11  04  2015

Այդ երես առած աստղերը

Այդ երես առած աստղերը

Համաշխարհային աստղերից շատերը կամակոր են, երես առած և կոպիտ: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսին:

 

Փերիս Հիլթոնն իր սկանդալային բնավորությամբ ու արկածներով հայտնի է ավելի, քան իր արվեստով: Քրոջ՝ Նիկկիի հետ պոկեր խաղալիս նրանք մեծ գումարներ են տանուլ տվել, ընդունելությունների ժամանակ հիստերիկ պոռթկումներ է ունենում, անսթափ վիճակում նստում է ղեկին: Նա հասցրել է անգամ ճաղերի հետևում հայտնվել: Նկարահանման մեկ օրվա համար նրա պահանջները երեք էջ են կազմում, դրանում ներառվում են տաք լոբստերը և հատուկ տեսակի օղի: Ասում են՝ հենց նրա պահվածքի պատճառով է, որ պապը՝ Բարրոն Հիլթոնը՝ հյուրանոցների հսկա ցանցի սեփականատերը, որոշել է իր կարողության 97 տոկոսը նվիրել բարեգործության:

 

Ջասթին Թիմբերլեյքն ավելի շուտ կոպիտ է, քան կամակոր: Նա կարծում է, որ ողջ շրջապատը պետք է հարմարվի իրեն: Իր ֆիլմերից մեկի պրեմիերայի ժամանակ վերելակից բառացիորեն դուրս շպրտեց մարդկանց, որպեսզի միայնակ բարձրանա: Թիմբերլեյքի համար սկանդալ բարձրացնելու պատճառ էր նաև այն, որ իրեն մատուցել էին շամպայն՝ առանց փրփուրների: Երգիչը ցանկանում է օգտագործել բացառապես սև սրբիչներ, իսկ նրա անկողնու վերևում անպայման պետք է հայելիներ կախված լինեն:

 

Քանյե Ուեսթն ամենադաժան ռեփերի անունն ունի: Քիմ Քարդաշյանի ամուսինը ոչ միայն պապարացիներին է կոպտում ու իր անձնակազմին, այլև գործընկերներին: 2009 –ին՝ MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ նա հանկարծ հայտնվեց բեմում՝ շփոթված Թեյլոր Սվիֆթի առջև ու հայտարարեց, որ կնոջ լավագույն դերակատարման համար պարգևին արժանի էր Բեյոնսեն: Հյուրախաղերի ժամանակ Քանյեն հանկարծ «քնքշանում է», պահանջում է Versace-ի 400 դոլարանոց սրբիչ, սկրաբ ու շուրթերի բալզամ, իսկ վարորդը, ով նրան ուղեկցում է, պարտավոր է բացառապես բամբակե հագուստ կրել:

 

Ի տարբերություն ռեփերի՝ Քեթի Փերրին սիրալիր, բարյացակամ ու շփվող օրիորդի համբավ ունի: Իրականում, սակայն, նա առանձնապես չի խղճում մարդկանց: Նրա մենեջերը նախապես վարորդին զգուշացնում է, որ Քեթիի հետ խոսել չի կարելի, արգելված է նաև նրան նայելը, անգամ՝ հայելու միջից: Համերգային շրջագայությունների ժամանակ աստղը պահանջում է թափանցիկ դռնակով սառնարան, նուրբ վարդագույն պահարան: Կազմակերպիչների համար, սակայն, ամենից բարդ խնդիրը կրեմագույն և հավկիթի տեսք ունեցող երկու աթոռակ գտնելն է, որոնցից մեկը պիտի ծառայի ոտքերի համար իբրև հենարան:

 

Լինդսի Լոհանի սկանդալային անունն արդեն հասցրել է նրան ոչ լավ ծառայություններ մատուցել: Դերասանուհուն ավելի ու ավելի քիչ դերեր են հատկացվում: Նա գրեթե դադարել է երևալ թեկուզ մի փոքր հետաքրքիր ֆիլմերում: Այդքանով հանդերձ, նրա «ախորժակը» չի փոքրանում: Անգամ վերականգնողական կենտրոնում գտնվելու ժամանակ (որտեղ նա հայտնվել էր ալկոհոլային և թմրակախվածության հետևանքով), նա օրական ծախսել է 5 հազարական դոլար օնլայն-գնումների վրա: Զայրացած ադմինիստրացիան ստիպված էր պահանջել դադարեցնել գնումները, ի վերջո, շոփինգամոլությունը ևս կախվածություն է, իսկ ոտքերը վերմակի չափով չմեկնելն էլ, մեղմ ասած, խրախուսելի չէ:

 

Քրիստինա Ագիլերային «աստղային հիվանդությամբ» է տառապում, նա անգամ Դիսնեյլենդում է սկանդալներ առաջացնում: 2014-ի դեկտեմբերին երգչուհին վիճեց անգամ… Միքի Մաուսի հետ, ով հրաժարվեց իր հետ նկարվել, քանի որ ընթրիքի էր շտապում: «Դու գոնե գիտե՞ս՝ ես ով եմ»,- գոռում էր Քրիստինան: Անվտանգության աշխատակիցները ստիպված էին Միքիին պատսպարել անվտանգ տարածքում՝ մոլեգնած աստղից հեռու: Քրիստինան նաև հունից հանեց «Գոլոս» նախագծի նկարահանող խմբին՝ ստիպելով վերանկարահանել բոլոր այն կադրերը, որոնցում, իր կարծիքով, գեր է երևում: Ու քանի որ երգչուհին բնությունից օժտված է «հարուստ» մարմնաձևերով, վերանկարահանումը բավական երկար տևեց:

 

Բեյոնսեն իր ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ միասին, դեմ չէ հանրության առաջ ցուցադրել իրեն: 2014-ին «Գրեմմի» մրցանակաբաշխության հեռարձակման ժամանակ CBS ալիքը ստիպված էր երիցս խլացնել Բեյոնսեի և նրա ամուսնու խոսքը՝ հնչեցրած անպարկեշտ արտահայտությունների պատճառով: Թեպետ ամուսինները փոքր դուստր ունեն, սակայն հարկ չեն համարում իրենց համեստ պահել: Զույգը կարող է ռեստորանում սնվելու համար 1.5 – 2 հազար դոլար վճարել: Հյուրախաղերի ժամանակ զույգը պահանջում է բացառապես կարմիր զուգարանի թուղթ, խմիչքի տիտանե ձողիկներ, յուրաքանչյուրը՝ 900 դոլար արժողությամբ և սպիտակ կակաչներ՝ առէջքները հեռացված:

 

Ջենիֆեր Լոպեսը սիրում է հիշեցնել իր հասարակ ծագման մասին, սակայն հարց է՝ անձամբ հիշու՞մ է այդ մասին: Ինչպես երևում է՝ աղքատության ճիրաններից դուրս պրծնելով՝ աղջիկը որոշել է իրեն թագավորական կյանքով ապահովել: Պետք է, սակայն, արժանին մատուցել նրան. նույնքան շքեղ կյանքով նա ապահովում է նաև մտերիմներին ու ընկերներին: Այդ է պատճառը, որ տուրերի կազմակերպիչները հաճախ ստիպված են լինում վճարել նրա անձնական ինքնաթիռի ծախսը, ինչպես նաև լավագույն հյուրանոցների լյուքս համարներում ոչ միայն Լոպեսի, այլև նրա խմբի կեցության ծախսերը: Իսկ այդ խմբում մոտ 75 հոգի են՝ լուսավորողներ, դիմահարդարներ, վարսահարդարներ, անգամ՝ հոնքերի ձևավորող:

 

Մրայա Քերին իրեն զգում է ինչպես Աստվածուհի: Նրա պահանջները զարմացնում են բոլորին: Նա պահանջում է իր շնիկին անձնական մեքենա տրամադրել՝ վարորդով, անձամբ երգչուհին խմիչքների տեսակավորման մասնագետ է պահանջում, չէ՞ որ չի կարող իր իսկ ձեռքով բացել խմիչքները: Աստղը ստորագրություններ բաժանելու համար ևս հատուկ պայմաններ է պահանջում՝ հնաոճ սեղան՝ 70 հազար դոլար արժողությամբ: Ակնհայտ է՝ կահույքը պետք է իր հեղինակությանը համապատասխանի:

 

Մադոննան արդի երիտասարդության կուռք-երգչուհիներից է: Բայց հասնելով փառքի գագաթնակետին՝ նա չի շտապում օգնել երիտասարդ կատարողներին: Բեմի թագուհին տանել չի կարողանում մրցակցությունը: Երգչուհի Լեդի Գագան մի անգամ նրան կոչել է «անսիրտ»: Նրանք, ովքեր առիթ են ունեցել աշխատելու Մադոննայի հետ, պնդում են՝ երգչուհին հաջողության ու փառքի ճանապարհին ոչնչի առջև կանգ չի առնում, նա պատրաստ է քայլել գլուխների վրայով: Իր ձայնալարերը Մադոննան ամենից բարձր է գնահատում: Նա պահանջում է տաքացուցիչներ տեղադրել ցանկացած վայրում, որտեղ ինքը կգտնվի թեկուզ մի քանի վայրկյան: Մի անգամ նրա երկրպագուները, ովքեր սպասում էին համերգի մեկնարկին, սկսեցին ուշաթափվել օդի բացակայության պատճառով. դահլիճում օդի ջերմաստիճանը հասել էր 32-ի, սակայն անգամ դա երգչուհուն չստիպեց անջատել օդորակիչը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ