«Հազար անգամ պիտի ընկնես՝ որպեսզի թռչել կարողանաս»: Բալետի մասին այս տեսակետը Սյուզի Փիրումյանը հաստատում է թե խոսքով և թե սեփական կենսափորձով: Անդադար աշխատանք, սակավապետություն ու անմնացորդ նվիրում: Սրանք են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պրիմա պարուհի Սյուզի Փիրումյանի երեք հիմնական սկզբունքները: Դիտելով Իզաբելլա Հովհաննիսյանի և Անուշ Թորոսյանի հուզիչ զրույցը նրա հետ «Առավոտյան սուրճ» նախագծում՝շատ ավելին կիմանաք թե առաջնակարգ պարուհու, և թե առհասարակ բալետի մասին:

 

Ներկայացնում ենք Սյուզի Փիրումյանի հետ հարցազրույցի տեքստը՝ որոշ կրճատումներով: Ամբողջական հարցազրույցը դիտեք տեսագրված տարբերակով.

Անուշ Թորոսյան Ինչպե՞ս եք սկսում Ձեր օրը: Այս հարցը գրեթե բոլորին ենք տալիս, բայց Ձեր դեպքում այն հատուկ իմաստ ունի: Սլացիկ կազմվածք ունենալու համար պարուհին գուցե առավոտից որոշ սննդակարգ պիտի պահպանի:

Սյուզի Փիրումյան Իմ առավոտները սկսում եմ մեկ գավաթ թեյով: Ոչ միայն ես, ընտանիքով մեկ գավաթ թեյ ենք խմում՝ մի փոքր նախաճաշիկով. ինձ համար դա պարտադիր մեղրն է, շատ քիչ՝ կես գդալ մոտավորապես, բայց մի գավաթ թեյ պարտադիր պետք է առավոտները ես խմեմ, իմ բալիկները` նույնպես: Կոլեգաներս միշտ հարցնում են՝ ո՞նց ես հասցնում առավոտյան անգամ թեյ պատրաստել, սեղան գցել, բայց իմ բնույթով ես շատ արագաշարժ եմ. մի ձեռքով երեխաներին եմ հագցնում, մյուսով թեյ եմ պատրաստում: Սննդակարգին իհարկե հետևում եմ, մենք մեզ շատ ենք հետ պահում համեղ ուտելիքներից, բայց մի կոնկրետ բան կա. եթե ուզում ես նիհարել, ուղղակի պետք է չուտես, իսկ դա ես կարողանում եմ:

Իզաբելլա Հովհաննիսյան Եթե ցանկանաք, ընտանիքի անդամներով կարող եք բալետային մինի-ներկայացում բեմադրել: Ձեր քույրը և եղբայրը նույնպես ավարտել են Պարարվեստի պետական ուսումնարանը, բալետի բաժինը: Ինչպե՞ս ստացվեց, որ ընտանիքի երեք երեխաները որպես մասնագիտություն ընտրեցին բալետը: Եվ ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը բալետի կախարդական աշխարհ:

Սյուզի Փիրումյան Մենք գնում էինք քաղաքային Պիոներ պալատ: Մայրս սիրում էր դռան արանքից նայել, թե ինչ է կատարվում, թե ինչ առաջընթաց ունեն իր բալիկները, մի անգամ ուսուցչուհուն ասել է՝ ես զգում եմ՝ իմ բալիկները առաջին շարք չեն գալիս, և առաջընթացը քիչ է: Եթե կասեք՝ նրանք պարային տվյալներ չունեն, ես կփորձեմ ուրիշ տեղ տանել: Ուսուցչուհին ասել է՝ գիտեք, Ձեր երեխաները իդեալական պարային տվյալներ ունեն, ինչը մանավանդ Հայաստանում քիչ է հանդիպում: Խորհուրդ է տվել տանել բալետի, ասել, որ այսօր թե վաղը վերջին օրն է ընդունելության: Ես էլ փոքրուց սովորություն ունեի, բարձրանում էի սեղանին, ընտանիքիս անդամները պետք է նստեին բազմոցին, և ես պարում էի բալետ: Շատ ճիշտ է, որ ասում են՝ երեխան փոքրուց է արտահայտում այն, ինչ կա իր մեջ: Բալետն իմ մեջ փոքրուց եղել է: Մայրս տպավորվել էր ուսուցչուհու խոսքից, ինձ ու քույրիկիս տարավ Բալետի ուսումնարան, երկուսս էլ ընդունվեցինք: Եվ սկսվեցին բալետի բարդ տարիները: Ես երբեմն զանգում եմ մայրիկիս, ուղղակի ասում՝ շնորհակալություն: Մայրս արդեն սովորել է, գիտի՝ ինչու եմ ասում շնորհակալություն: Ես չեմ պատկերացնում՝ ինչ այլ մասնագիտություն պիտի ընտրեի, որ այսքան սիրեի: Երջանիկ են մարդիկ, ովքեր այդքան սիրում են իրենց աշխատանքը: 

Իզաբելլա Հովհաննիսյան Շուրջ տասնհինգ տարի առաջ, երբ  Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին քայլերն էիք անում, անվանի խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանը Ձեզ վստահեց Հռիփսիմեի գլխավոր դերապարը Լորիս Ճգնավորյանի «Սուրբ Հռիփսիմե» բեմադրության մեջ: Կհիշե՞ք՝ ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ առաջին անգամ բեմ բարձրացաք՝ արդեն որպես մենապարուհի:

Սյուզի Փիրումյան Ես կպատմեմ ևս մեկ դեպք. երբ հայրիկիս հետ քայլում էինք օպերայի տարածքով, հայրս նայում էր բալետային աֆիշներին, ասում էր՝ Սյուզի, գրված են պրիմա-պարուհիների անունները, տեսնես՝ երբևէ ես կտեսնե՞մ այստեղ քո անունը: Ինձ թվում է` ամեն ինչ սկսվեց այդտեղից, ենթագիտակցորեն: Ես վերջերս եմ հիշել հորս խոսքերը: Դա, փաստորեն, դաջվել է իմ մեջ, ես դրանով եմ առաջնորդվել: Երբ կանգնում էի մասսայի վերջին շարքերում՝ դպրոցում, ինձ թվում էր՝ մենք բոլորս պարում ենք պրիմա պարուհու համար: Ես երազում էի՝ երբ կգա այդ օրը: Ես անցա այդ բարդ ուղին, այն իսկապես բարդ էր՝ բոլոր կողմերից, և հասա այնտեղ, որտեղ այսօր եմ: Նոր էի ավարտել ուսումնարանը, երբ ասացին՝ Հռիփսիմեի դերում եմ հանդես գալու, ցնծությունս շատ մեծ էր, բայց նաև պատասխանատվությունն էր մեծ: Գնացի առաջ: Եղավ պրեմիերան, որի համար շատ շնորհակալ եմ Մաքսիմ Մարտիրոսյանին. նա հոյակապ անձնավորություն էր, պրոֆեսիոնալ, որի հետ աշխատելն ուղղակի հաճույք էր: Ես հպարտ եմ, որ աշխատել եմ նրա հետ: Այնտեղ իմ զուգընկերը բեմում Հովհաննես Դիվանյանն էր՝ Տրդատի դերում: Առաջին անգամ նման մեծության հետ բեմ դուրս եկա... իմ առաջին ներկայացումն էր, այն էլ՝ նման արտիստների հետ: Ինձ համար մեծ բավականություն էր պարել նման մեծությունների հետ:

Անուշ Թորոսյան Մասնագետներն ասում են՝  որպեսզի մեկ անգամ թռչես, պետք է շատ անգամ ընկնես: Բալետի տեխնիկան դժվար է: Այն սովորելը հեշտ չէ, բայց հնարավոր: Սակայն տանջալից աշխատանք է պահանջում: Ինչքա՞ն և ինչպե՞ս եք աշխատել նման արդյունքի հասնելու համար: Հաջողության այդ ճանապարհին շա՞տ բաներից եք զրկել Ձեզ:

Սյուզի Փիրումյան Նորից պիտի հիշեմ իմ ուսումնական տարիները: Ութերորդ դասարան էի, երբ մենք տեղափոխվեցինք այլ տուն: Մեզ հետ չէին կարողացել կապ հաստատել: Ամառային արձակուրդներին երկու թե երեք ամիս ողջ դասարանը պարապել էր դասական պար, իսկ ես այդ մասին տեղյակ չէի եղել: Երբ սեպտեմբերի 1-ին նորից գնացի ուսումնարան, մի մեծ ծրագիր անցել էին, դա ինձ համար բարդ էր. բոլորն արդեն հստակ անում էին այդ շարժումները, իսկ ութերորդ դասարանում շատ ավելի բարդ շարժումներ են անցնում: Ես շատ եմ սիրում իմ ուսուցչուհուն՝ Լոլա Ստեփանովնային: Մի անգամ հիշում եմ՝ երեխաները կարծես մի քիչ հեգնանքով էին նայում, որ չեմ կարողանում այդ շարժումներն անել: Ես սկսեցի լացել, ոտքերով հատակին խփեցի, խնդրեցի, որ ուսուցչուհիս ինձ ցույց տա այդ շարժումները, որովհետև ես չեմ սովորել, փորձում եմ կրկնել, չի ստացվում: Այդ տարին ինձ համար եղավ սողանքի տարի, ահավոր տարի էր, ես ստացա ամենացածր գնահատականը՝ 10-ից 5-ը, ինձ համար աշխարհը փուլ էր գալիս: Եվ ես, գիտե՞ք` ինչ էի անում: Գնում էի տուն, ամբողջ սենյակը դատարկում, կահույքը հրում պատերի տակ, պարապում ժամերով, ժամացույցը դնում էի հարմար տեղ, որ կարողանամ, ասենք, ուղիղ հինգ րոպե ոտքս վերև պահած կանգնել: Ոտքս դողում էր, բայց ես անում էի դա: Հաջորդ տարի ես ստացա ամենաբարձր գնահատականը, իմ ուսուցչուհու օգնությամբ, իհարկե: Նա զգաց, որ ես Աստծո տված տվյալներից բացի, ունեի նաև աշխատասիրություն և ուժեղ էի, ես ապացուցեցի, որ ամենևին ամենավերջինը չեմ: Ես բազմիցս եմ ընկել, կոտրել եմ ձեռքս, վերջերս պահումների ժամանակ լավ չստացվեց, գլխի վրա ընկա, հարված ստացա, մոտ տասը օր պառկած էի: Տրավմաները շատ - շատ են, բայց հավատացեք՝ արժե: Բեմում թռչելու համար արժե ընկնել:

Անուշ Թորոսյան Բեմական գործունեության ընթացքում կերտել եք  թատրոնի խաղացանկային բոլոր գլխավոր կերպարները: Ո՞րն է Ձեր ամենասիրած կերպարը կամ՝ առանձնահատուկը:

Սյուզի Փիրումյան Ես երբեմն մտածում եմ՝ այ, եթե որևէ կերպար ինձ հասանելի չլիներ, ես ուղղակի իմ տեղը չէի գտնի: Բոլոր կերպարների մեջ առանձնահատուկ բաներ կան, որ կերպարին մոտենում ես յուրովի: Իսկ որն է իմ ամենասիրելի դերը, այդ հարցին ես այդպես էլ չեմ կարողանում պատասխանել: Եթե պարում եմ Ժիզել, ինձ համար ամենասիրելի դերը Ժիզելն է, եթե պարում եմ Կարմեն, ամենասիրելի դերը Կարմենն է: Այդպես «Դոն Կիխոտը», «Սպարտակը»: Անկրկնելի են ինձ համար բոլոր դերերը, և յուրաքանչյուր դերի մեջ ես գտնում եմ ինձ: Ամեն անգամ պարելիս ես նորություններ եմ անում, դա ոչ միայն տեխնիկային է վերաբերում, այլև իմ արտահայտչամիջոցներին, թե ինչպես կզգամ ես ինձ բեմում՝ մենակ ժամանակ և պարտնյորի հետ: Ամեն անգամ պարելով դու աճում ես: Չնշեցի Գայանեի դերը, որ երեկ եմ էլի պարել: Բոլոր դերերն եմ սիրում, և  դեռ ուզում եմ շատ դերեր պարել: Ավաղ, Հայաստանում քիչ են պրմիերաները, և ես մեծ ցանկություն ունեմ աշխատել դրսի բալետմեյստրների հետ, տեսնել ուրիշ ձեռագրեր, ավելի ժամանակակից: Վերջերս մեզ հյուր եկավ Արսեն Մեհրաբյանը, բեմադրեց «Սասունցի Դավիթ» օպերան, որի մեջ զբաղված էր նաև բալետը, և ես ինքս ցանկություն հայտնեցի աշխատել նրա հետ: Ինձ հետաքրքիր էր՝ ինչ լուծումներ է նա գտնում, ինչ շարժումներով, ինչ եզրահանգման է գալիս: Ձեզ ասեմ՝ շատ հետաքրքիր էր նրա հետ աշխատել, պրեմիերան ուղղակի ինչ-ինչ պատճառներով չեղավ, բայց հուսով ենք՝ մյուս տարի կլինի:

Իզաբելլա Հովհաննիսյան Եղե՞լ են դեպքեր, որ  կերպարը արտահայտվել է  նաև կյանքում: Առհասարակ, Ձեզ համար ե՞րբ է ավարտվում ներկայացումը:

Սյուզի Փիրումյան Ասեմ, հատկապես պրեմիերայի ժամանակ մենք շատ ավելի ընկղմված ենք լինում կերպարի մեջ: Այդ ժամանակ է ավելի ցայտուն լինում: Այսինքն՝ եթե բեմում ես Գայանե եմ, դա մի քիչ շարունակվում է կյանքում, Ժիզել եմ կամ Ջուլիետա, դա՝ ևս: Այ, Ջուլիետայի կերպարը որ կերտում էի, ինձ թվում էր՝ ինձանից քնքուշ էակ չկա: Ինձ համար ներկայացումն ավարտվում է տանը, երբ իմ բալիկին գրկում եմ: Ես մի տեղ ունեմ խոհանոցում, հատակին, գրկում եմ իմ բալիկին ու զգում եմ, որ ավարտվեց ներկայացումը: Ոչ թե կուլիսներում, այլ՝ տանը:

Անուշ Թորոսյան Գիտենք, որ Ձեր սիրած կերպարները կերտելուց չեք հրաժարվել նաև այն ժամանակ, երբ բալիկի էիք սպասում: Քաթարում հյուրախաղերի ժամանակ հանդես եք եկել Ֆրիգիայի գլխավոր դերապարով՝ Խաչատրյանի «Սպարտակ»-ում: Արդյոք դժվար չէ՞ր, և դրան ինչպե՞ս վերաբերվեցին Ձեր ընտանիքի անդամները: Չփորձեցի՞ն հետ պահել:

Սյուզի Փիրումյան Փորձցին, բայց գիտեք՝ ես ինքս էլ շատ վախենում էի, չգիտեի՝ այդ քայլը անեմ, չանեմ: Բայց էլի մեծ ռիսկի դիմեցի: Ես այնքան մեծ հավատ ունեմ առ Աստված: Երբ շատ մեծ խնդրի առաջ եմ կանգնում, դիմում եմ Աստծուն՝ խնդրում եմ, կօգնե՞ս ինձ, և մինչ այսօր կարողացել եմ նման դժվար վիճակներից փառքով դուրս գալ:

Իզաբելլա Հովհաննիսյան Գիտենք նաև, որ  հետծննդյան արձակուրդից  Ձեզ հետ են կաչել, որպեսզի հանդես գաք  Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Այն ժամանակ կարողացաք 1 ամսում 15 կգ նիհարել: Որքան տեղյակ ենք՝ այդ ընթացքում նաև ուշաթափության դեպքեր են եղել, այլ բարդություններ: Ինչպե՞ս կարողացաք այդքան կարճ ժամանակահատվածում վերականգնել Ձեր կազմվածքը և դուրս գալ բեմ: Հավանաբար, նաև հոգեբանորեն է դժվար եղել:

Սյուզի Փիրումյան Ես բալիկիս նոր էի ունեցել, ինձ զանգահարում են Օպերայից՝ տնօրենը, ասում՝ դու պիտի շուտ հետ գաս, որովհետև հրավեր ունենք Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնից, պետք է Գայանե պարես: Ասում եմ՝ կներեք, չեմ կարող, պետք է մի որոշ ժամանակ ինձ թողնեք, նոր եմ երեխա ունեցել: Անցնում է մի քանի օր, նորից են զանգում, հետո մի քանի օրից՝ էլի: Բալիկիս կողքին էի, և ինձ այդ միտքը հանգիստ չէր տալիս, գիտեի, որ վաղը նորից են զանգելու: Եվ այդպես մի օր վեր կացա ու սկսեցի գնալ թատրոն: Իհարկե, իմ վիճակը ոչ բալետային էր, բայց քանի որ գնացել էի, պիտի գնայի մինչև վերջ: Երևի թե բալետային կյանքում ինձ հանդիպած ամենամեծ բարդությունն էր դա: Մեկ ամսում 15 կգ... սարսափելի էր: Այնքան չէի ուտում արդեն, դրա հետ միասին ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն, այո, նաև ուշաթափության դեպքեր են եղել: Իմ մեջ  մի դեպք է տպավորվել: Տասը օր քիչ էի սնվել, շատ քիչ, միս էի խաշել, որ կալորիաները քիչ լինեն: Մի կտոր դրեցի բերանս, և արցունքներս գնացին: Այդ տպավորությունս երևի կյանքում չեմ մոռանա: Դահլիճում էլ ստացել էի տրավմաներ, ուղղակի կանգնում էի, չէի կարողանում շարունակել: Նադյա Լենդրուշովնան՝ իմ ուսուցչուհին, ասում էր՝ չէ, Սյուզի, այսպես չի լինի, մի բան պետք է անել: Ես ուղղակի մնում էի կանգնած, շարժվել չէի կարողանում, ինձ գրկում էին, տանում հանդերձարան: Ու հաջորդ օրը ես նորից գալիս էի, մի քիչ շարժվում, ու էլի մնում կանգնած: Դեղերով, ցավազրկողներով, բուժումներով, շատ բարդ շրջան էր, բայց նորից եմ ասում՝ բալերինայի առաջին հատկությունը պետք է լինի աշխատասիրությունը, երկրորդը՝ պետք է նա ուժեղ մարդ լինի, որ անցնի այդ բարդ ճանապարհով:

Անուշ Թորոսյան Ինչպես ասում է Մայա Պլիսեցկայան՝ բալետի պարուհու համար իդեալական սնունդը ճապոնական խոհանոցն է: Ի՞նչ խոհանոց եք նախընտրում, և չուտելուց բացի՝ ո՞րն եք համարում նիհարելու ամենարդյունավետ եղանակը:

Սյուզի Փիրումյան Ես միշտ ասել եմ ու կասեմ՝ ամենաարդյունավետը չուտելն է:

Իզաբելլա Հովհաննիսյան Առաջիկայում հանդեսատեսին կներկայացվի նոր ներկայացում՝ «Դիմակահանդեսը», որը վաղուց չէր բեմադրվել: Նոր բեմադրությամբ բալետը կլինի՝ Արամ Խաչատրյանի մեծ գործերից երրորդը «Սպարտակից» և «Գայանեից» հետո: Ո՞ր փուլում են աշխատանքները: Ի՞նչ սպասի հանդիսատեսը:

Սյուզի Փիրումյան Գիտեք, գրեթե ութսուն տոկոսն աշխատանքի կատարված է, ես հիմա էլ շտապում եմ՝ գնամ փորձադահլիճ: Շատ մեծ սպասումներ ունեմ, չգիտեմ՝ ինչ կստացվի վերջում, քանի որ մի քիչ դեռ աշխատելու տեղ ունենք, բայց կարծում եմ՝ հրաշք է լինելու: Վիլեն Գալստյանի հետ աշխատելը մեծ պատիվ է: Արամ Խաչատրյանի երրորդ գործն է. մեր Հայաստանի, հայ ազգի համար դա մեծ գործ է, որ արվում է: Պրեմիերան ասում են դեկտեմբերի 24 - 26-ին կլինի:

Անուշ Թորոսյան Ցավոք, տարածված երևույթ է, որ իրենց ոլորտում հաջողած մասնագետները՝ հատկապես արվեստագետները, արտասահմանից լավ առաջարկ ստանալու դեպքում հեռանում են երկրից: Ձեզ ի՞նչն է պահում Հայաստանում, չե՞ք ցանկանում գնալ, կամ գուցե հետաքրքիր առաջա՞րկ չեք ստացել:

Սյուզի Փիրումյան Շատ գրավիչ առաջարկներ եմ ունեցել, որ իսկապես կարելի էր վեր կենալ ու գնալ, բայց ախր՝ շատ եմ սիրում մեր Հայաստանը: Բացի այդ՝ ընտանիքով եմ այստեղ: Ինձ երկար ժամկետով են միշտ կանչում, իսկ ընտանիքով երկար ժամկետով չեմ կարող գնալ, ամուսինս էլ ինձ պես հայասեր, հայրենասեր է, չի ուզում այլ երկրում ապրել: Բայց Եվրոպայից ունեմ առաջարկ, թեպետ էլի երկար ժամկետով՝ վեց ամսով. ուզում եմ գնալ, որովհետև ինքս քաղց եմ զգում, ուզում եմ ուրիշ ձեռագրեր տեսնել, սովորել, կատարել, շատ եմ ուզում, այնպես որ հնարավոր է՝ մոտ ապագայում ինքս մի որոշ ժամանակ բացակայեմ Հայաստանից:

Իզաբելլա Հովհաննիսյան Դուք պարում եք գրեթե բոլոր ներկայացումների գլխավոր դերերը: Այնուհանդերձ, Ձեր անունը շատ հայտնի չէ հասարակությանը: Ի՞նչն է պատճառը: Գուցե բալետի նկատմամբ ժողովրդի հետաքրքրության պակա՞ս կա:

Սյուզի Փիրումյան Ոչ մասնագետներին է իմ անունը քիչ հայտնի: Եթե մի քանի անգամ բալետ է եկել, իմ անունը հայտնի կլինի: Եթե հասարակությունը չի շփվում բալետի հետ՝ ծանոթ չի լինի ինձ, բնական է:

Անուշ Թորոսյան Այսօր շատ պարուհիներ նկարահանվում են նաև տեսահոլովակներում: Դուք հազվադեպ եք երևում էկրանին: Ո՞րն է պատճառը: Ժամանա՞կ, թե՞՝ առհասարակ էկրանին երևալու սեր չունեք: Եվ գուցե նաև սա՞ է համընդհանուր ճանաչման պակասի պատճառը:

Սյուզի Փիրումյան Սկսեմ նրանից, որ ընդհանրապես ես այդքան էլ չեմ սիրում էկրանին երևալ: Մի հանգամանք էլ կա: Իմ ամուսինն ասում է՝ բեմը քեզ հերիք է: Բեմի հետ համակերպվել եմ, արի էկրանին այդքան մի երևա: Այնպես որ՝ հարգում եմ ամուսնուս խոսքը, ինձ համար դա էլ է հաճույք, որ ես բեմում եմ:

Իզաբելլա Հովհաննիսյան Այ, հենց ընտանիքի մասին խոսենք: Ամուսնացած եք, ունեք երկու երեխա՝ տղա և աղջիկ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս ծանոթացաք Ձեր ամուսնու հետ: Առավել հետաքրքիր է, թե ինչպե՞ս է նա վերաբերվում Ձեր մասնագիտությանը: Գիտենք դեպքեր, երբ պարուհին դադարեցրել է գործունեությունը ամուսնու խանդի պատճառով:

Սյուզի Փիրումյան Հանդիպել ենք մի խնջույքի ժամանակ, որտեղ ընկերուհիներով գնում էինք մեկ-մեկ: Այդպես մի քանի անգամ, և նա հետաքրքրվել է ինձանով, իմացել՝ որտեղ եմ աշխատում, պարբերաբար հաճախել է թատրոն, որ նայի իմ ներկայացումները: Ամեն ինչ սկսվեց այդտեղից: Գալիս էր իմ ներկայացումները նայում, վերջում ծաղիկներ, դրանից հետո արդեն սրճարան գնալ, այդպես մենք ամուսնացանք, ունեցանք երկու բալիկներ:

Իզաբելլա Հովհաննիսյան Ասում են՝ բալետի պարուհու քաշի ավելացումը առաջինը ոչ թե ամուսինն է նկատում, այլ՝պարընկերը: Որ պարընկերը չի ուզենա պարուհու  քաշի ավելացում՝ միանգամայն հասկանալի է: Հետաքրքիր է, թե Ձեր ամուսինն ինչպե՞ս է արձագանքում ավելացած կիլոգրամներին:

Սյուզի Փիրումյան Հավատացած եղեք՝ ավելի շատ ամուսինս չի ուզում: Իսկապես նկատում է և չի սիրում, երբ ես մի փոքր լցվում եմ: Տղամարդ է, որ սիրում է նիհար կանանց, երևի իմ բախտն էլ է բերել, քանի որ եթե տղամարդ լիներ, որ սիրեր գեր կանանց, երկուսս էլ չէինք շահի, հիմա երկուսիս բախտն էլ բերել է:

Իզաբելլա Հովհաննիսյան Մասնագիտական ի՞նչ նպատակներ եք դրել Ձեր առջև, և որ՞ն է այն դերը, որը կատարելը դեռ երազանք է:

Սյուզի Փիրումյան Ուղղակի Հայաստանում չկան այն բալետները, որոնք կցանկանամ: Նրանք, որոնք կան, արդեն պարել եմ: Երևի Կարապը կցանկանայի պարել՝ «Կարապի լիճը» բալետում, բայց գիտեմ, որ ինչ-որ առումով դա անհասանելի է, քանի որ այն բեմադրելը շատ մեծ գումարների հետ է կապված: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ