07  03  2020

Բրյուսելում Փաշինյանին չեն հավատում․ «168 Ժամ»

Բրյուսելում Փաշինյանին չեն հավատում․ «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Նախօրեին մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Բրյուսելում նա հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ, հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում, որտեղ հանդիպում է ունեցել կենտրոնի նախագահ, Սլովակիայի նախկին վարչապետ Միկոլաշ Ձուրինդայի հետ: Բացի այդ, տեղի է ունեցել աշխատանքային ճաշ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի հիմնական զեկուցող, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուի եւ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ:

Հիշյալ պատգամավորները նաեւ Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են: Նույն օրը երեկոյան Ս․ Սարգսյանը մեկ այլ աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԺԿ եւ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գլխավոր քարտուղար, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անտոնիո Լոպես Իստուրիցի հետ:

Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցը, բնականաբար, մտահոգել է գործող իշխանություններին։ Երկրից բացակայելու քայլը Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը համաձայնեցրել է դատարանի հետ, այսինքն՝ լայն իմաստով, այդ որոշումը կայացվել է իշխանության կողմից։ Իսկ այդ քայլին իշխանությունը գնացել է, քանի որ հակառակ դեպքում՝ Ս․ Սարգսյանի մեկնումը արգելելու պարագայում, աղմուկը շատ մեծ կլիներ եւ նույն իշխանության համար դա կարող էր ավելի բացասական հետեւանքներ ունենալ։

Հիշեցնենք, որ սա Ս․ Սարգսյանի երկրորդ եվրոպական գործուղումն է իշխանափոխությունից հետո։

Նրա այս այցերը վկայում են, որ արտաքին գործընկերների հետ հարաբերությունների առումով Երրորդ նախագահը հեղափոխությունից հետո ոչ միայն չի կորցրել դիրքերը, այլեւ, ըստ էության, ավելի է ամրացրել դրանք։ Այս այցերն ու եվրոպական քաղաքական էլիտայի հետ շփումները վկայում են մեկ այլ իրողության մասին եւս․ եվրոպական քաղաքական շրջանակներում շատ լավ են հասկանում, որ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է եւ պարունակում է ակնհայտ քաղաքական տարրեր, ու նրա հետ բարձր մակարդակի հանդիպումներով եվրոպացիները ցույց են տալիս իրենց բացասական վերաբերմունքն այդ քրեական հետապնդման նկատմամբ։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Բրյուսելում իրականում կայացել են շատ ավելի մեծ թվով հանդիպումներ, քան լուսաբանվել է մամուլում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ եվրոպական ազդեցիկ մի քանի գործիչների հետ այդ փակ հանդիպումների ընթացքում եւս քննարկվել է ներքին ու արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակ՝ տարածաշրջանային խնդիրներ եւ մարտահրավերներ, Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլ, 2017թ. ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգների հետ կապված հարցեր։

Այսպիսով, Սերժ Սարգսյանի եվրոպական այցերը ցույց են տալիս, որ Եվրոպայում շատ լավ են հասկանում ու գիտակցում Հայաստանի գործող իշխանության վարած քաղաքականության սնանկությունն ու անհեռանկարայնությունը, եւ արտաքին ու անվտանգային կարեւոր հարցերի հետ կապված՝ նրանք շարունակում են համագործակցել Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի հետ։

Հետաքրքիր է, թե ինչպիսի դրսեւորում կունենա այս այցերի արդյունքում ավելացող քաղաքական կապիտալն առաջիկա ներքաղաքական զարգացումներում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ