07 04 2020

Կարևորը տնտեսությունն է, ոչ թե ազգաբնակչության առողջությունը․ «Հրապարակ»

Կարևորը տնտեսությունն է, ոչ թե ազգաբնակչության առողջությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում աշխարհը դեռ շոշափելի արդյունքներ չի արձանագրում, իսկ համավարակի ճիրաններում հայտնված երկրների տնտեսություններն աչքի առաջ փլուզվում են։ Կործանվում է հարյուրամյակների ընթացքում ստեղծված համաշխարհային էկոնոմիկան։

Վարակն ինքնին այնքան մահեր չի բերելու իր հետ, որքան տնտեսական անկում եւ ճգնաժամ։ Դա է պատճառը, որ ավելի ու ավելի լսելի է դառնում այն անձանց տեսակետը, որոնք ասում են՝ պետք է հրաժարվել կարանտինից ու ինքնամեկուսացումից, վերադառնալ բնականոն կյանքին, քանզի մարդիկ կարող են փրկվել կորոնավիրուսից, սակայն մի քանի ամսից կմահանան սովից ու աղքատությունից։

Եթե ուշադիր հետեւենք մեր կառավարության քայլերին, թե ինչպես է պայքարում վիրուսի դեմ, կհասկանանք, որ իշխող թիմին եւս սկսել է ավելի շատ հուզել երկրի տնտեսական կացությունը եւ ոչ այնքան ազգաբնակչության առողջական վիճակը։

Կառավարությունում հրավիրվող խորհրդակցությունների մեծ մասը նվիրված է սպասվելիք տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, մինչդեռ այսօր դեռեւս պետք է մտածել վիրուսի տարածման արագընթաց տեմպերը նվազեցնելու մասին։ Նաեւ պետք է մտածել ինչպես անել, որ ուժեղացնենք մեր առողջապահական համակարգը, որ հիվանդների կյանքը հաջողվի փրկել։ Այսօր դա արդեն մասնավոր բուժհիմնարկների խնդիրը չէ այլեւս, այլ՝ պետության։ Սակայն, ելնելով նրանից, որ երեկ հայտարարվեց, թե վարակվածների թիվը նվազել է՝ մեկ օրում ընդամենը 11 նոր վարակված ունենք, եւ կառավարության անդամների կեղծ-լավատեսական նոտաներից, կարելի է ենթադրել, որ որոշել են գնալ կարանտինն ու արտակարգ դրությունը հանելու եւ բնականոն կյանքի անցնելու ճանապարհով։ «Ով կհիվանդանա՝ կհիվանդանա, իսկ ով կմեռնի, ուրեմն դա է իր ճակատագիրը, ինչ արած» մտայնությամբ»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ