04 02 2020

Երկրորդ աճուրդին ընդառաջ «Գոլդեն փելիս»-ի գինը նվազել է․ «Ժողովուրդ»

Երկրորդ աճուրդին ընդառաջ «Գոլդեն փելիս»-ի գինը նվազել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայտնի է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Գոլդեն փելիս» թանկարժեք ու շքեղ հյուրանոցի հերթական աճուրդի օրը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այն տեղի կունենա փետրվարի 21-ին: Նշենք, որ աճուրդի են հանվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ գույքի գնահատված արժեքն առաջին աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ, սակայն փետրվարի 21-ին գինը 5 տոկոսով նվազելու է՝ կազմելով 7 մլրդ 150 մլն 134 հազար 910 դրամ, իսկ հյուրանոցի նախավճարը կազմում է 357 մլն 506 հազար 746 դրամ (հողի կադաստրային արժեքը կազմում է 62 մլն 431 հազար դրամ): Հյուրանոցի նախորդ աճուրդը պետք է կայանար դեկտեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, սակայն այն չի կայացել հայտ չլինելու պատճառով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հյուրանոցով հետաքրքրվողները հաշվարկներ են անում եւ պարզում, որ եկամտաբեր չէ այդ հյուրանոցն աշխատեցնել: Նաեւ հաշվի են առնում այն տեղեկությունը, որ հյուրանոցը ժամանակին վնասով է աշխատել, եւ նպատակահարմար չեն գտնում գնել այն: Բայց չնայած սրան՝ պետական գույքի կառավարման կոմիտեն հույս ունի, որ հյուրանոցն այս տարի ի վերջո կգտնի իր սեփականատիրոջը»:

Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ