03 02 2020

Ո՞ւմ վրա է ավելի շատ նստած հարկային բեռը․ 168․am

Ո՞ւմ վրա է ավելի շատ նստած հարկային բեռը․ 168․am

168.am-ը գրում է․ «Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է անցած տարվա խոշոր հարկատուների ցանկը։ Խոշորների վճարները 2019թ. ընթացքում շարունակել են ավելանալ։ Սակայն ավելի դանդաղ տեմպով, քան փոքրերինը։

Թե ինչո՞ւ է այդպես, կարող են բերվել տարբեր պատճառաբանություններ։ Բայց փաստն այն է, որ փոքրերն ավելի մեծ բեռ են վերցրել, քան խոշորները։ Իսկ դա ամենևին էլ փոքր բիզնեսի զարգացման օգտին չէ։

Խոշոր հարկատուներն անցած տարի պետական բյուջե են վճարել ընդհանուր առմամբ 1 տրիլիոն 61 մլրդ դրամ։ Սա 122 միլիարդով ավելի է նախորդ տարվանից։ Խոշորների վճարած հարկերի աճը կազմել է 12,7 տոկոս։ Այն ավելի ցածր է, քան հարկային եկամուտների ընդհանուր աճը։

Անցած տարի բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 206 մլրդ դրամով կամ գրեթե 16,4 տոկոսով։

Այլ կերպ ասած, խոշորների դեպքում աճի տեմպը 3,7 կետով պակաս է։ Դա ակնհայտ է նաև խոշորների ցանկում։

Ցանկի առաջին տասնյակում ընդգրկված հարկատուների վճարներն անցած տարի ավելացել են 9,8 տոկոսով, առաջին հարյուրյակինը՝ 11,8 տոկոսով։ Փոխարենը՝ վերջին տասնյակի կողմից կատարված հարկային պարտավորությունների աճը կազմել է՝ շուրջ 21, իսկ հարյուրինը՝ 19,4 տոկոս։

Խոշորների վճարած հարկերն ավելացել են գրեթե բոլոր հարկատեսակների գծով։ Բայց աճի տեմպը անհամեմատ փոքր է հատկապես շահութահարկի գծով։

Ընդհանուր առմամբ խոշոր հարկատուները շահութահարկի գծով կատարել են 169,5 մլրդ դրամի պարտավորություն։ Այն նախորդ տարվանից ավելի է ընդամենը 7,8 մլրդ դրամով։ Աճը 4,8 տոկոս է։ Եվ սա՝ այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրությունը տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշ է արձանագրել։ Ճիշտ է, վերջնական արդյունքները դեռևս չեն ամփոփվել, բայց սպասվում է, որ տնտեսական աճը 7,5 տոկոսից պակաս չի լինի։ Ու այդ պայմաններում խոշոր հարկատուների կատարած շահութահարկի վճարներն ավելացել են ընդամենը 4,8 տոկոսով։ Սա, թերևս, Հայաստանի տնտեսության զարգացումների լավագույն բնութագրիչն է։

Եկամտային հարկի գծով խոշորների վճարներն ավելացել են 35 մլրդ դրամով։ Ի տարբերություն շահութահարկի, այս դեպքում աճը բարձր է՝ ավելի քան 20 տոկոս։ Բայց դա դեռ չի նշանակում, թե եկամտային հարկի գումարներն ավելացել են աշխատավարձերի նույնքան կտրուկ բարձրացման կամ մարդկանց եկամուտների ավելացման հաշվին։ Անցած տարի Հայաստանում արձանագրվեց միջին աշխատավարձի ընդամենը 5-6 տոկոս աճ։ Այդ պայմաններում հազիվ թե եկամտային հարկի մուտքերը կարող էին 20 տոկոս աճ ապահովել։ Ուստի, պետք է ենթադրել, որ դրա վրա ուղղակի ազդեցություն է ունեցել թաքնված աշխատատեղերի բացահայտումը, ինչո՞ւ չէ, նաև հայտարարագրվող աշխատավարձերի աճը։

Խոշորների վճարած հարկերն ավելացել են նաև անուղղակի հարկատեսակների հաշվին։ Խոսքն ԱԱՀ և ակցիզային հարկի մասին է։ Սրանք այն հարկատեսակներն են, որոնք նստած են քաղաքացիների գրպանի վրա։ Ինչպես ԱԱՀ-ն, այնպես էլ՝ ակցիզային հարկը ներառված են ապրանքների ու ծառայությունների գների մեջ, և դրանց համար վճարում են սպառողները։

Անցած տարի թե՛ մեկ, և թե՛ մյուս հարկատեսակի գծով սպառողներն ավելի մեծ ծանրություն են ստանձնել։ ԱԱՀ վճարները խոշորների մոտ ավելացել են՝ 42 միլիարդ, ակցիզային հարկինը՝ 23 մլրդ դրամով։

Հիշեցնենք, որ անցած տարի կառավարությունը գնաց ենթաակցիզային մի շարք ապրանքների ակցիզային հարկի հերթական բարձրացման, ինչը միայն խոշորների մասով սպառողների վրա արտահայտվել է միլիարդավոր դրամների հավելյալ բեռ ստանձնելու տեսքով։

Ի դեպ, դա մեկանգամյա միջոցառում չէ, և այս տարի ևս սպառողների վրա շարունակելու է ծանրանալ ակցիզային հարկի բեռը։ Որոշ ապրանքային շուկաներում այն արդեն սկսել է արտահայտվել իրացման գների բարձրացման տեսքով։ Մասնավորապես թանկացել են ալկոհոլային խմիչքները։ Սպասվում է, որ առաջիկայում կբարձրանան նաև այն ենթաակցիզային ապրանքների գները, որոնց հարկային բեռը տարեսկզբից ավելացել է։

Անցած տարի կատարած հարկային պարտավորություններով, Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Գրանդ Տոբակոն» է։ Այն վճարել է ռեկորդային բարձր քանակությամբ հարկ՝ ավելի քան 57 մլրդ դրամ։ Մինչև երրորդ եռամսյակ «Գրանդ Տոբակոն» զիջում էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին»։ Բայց չորրորդ եռամսյակի արդյունքներով կտրուկ ավելացրել է վճարները։ Տարեվերջի երեք ամիսներին ընկերությունը կատարել է 17 մլրդ դրամի հարկային պարտավորություն։

Չնայած «Գրանդ Տոբակոն» միշտ էլ վճարած հարկերի մեծությամբ տեղ է զբաղեցրել խոշորների ցանկի բարձր հորիզոնականներում, այնուհանդերձ այն սկսեց ակտիվ առաջադիմել հատկապես իշխանափոխությունից հետո։ Եթե 2017թ. ընկերությունը կատարել էր՝ 34,7 միլիարդ, 2018թ.՝ 42,2 միլիարդ, ապա արդեն 2019թ.՝ 57 մլրդ դրամի հարկային պարտավորություն։ Աճը 2 տարում անցնում է 64 տոկոսից։ Ու դա տեղի է ունեցել այն պարագայում, երբ անցած 2 տարիներին սիգարետի արտադրությունը Հայաստանում ավելացել է միջինը տարեկան 10-11 տոկոսի չափով։

«Գրանդ Տոբակոն» «Գրանդ Հոլդինգի» կազմում գործող միակ ընկերությունը չէ, որ կտրուկ ավելացրել է  հարկային պարտավորությունները։ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը» անցած տարի ավելի է վճարել 6,1 մլրդ դրամ՝ հայտնվելով խոշորների ցանկի չորրորդ հորիզոնականում։ Ի դեպ, ավելացել են ոչ միայն ծխախոտ արտադրողների, այլև ներմուծողների վճարած հարկերը՝ «Ջեյ Թի Այ Արմենիան» բյուջե է փոխանցել՝ 16,4 միլիարդ, իսկ «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 13,7 մլրդ դրամ։

Խոշորների ցանկում երկրորդը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը կատարել է 51 մլրդ դրամի պարտավորություն։ Նախորդ տարվա համեմատ՝ ընկերության վճարները գրեթե նույնն են մնացել։

3,6 միլիարդով ավելի է վճարել «Գազպրոմ Արմենիան»։ Ընկերության պարտավորությունները կազմել են 43,6 մլրդ դրամ։ Պետք է ենթադրել, որ աճը պայմանավորվել է գազի ներմուծման թանկացման հետևանքով սահմանին գանձվող ԱԱՀ վճարների ավելացմամբ։

Խոշորների ցանկի առաջին տասնյակում տեղ են գտել հեղուկ վառելանյութի շուկայում գործող 2 ընկերություններ՝ «Ֆլեշը» և «ՍիՓիԷս Օիլը»։ Վճարած հարկերով արտաքուստ առաջինը «Ֆլեշն» է։ Այն կատարել է՝ շուրջ 16, միլիարդի, «ՍիՓիԷս Օիլը»՝ 14 մլրդ դրամի հարկային պարտավորություն։ Սակայն «ՍիՓիԷս Օիլն» ունի փոխկապակցված ընկերություն՝ ի դեմս «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնի», որն անցած տարի կատարել է ավելի քան 4,9 մլրդ դրամի պարտավորություն։

Խոշորների ցանկի առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել հեռահաղորդակցության ոլորտի մեկ ընկերություն՝ ի դեմս «ՎԵՈՆ Արմենիայի»։ Այն կտրուկ մեծացրել է հարկային պարտավորությունները։ 2018թ. 3,8 մլրդ դրամի փոխարեն՝ ընկերությունն անցած տարի բյուջե է փոխանցել 12,2 մլրդ դրամ։ Այսինքն՝ 3,2 անգամ ավելի։

Կտրուկ ավելացել են Սամվել Ալեքսանյանին պատկանող սիթիների վճարած հարկերը։ Անցած տարի դրանք կազմել են ավելի քան 7,8 մլրդ դրամ։ Աճը հասնում է 3,5 անգամի։ Եթե ընդունենք նույնիսկ, որ դրա վրա ազդեցություն է ունեցել ցանցի ընդլայնումը, ապա հազիվ թե միայն այդ գործոնը բավական էր հարկային պարտավորությունների նման թռիչք արձանագրելու համար։

Առաջին հայացքից՝ ոչ պակաս կտրուկ աճել են նաև «Ալեքս ընդ Հոլդինգի» վճարած հարկերը՝ 2018թ. 2,9 միլիարդի դիմաց՝ անցած տարի այն կատարել է 6,9 մլրդ դրամի պարտավորություն։ Փոխարենը՝ շատ ավելի կտրուկ նվազել են Ս.Ալեքսանյանի մյուս ընկերության պարտավորությունները. «Ալեքս Հոլդինգն» անցած տարի կատարել է ընդամենը 2,2 մլրդ դրամի պարտավորություն։ Այն դեպքում, երբ 2018թ. այդ ընկերության վճարներն անցնում էին 14,6 միլիարդից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ