16  03  2020

Ազգային ուժերին դիմակայում է ազդեցության գործակալների բանակը․ Գոլոս Արմենիի

Ազգային ուժերին դիմակայում է ազդեցության գործակալների բանակը․ Գոլոս Արմենիի

«Գոլոս Արմենիի»-ն գրում է․ «Եթե Նիկոլը հասարակությանը բաժանեց «սևերի» և «սպիտակների», «հեղափոխության» բարեկամների ու թշնամիների, ապա, ըստ վերլուծաբանական հանրության գնահատականների, իշխանափոխությունից 2 տարի անց իրական ջրբաժանն անցնում է ոչ թե իշխանության և ընդդիմության միջև, այլ ազգային օրակարգ ունեցող քաղաքական ուժերի և նրանց, ովքեր մեր երկրում ներկայացնում են այլ պետությունների շահերը:

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԸՆԴՄԵՋ ՊԱՅՔԱՐ Է ԸՆԹԱՆՈՒՄ օտար արժեքներ արմատավորողների և նրանց միջև, ովքեր դիմադրում են ժողովրդավարական կարգախոսների դղրդյունի ներքո ժողովրդին հիմարացնելու և դիմազրկելու քաղաքականությանը: Ժամանակի հետ այս պայքարն ավելի ընդգծված բնույթ կստանա, այսօր հասարակության մեջ իսկական ջրբաժանն անցնում է իշխանազրկված ազգային էլիտայի և ազդեցության գործակալների միջև, որոնք օկուպացրել են կառավարման գրեթե ողջ համակարգը, բացառությամբ պաշտպանական գերատեսչության և Ազգային անվտանգության ծառայության: Ազդեցության գործակալները, որպես կանոն, աչքի են ընկնում ցայտուն արտահայտված ռուսատյացությամբ, իսկ վերոնշյալ ուժային կառույցները բազում թելերով կապված են Ռուսաստանի հետ: Այս հանգամանքը հանգիստ չի տալիս սորոսական նոմենկլատուրային, որի նպատակը ազգային պետության իսպառ ոչնչացումն է և դրա վերածումը արտաքին ուժերի հավելուկի ...

Ինչպես արդեն հաղորդել ենք նախորդ հոդվածում՝ հղում կատարելով «ՀԿ-ները Հայաստանում. «ժողովրդավարության մրրկահավերը » և արտաքին կառավարման գործիքակազմը» անվանումով հայտնի զեկույցին, արտաքին ուժերի կողմից գունավոր հեղափոխության ծաղրապատկերի միջոցով Հայաստանի օկուպացման գործընթացը ցանցային բնույթ էր կրում: Այդ գործընթացում առաջատար դեր խաղացին հասարակական կազմակերպությունները, մասնավորապես՝ «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը»: 2012-2019 թվականներին այդ կազմակերպությունը՝ Լևոն ԲԱՐՍԵՂՅԱՆԻ գլխավորությամբ, Սորոսի հիմնադրամից գրանտների տեսքով ստացել է ավելի քան կես միլիոն դոլար: 2015 թվականի հունվարի 12-ին հենց Բարսեղյանը հանդես եկավ ռուսական 102-րդ ռազմակայանը ՀՀ տարածքից դուրս բերելու պահանջով զանգվածային ակցիաներ անցկացնելու կոչով: Պատճառը Գյումրիում հայ ընտանիքի հրեշավոր սպանությունն էր ռուս զինծառայողի կողմից: Բարսեղյանն ու իր նմանները օգտագործում էին արյունոտ ոճիրը ռուսատյաց տրամադրություններ սերմանելու համար:

 Ինչպեսև վարչապետի զինակից, նեղ շրջանակներում լայնորեն հայտնի Լարա ԱՀԱՐՈՆՅԱՆԸ, Բարսեղյանը հանդես եկավ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների, որոնք 2016թ. հուլիսի 17-ին զավթեցին ՊՊԾ գունդը և սպանեցին երեք ոստիկանների: «Գյումրու առաջընթաց» կազմակերպության և «Դիալոգ» մեդիա կենտրոնի հետ մեկտեղ, «Ասպարեզ» ակումբը առավել խոշոր գրանտակերներից է Շիրակի մարզում։ Այդ կազմակերպություններն իրենց ոգով չափազանց մոտ են 2000թ. հուլիսին Երևանում ստեղծված «Հետաքննող լրագրողների ասոցիացիային»՝ Էդիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: Նրա կայքը եվրոպական և ամերիկյան աջակցություն, ինչպես նաև գումարներ է ստանում Սորոսի հիմնադրամից: 2001-2019 թվականներին ստացած գումարը կազմել է մոտ 700 հազար դոլար:

Ազդեցության գործակալները արդարացնում էին իշխանության տապալման բռնի փորձերը

Վանաձորում արդեն երկար տարիներ գործում է ողջ Հայաստանում հայտնի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակը՝ Արթուր ՍԱՔՈՒՆՑԻ գլխավորությամբ: 2012-2019թթ. այդ գրասենյակը ստացել է մոտ 550 հազար դոլար՝ ժողովրդավարության և իրավունքի զարգացման համար: Իրականում ինքնահռչակ իրավապաշտպանը «թավշե հեղափոխությունից» առաջ ակտիվորեն տիրաժավորում էր իշխանություններին ակտիվ դիմադրություն ցուցաբերելու գաղափարը, իր խոսքերով՝ «պաշտպանության գրեթե չգործող իրավական մեխանիզմների» պայմաններում:

ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է ՍԱՔՈՒՆՑԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ նախագահական նստավայրը պայթեցնելու «հոգեպես անհավասարակշիռ» Շանթ Հարությունյանի մտադրության վերաբերյալ: Հեղինակները մեջբերում են Սաքունցի գնահատականներն այն առնչությամբ, թե «սա բնորոշ օրինակ է, երբ մենք՝ քաղաքացիներս, իրավունք ունենք այդպես արտահայտել մեր բողոքը, ընդհուպ մինչև ապստամբություն», կամ՝ «Հայաստանը ստացավ քաղբանտարկյալների նոր խմբաքանակ», որոնք որպես «վերջին արմատական միջոց՝ հուսահատ դիմեցին քաղաքացիական ապստամբության»:

Խոսքը, ինչպես ընթերցողն արդեն կռահեց, վերաբերում է Երևանի կենտրոնում Հարությունյանի և իր գործակիցների կազմակերպած ակցիային: Դրա մասնակիցները պատմական հանրահայտ կերպարի դիմակներով էին, որն առավել հայտնի է քաղաքական իշխանության դեմ բողոքի նպատակով քաղաքի տարածքում իրականացրած պայթյունների մասին կինովարկածից: Պայթյունների զոհերը խաղաղ բնակիչներն էին: Իրավապաշտպան Սաքունցը, փաստորեն, ողջունում էր անմեղ մարդկանց սպանությունը...

Զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի զավթման օրերին Սաքունցն ակտիվորեն տիրաժավորում էր «ապստամբության իրավունքի» թեզը: Հուլիսի 29-ին Վանաձորի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի ահաբեկիչների: Հայտնի իրավապաշտպանը այդ հայտարարությամբ անուղղակիորեն ողջունում էր իր հայրենակիցների սպանությունը, ինչպես նաև պատանդառությունն ու ռազմավարական օբյեկտի զինված զավթումը: Սաքունցի գործունեությունն ամենավառ ապացույցն է այն փաստի, որ իրավապաշտպանները արտաքին ուժերի փողերով օժանդակում էին իշխանության թուլացմանը, այլ ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությանը. այլապես ուրիշ ի՞նչ կերպ կարելի է բացատրել մարդու հիմնական իրավունքի՝ կյանքի իրավունքի այդչափ ակնբախ անտեսումը Սաքունցի կողմից:

Հանրային քաղաքականության ինստիտուտի հիմնադիր Արևիկ ԱՆԱՓԻՈՍՅԱՆԸ 2018 թվականին նշանակվեց գիտության և կրթության նախարարի տեղակալ: Նա ունի քաղաքագիտության մագիստրոսի աստիճան, որը ստացել է Ամերիկյան համալսարանում, 2012-2015թթ. աշխատել է բրիտանական Էսսեքսի համալսարանում՝ որպես հրավիրված գիտաշխատող: Անափիոսյանը գիտական ստաժավորում է անցել ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանում՝ Միացյալ Նահանգների քաղաքական մտքի և քաղաքականության ուսումնասիրության գծով, եղել է Եվրոպայի Խորհրդի և Հայաստանում ԵՄ պատվիրակության խորհրդատու, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս:

Ազդեցության գործակալները հանդես են գալիս ի աջակցություն ԼԳԲՏ հանրության

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի հիմնադիր, լրագրող Գայանե ԱԲՐԱՀԱՄՅԱՆը 2016-2017 թվականներին Սորոսի հիմնադրամից ստացել է 143 հազար դոլար: Ներկայումս Աբրահամյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է և հանդես է գալիս Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման օգտին: Կանանց աջակցման կենտրոնը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Մարո ՄԱԹՈՍՅԱՆԻ գլխավորությամբ, իր գործունեության տարիների ընթացքում գրանտների տեսքով ստացել է ավելի քան 2 միլիոն դոլար:

ԱՌԱՆՁՆԱԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԻ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» անվանումով կազմակերպությունը: Դրա հիմնական նպատակը հանգում է սեռական փոքրամասնությունների պաշտպանությանն ու ԼԳԲՏ-ի նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխելու փորձերին: Այս կազմակերպությունը Սաքունցի ՀԿ-ի հետ միասին դիմեց իրավապահ մարմիններին`պահանջելով իրավական գնահատական տալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այն արտահայտություններին, որ «Հայաստանում տեղ չկա ԼԳԲՏ ակտիվիստների և աղանդավորների համար»:

Հիշեցնեմ, որ առայժմ ոչ ոք չի հերքել որոշ քաղաքական գործիչների այն հայտարարությունները, որ Սորոսը ֆինանսավորել է ՀՀ հասարակական կազմակերպությունները Իլհամ Ալիևի փողերով: Նշվում էր նույնիսկ կոնկրետ գումարը...

Սորոսի հիմնադրամների գործունեությունից դժգոհությունը սկսվեց Հայաստանի սահմաններից շատ հեռու: 2017 թվականին ֆինանսական սպեկուլյանտի հիմնադրամների մասնաճյուղերը դադարեցրին իրենց գոյությունը նրա պատմական հայրենիքում՝ Հունգարիայում, ինչպես նաև ԱՄՆ-ում, որտեղ այդ մասնաճյուղերն ակտիվորեն գործում էին Դոնալդ Թրամփի դեմ: Ոչ ոք կասկած անգամ չունի, որ ձևականորեն անկախ կազմակերպությունների ճյուղավորված ցանցի միջոցով Սորոսի հետևորդները մեծ դեր են խաղացել Սերբիայում, Ղրղզստանում, Մոլդովայում և Ուկրաինայում պետական հեղաշրջումների կազմակերպման և տեղեկատվական աջակցության գործում:

Հարկավոր է օրենք Հայաստանում օտարերկրյա գործակալների ցանցի մասին

Մենք կշարունակենք հրապարակել քաղվածքներ ՀԿ-ների գործունեության և արտաքին ազդեցության գործիքակազմի վերաբերյալ զեկույցից, իսկ այս հրապարակումը կավարտենք՝ հղում կատարելով զեկույցում շարադրված պահանջին, որ անհապաղ օրենք ընդունվի Հայաստանում օտարերկրյա գործակալների ցանցի մասին, ինչպես նաև օրենք, որը կսահմանափակի հասարակական կազմակերպությունների աշխատակիցների նշանակումը պետական պաշտոններում: Ավա՜ղ, խորհրդարանի ներկայիս կազմում չկա այն ուժը, որը կհամարձակվի հանդես գալ օրենսդրական այդպիսի նախաձեռնություններով: Արտահերթ թորվածքի խորհրդարանում գործնականում բացակայում են ազգային կողմնորոշում ունեցող ուժերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ