցանկությունը՝ ինչ-որ լավ բան փորձել անել: Ինչու՞ հենց Նազենին, Մկոն, Հրանտը: Ինձ շատ հետաքրքիր էր իրենց հետ աշխատելը: Ես ինձ համար հայտնաբերեցի նոր Նազենի, որ բացարձակ նման չէր այն ոճին, որում ես տեսել էի իրեն կինոյում: Հայտնաբերեցի ֆանտաստիկ Մկո. աշխատելու ընթացքում ես հասկացա, որ Մկոն սարսափելի լայն դիապազոն ունի, և ռեժիսորը նրա հետ կարող է անել՝ ինչ ցանկանա, դա շատ հզոր բան է: Հրանտը Թոխատյան. ես ի՞նչ էի տեսել Հրանտից: Նա շատ հետաքրքիր էր՝ որպես մարդ, որպես դերասան, հետաքրքիր էր փորձել:

Իզաբելլա Հովհաննիսյան Հիմա արդեն գանք «Կյանք ու կռիվ» ֆիլմին: Հայաստանում այն մեծ ոգևորությամբ ընդունվեց և մեծ հաջողություն ունեցավ: Անկեղծ ասած, դեռ չենք լսել ոչ մի բացասական կարծիք: Մեզանում այդպես գրեթե չի լինում: Դրա գաղտնիքն՝ ըստ Ձեզ:

Մհեր Մկրտչյան Ես լսել եմ: Մասնագետներից՝ արվեստագետներից, ռեժիսորներից լսել եմ բավական վատ, բացասական կարծիքներ: Բայց դա լրիվ նորմալ է, որովհետև ամեն մարդ ունի իր կարծիքի իրավունքը և կարող է հավանել կամ չհավանել ինչ-որ բան, ինչպես և ես հավանում եմ կամ չեմ հավանում ինչ-որ ֆիլմ: Այդ ընդհանուր դրական մթնոլորտը, որ ստեղծվել է… գիտե՞ք՝ երբեք դա չեք կարող կանխագուշակել: Երբեք ֆիլմ նկարելուց կամ ֆիլմը դուրս գալուց առաջ չեք կարող կանխագուշակել՝ այսպես կլինի՞, թե՝ չէ: Ի՞նչ է դա՝ ինձ երջանկացնող, ուրախացնող մի բան: Սպասու՞մ էի արդյոք՝ ոչ, վստա՞հ էի՝ իհարկե ոչ, այդքան մեծամիտ չեմ: Դե, ստացվեց, ուղղակի կարող ես ուրախ լինել, որ դրական մթնոլորտի մեջ է ֆիլմը:

Իզաբելլա Հովհաննիսյան Լավ սցենար, որում Արցախյան պատերազմին ու այդ տարիների կյանքին նվիրված սցենար, ուր նուրբ թելով միահյուսված են հումորը, ծիծաղն ու արցունքը, կյանքը, մահը, հետո՝ դերասանախմբի հրաշալի ընտրություն, որով ի հայտ են գալսի մի քանի երիտասարդ տաղանդավոր դերասաններ, ռեժիսորական ու օպերատորական փայլուն աշխատանք, մի խոսքով կինոյի բոլոր բաղադրիչների հավասարազոր  հաջողություն: Խնդրում ենք, որ ուղղակի մի քիչ պատմեք այդ ֆիլմի ստեղծագործական պրոցեսի մասին, քաստինգի ու նկարահանման ընթացքի:

Մհեր Մկրտչյան Գիտե՞ք՝ Հայաստանում կա մի ծանր պրոցես, առավել ևս՝ այն ռեժիսորների համար, որ գալիս են դրսից: Ուզում եմ ես, թե ոչ, բայց ես էլ էի դրսից եկած, որովհետև Հայաստանում աշխատում եմ առաջին անգամ: Քեզ միշտ ցույց են տալիս ճանաչված դերասանների, աստղերի մի 10 – 15 դեմքեր, և բոլոր խոսակցություններն ավարտվում են նրանով, որ՝ դե, էս ա, էլի, դե էլ մարդ չկա, ո՞վ կա էլ: Հարցն այն չէ՝ լավն են նրանք, թե վատը: Թող լինեն շատ լավը: Բայց արդյո՞ք նրանցով ավարտվում է հայ դերասանական…. Նույն բանը կատարվեց և ինձ հետ: Լավ, ես գիտեմ Նազենիին, Մկոյին, Հրանտին Թոխատյան, շատ լավն են, հետո՞… էս, էս, էս… է՞լ…. Խորեն Լևոնյան, է՞լ… դե, չկա էլ: Ո՞նց չկա: Այդ «չկա» պատասխանի չբավարարելուց հետո ես ուղղակի մոտ երկու-երեք ամիս ամեն օր գնում էի թատրոն՝ տարբեր թատրոններ, տարբեր ներկայացումներ՝ լավ, թե վատ՝ կարևոր չէ: Ամեն անգամ փորձում էի ընտրել դեմքեր: Եվ իմ ֆիլմերի՝ թե առաջինի, թե երկրորդի համար ես գտա բավական մեծ թվով, Հայաստանի համար բավական բարձր մակարդակի՝ ամենա-ամենադերասաններ: Սամվել Թադևոսյանի հետ մենք միասին մի ուրիշ նախագծի համար քասթինգ էինք արել, ես նրան չէի նկարել, բայց հիշել էի, և գրեթե համոզված էի, որ իրեն եմ նկարելու: Գիտեք՝ սուտ է այդ ամենը՝ քասթինգ, համապատասխանել: Ինտուիցիայի հարց է: Կարող է մեկը քասթինգին շատ լավ կատարել, մեկը՝ վատ, բայց ես ընտրեմ վատ կատարողին: Լավը դեռ ոչինչ չի որոշում: Միշտ նկարահանման ընթացքում կատարվում է էներգափոխանակություն ռեժիսորի և դերասանի միջև: Եվ հարցն այն է՝ այս տարբերակում դա հնարավո՞ր է, թե՝ ոչ:

Իզաբելլա Հովհաննիսյան  Որքանով տեղյակ ենք, արդեն պատրաստ է «Կյանք ու կռիվ» երկուսը: Մտավախություն է չունեք, թե առաջին ֆիլմի հաջող պրեմիերայից հետո, երկրոդը կարող է նույն հաջողությունը չունենալ, քանի որ առաջինով շատ բարձր սանդղակ է սահմանվել, իսկ հանդիսատեսի սպասումը շատ մեծ է: Ի՞նչ եք պատմում երկրոդ մասում, հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ Սամվել Թադևոսյանի կերտած գլխավոր հերոսն այլևս չկա:

Մհեր Մկրտչյան Մտավախություններ, իհարկե կան: Ես այդքան մեծամիտ չեմ, որ ասեմ հեսա նայեք ինչ ենք անելու: Չէ: Միշտ վախենում ես: Շատ դժվար է, եթե առաջինը հաջողություն է ունեցել, դու արդեն երկրոդը նկարելուց ինչ անես, որ չկրկնվես: Հիմա դա կամ հաջողվում է, կամ ոչ: Ես փորձում եմ մտածել ու կարծում եմ, որ հաջողվել է չմնալ առաջինի տակ: Եվ իր ոճով, և դինամիկայով, ինքը տարբերվում է, ինքը ուրիշ է, թեև շարունակությունն է: 2016 թիվն է, ապրիլյան պատերազմը ընդգրկված է:

Իզաբելլա Հովհաննիսյան Կա՞ մի թեմա, որ ցանկանում եք ֆիլմ դարձնել, սակայն թեման դեռ «եփված» չէ, այսինքն՝ պատրաստ չէ ֆիլմ դառնալ:

Մհեր Մկրտչյան  Էս պահին՝ ոչ: Ինչ ուզել եմ՝ փառք Աստծո, հաջողվել է և վերջիվերջո դարձել է ֆիլմ:

Իզաբելլա Հովհաննիսյան 2015թ-ից Երևանի Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարն եք: Շատ ռեժիսորներ ասում են, որ թատրոնի ու իրականության միջև կապը կորսված է, թատրոնում չի արտահայտվում: Դուք կարողանու՞մ եք այդ բացը լրացնել ու արդյո՞ք արդարացված է նման պահանջը թատրոնից:

Մհեր Մկրտչյան Թատրոնը շատ ավելի բարդ մեխանիզմ է, շատ ավելի ծանր, որը միգուցե ինձ թվում էր մի տարի առաջ, երբ դառա գեղարվեստական ղեկավար և շատ ավելի ժամանակ պահանջող ինչ-որ արդյունքի հասնելու համար: Կտրված է իրականությունից, թե ո՞չ՝ չկա կոնկրետ թատրոն հասկացողություն: Կա թատրոն, որը կտրված է, կա թատրոն, որը կտրված չէ, ինչպես և մարդիկ: Կան ռեժիսորներ, որոնք կտրված են իրականությունից, կան ռեժիսորներ, որոնք կտրված չեն իրականությունից: Իմ համար, ո՞րն է ավելի  նախընտրելին՝ ես սովոր եմ նրան, որ բավական երկար տարիներ, այդ թատրոն հասկացողությունը չկա նույնիսկ թատրոնում: Այսինքն մի բան, որը ես վերացնում եմ կինոյում՝ այդ թատրոնը, նաև երկար տարիներ գոյություն չունի թատրոնում: Ոճն է փոխվել, ժամանակն է փոխվել: Նույն Ռուսաստանում միշտ ինչ-որ ես տեսել եմ և ինչ-որ բան սովորել՝ չեն խաղում արդեն, բնականն է ճիշտը հիմա:

 

Անուշ Թորոսյան  Վերջերս նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում  հանդիպեց մտավորականների մի խմբի հետ: Դուք այդ հանդիպմանը բարձրացրիք սերիալների հարցը: Որքան գիտենք, հանրային հեռուստաընկերությունն այսուհետ ոչ թե սերիալներ է ցուցադրելու, այլ բազմասերաիանոց ֆիլմեր և այդ նոր քաղաքականությունը նույնպես դրված է ձեր ուսերին՝ որպես գլխավոր պրոդյուսեր:

Մհեր Մկրտչյան  Ես դրա մասին ավելի ուշ կխոսեմ, երբ այդ ամենը սկսվի իրականանալ: Ինչ վերաբերում է Նախագահին տրված հարցին, այո, իսկապաես ինձ հետաքրքիր էր, կա՞ պետական քաղաքականություն դրա հետ կապված: Հասկացա, որ երևի՝ ոչ:

Իզաբելլա Հովհաննիսյան  Ինչպիսի՞ն է Ձեր կյանքի ֆիլմը, և ո՞վ է նրա ռեժիսորը՝ Դու՞ք, թե՞ ճակատագիրը:

Մհեր Մկրտչյան Վերջում կպարզվի, չգիտեմ: Վերջում կպարզվի, որովհետև դա այնքան բարդ հարց է: Արդյո՞ք հիմա, որ ես եկա ձեր մոտ՝ հարցազրույցի,  ճակատագի՞ր է, թե՞ ես որոշեցի: Ու ես հիմա, որ դռնից դուրս գամ և իմ կյանքը լրիվ ուրիշ կերպ գնա, կամ վերևից սառույց ընկնի՝ մեռնեմ, կամ հակառակը՝ ինչ-որ լավ բանի հասնեմ, սա ճակատագի՞ր է, թե՞ ես որոշեցի: Մի կողմից սա իմ որոշումն է՝ եկա ձեր մոտ, կարող էի չգալ: Մյուս կողմից բա ճակատագիրը ի՞նչ է: Ինձ ո՞վ ստիպեց, որ ես այդ որոշումը ընդունեմ: Հարց, որը չունի պատասխան: Ես հավատում եմ, որ կա ճակատագիր հասկացողություն, ես հավատում եմ, որ ճակատագիրը մի բան է, որը նաև մենք ենք ստեղծում:

Անուշ Թորոսյան  Ամեն դեպքում ափսոսում եմ, որ համր կինո այլևս չկա: Որքան հաճելի էր տեսնել՝ ինչպես է կինը խոսում, մինչդեռ ձայնը չի լսվում: Այս կատակը Չարլի Չապլինինն է:  Որո՞նք են կնոջ լավագույն հատկանիշները Ձեզ համար:

Մհեր Մկրտչյան Իմ համար  բոլոր լավ հատկանիշների հետ մեկտեղ ես սիրում եմ սիրուն կանանց, ես սիրում եմ սիուն մարմին, ես սիրում եմ հմայք: Բայց այդ բոլոր բաղադրիչների հետ միասին ինձ համար կարևոր է, որ կինը լինի խելացի:

Անուշ Թորոսայան Արդեն ծրագրել եք՝  Նոր տարին ինչպես և որտեղ եք նշելու: Ունե՞ք ամանորյա ավանդույթներ, որոնք պահպանում եք, և ի՞նչ ծրագրեր կամ ցանկություններ, երազանքներ ունեք հաջորդ տարվա համար:

Մհեր Մկրտչյան Չէ, ես ավանդույթներ երբեք չեմ ունեցել: Ոնց այդ պահին սիրտը տվեց, տանը՝ հարազատների հետ, ընկերների հետ:



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ