19  02  2020

ՍԴ աշխատակազմի ղեկավարն օրենք չի խախտել․ Արսեն Բաբայան․ «Հրապարակ»

ՍԴ աշխատակազմի ղեկավարն օրենք չի խախտել․ Արսեն Բաբայան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորները արդեն մի քանի ժամ է մեծ աղմուկ են բարձրացրել Ֆեյսբուքում՝ արձագանքելով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի գրառմանը:

Վերջինս իր էջում  գրել է.« Առաջին անգամ իմ կյանքում չեմ մասնակցելու հանրաքվեին #ՄԻ_ՄԱՍՆԱԿՑԵՔ_ՀԱՆՐԱՔՎԵԻՆ

Ընտրելու իրավունք ձեռք բերելուց հետո, 1995 թվականի հուլիսի 5-ին առաջին անգամ հնարավորություն եմ ունեցել մասնակցել ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությանը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման հանրաքվեին։ Այդ պահից ի վեր, ես առանց բացառության, մասնակցել եմ համապետական և տեղական բոլոր ընտրություններին և հանրաքվեներին՝ դա համարելով իմ քաղաքացիական պարտքը և իմ մասնակցությունը բերելով կարևոր որոշումների կայացմանը։ Հետևելով Հայաստանի ներքին կյանքում ընթացող գործընթացներին, կեղծ օրակարգերի ձևավորմանը, անմիտ խնդիրների առաջադրմանը և հակասահմանադրական ու հակաօրինական զարգացումներին` ես որոշում եմ կայացրել իմ կյանքում առաջին անգամ որևէ կերպ մասնակցություն չունենալ 2020 թվականի ապրիլի 5-ին հանրաքվեի անվան տակ կազմակերպված զավեշտին։ Ես չեմ ուզում որևէ կերպ առնչություն ունենալ այդ մեծ ապօրինությանը, որն օրվա իշխանությունները ուզում են փաթաթել մեր ժողովրդի գլխին՝ հերթական անգամ չարաշահելով նրա ազնիվ մղումներն ու զգացմունքները։ Ես կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին, բարեկամներին և մտերիմներին, լուրջ չվերաբերվել այդ ամենին, անտեսել այդ կեղծ օրակարգը, զբաղվել սեփական գործերով և որևէ կերպ մասնակցություն չունենալ այդ խարդավանքին։ Հետաքրքիր զուգադիպությամբ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը։ Դա հրաշալի առիթ է այդ գեղեցիկ օրը Եկեղեցի այցելելու, օրհնություն ստանալու և ընտանիքի հետ լավ օր վայելելու համար։ ՄԻ՛ ՄԱՍՆԱԿՑԵՔ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ»,-  կոչ է անում ՍԴ աշխատակազմի ղեկավարը: Իմքայլականները հիշեցնում են, որ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, մինչդեռ Ղազարյանն էլ իր քաղաքական հայտարարությամբ փաստում է, որ վաղուց այն քաղաքական է դարձել:

Մասնավորապես, Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․«Ծանոթացեք նախկինում Վայոց Ձորի հանրապետական մարզպետ, ներկայումս Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ։Սահմանադրական դատարանի՝ այսինքն ապաքաղաքական մարմնի աշխատակազմի ղեկավարը հանրաքվեն համարում է հակասահմանադրական և այն բոյկոտելու կոչ է անում։ Շնորհակալ եմ ՍԴ աշխատակազմի ղեկավարին ՍԴ շուրջ առկա խնդիրն էլ ավելի ակներև դարձնելու ու մեր քաղաքացիներին հանրաքվեին ԱՅՈ ասելու ևս մեկ պատճառ տալու համար»։ Նույնն արել է Ալեն Սիմոնյանը.« Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է մտել քաղաքականություն և կոչ է անում ապրիլի 5-ին բոյկոտել հանրաքվեն: Այս դատարանի` ծայրից ծայր քաղաքականացված լինելը արդեն թաքցնելու փորձ էլ չի արվում:Դե ինչ, այս ամենին ի պատասխան Էդգար Ղազարյանին և իր շեֆին մեկ ասելիք կա`ՈՏՔԻ՛, ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԳԱԼԻՍ»:

ՈՉ-ի ճակատի նախաձեռնող խմբի անդամ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «ՍԴ աշխատակազմի ղեկավարը դատական իշխանության ներկայացուցիչ չէ, չունի որեւէ կաշկանդվածություն քաղաքական հայտարարություններում»։ Բաբայանը հիշեցնում է՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է, որը կարգավորվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով, ։ «Ինչպես պետական պաշտոն զբաղեցնող շատ պաշտոնյաներ, օրինակ՝ նախարարը, փոխնախարարները, մարզպետները նա նույնպես կաշկանդված չէ ոչ աշխատանքային ժամերին եւ ոչ աշխատանքային կամ պաշտոնական պարտականությունները չիրականացնելիս, քարոզչություն իրականացնելով: Հետեւաբար տեղին չեն պնդումները, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը խախտել է որեւէ օրենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ