23 01 2020

Կոնկրետ անձ է լուրերը տարածում․ Վերմիշյանը՝ իր դեմ քրգործի մասին․ «Հրապարակ»

Կոնկրետ անձ է լուրերը տարածում․ Վերմիշյանը՝ իր դեմ քրգործի մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանից հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ քրեական գործ է հարուցվել, եւ նյութեր են նախապատրաստվում իր դեմ՝ կոռուպցիայի, հովանավորչության, չարաշահումների հիմքով, ինչին ի պատասխան նա ասաց, որ նման բան չկա․ «Կոնկրետ անձ է այդ լուրերը տարածում, դա էլ իր գործն է, իր իրավունքը, ամեն մարդ իր ձեւով է հասկանում խոսքի ազատությունը, երեւի չի կարողանում համակերպվել…»։ Բայց թե ում նկատի ունի՝ Վերմիշյանը չմանրամասնեց։

Խոսակցություններ կան նաեւ, որ կառավարությունում դժգոհ են իր աշխատանքից, ավելին՝ հավանական է նոր մարդ նշանակվի այդ պաշտոնին, եւ, ըստ որոշ լուրերի, թեկնածուն Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն է։ «Վիկտոր Մնացականյանն իմ շատ լավ ընկերն է, եւ մենք շատ հաճախ շփվում ենք իրար հետ, նման բան չկա, այդ լուրերն էլ նույն մարդն է տարածում եւ արդեն մի քանի ամիս շարունակ։ Իհարկե, ես հանգիստ կարող էի դատի տալ նրան եւ դատը շահել, բայց չեմ անի դա, որովհետեւ նրա համար պատիվ կլիներ ինձ հետ դատվելը»։ Ի վերջո, ո՞ւմ նկատի ունի՝ Սարհատ Պետրոսյանի՞ն։

«Չեմ ուզում անունը տալ… նա նաեւ գրել էր, թե Հայկ Մարությանի հետ կոնֆլիկտ ունեմ․ ի՞նչ կոնֆլիկտի մասին է խոսքը, այդ մարդու հետ օրական 15 անգամ շփվում ենք, հազար հարց ենք քննարկում։ Այդ նույն Վիկտորի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, էդ մարդը զանգել ասում է՝ այ Վերմիշյան ջան, նման բան չկա… ես, իհարկե, չեմ էլ մտածում, որ նման բան կա, ուղղակի մարդիկ կան, որ անընդհատ բզբզում են՝ իրենց ներքին մաղձը թափելու համար, բայց էլի եմ ասում՝ չեմ ուզում դրան անդրադառնալ, որովհետեւ ավելորդ ժամանակ ու էներգիա է խլում։ Մենք այստեղ նստած՝ մինչեւ գիշերվա ժամը 1-ն աշխատում ենք, որ 30 տարվա բաց թողածն առաջ գցենք։ Այ, դրա մասին է պետք խոսել»,- եզրափակեց քաղշինկոմիտեի նախագահը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ