20  02  2020

Իշխանության աշխատանքը բաղկացած է միայն փիառ-ակցիաներից․ «Հրապարակ»

Իշխանության աշխատանքը բաղկացած է միայն փիառ-ակցիաներից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իհարկե, ցանկացած երկրի ղեկավար զբաղվում է նաեւ առաջին հայացքից անկարեւոր հարցերով՝ փառատոներ է խրախուսում, այցելում դպրոցներ, մասնակցում թատերական պրեմիերայի, ընդունում ինչ-որ բանով աչքի ընկած մի դպրոցականի կամ իրեն նամակ գրած մի տատիկի։ Բայց այդ ամենն անում է շատ կարեւոր գործեր անելուց հետո՝ իր հիմնական գործունեությունից դուրս՝ որպես լրացուցիչ «համեմունք» հիմնական «կերակրին»։ Մեզանում ճիշտ հակառակն է՝ կարեւոր գործերն իրենց տեղը զիջել են փիառին ու անկարեւոր միջոցառումներին։ Իշխանության աշխատանքը բաղկացած է միայն այդ՝ ուղեկցող միջոցառումներից ու փիառ-ակցիաներից։ Տպավորություն է, որ մեր երկրում չկա ոչ մի անլուծելի խնդիր։

Բայց նաեւ երկրում ոչ մի համակարգ չի աշխատում, եւ նրանց փոխարեն աշխատում է միայն վարչապետը, իսկ բուն վարչապետական գործառույթները կատարող չկա։ Ասենք, օրինակ, երկրում չկա Ճանապարհային ոստիկանություն եւ ոստիկանապետ, ու ՀՀ վարչապետն անձամբ է «լայվով» զրուցում տաքսիստների հետ ու բացատրում բալային համակարգի նրբությունները։ Երկրում չկա մշակույթի նախարար ու  մշակութային քաղաքականությունն իրականացնող որեւէ անձ կամ մարմին, եւ վարչապետն իր մոտ խորհրդակցություն է հրավիրում «յարխուշտայի փառատոն անցկացնելու» հարցով, ապա որպես շատ կարեւոր լուր՝ ավետում է, որ Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն, քանի որ «յարխուշտան մեր ազգային ինքնությանն ամենաբնորոշ պարերից է»։ Ապա մի խառնափնթոր տեքստ են հաղորդում, որ դա շատ «նշանային եւ կարեւոր իրադարձություն է, որը կարտահայտի մեր քաղաքական ռազմավարությունը՝ մեր ազգային ինքնության հարցում, կօգնի լինել առանձնահատուկ նախանձախնդիր, մեր ինքնությունը պահպանել, կորսվող բաղադրիչները վերականգնել եւ զարգացնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ