16  01  2020

ՍԴ չունենալը հակասում է եվրոպական մոդելին․ Արամ Վարդևանյան․ 168.am

ՍԴ չունենալը հակասում է եվրոպական մոդելին․ Արամ Վարդևանյան․ 168.am

168.am-ը գրում է․ «Հունվարի 13-ին Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ:

Մասնագիտացված հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել 6 իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված 2 ներկայացուցիչ: Իրավաբան-գիտնականը պետք է ունենա իրավաբանական գիտությունների դոկտորի կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն 7 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:

168.am-ն իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանից հետաքրքրվեց՝ արդյոք դիմե՞լ է կամ պատրաստվո՞ւմ է դիմել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար: «Տեսա պահանջները, որոնք ներկայացնում են՝ իրավաբանական գիտությունների դոկտորի կամ թեկնածուի աստիճան, 7 տարվա ստաժ ոլորտում: Բոլոր պահանջներին բավարարում եմ, բացի այդ՝ գիտական գործունեությունս հենց առավելապես սահմանադրական իրավունքի տիրույթին է վերաբերում, 2015 թ. սահմանադրական փոփոխությունների գործընթացից էլ, նախագծերից էլ բավականին տեղյակ եմ, նաև ուսումնասիրել եմ գիտական առումով, բայց որոշում չունեմ»,- ասաց Ա. Վարդևանյանը:

Սահմանադրագետը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ ներկայիս Սահմանադրությունն իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ ավելի բարձր չափանիշ է նախատեսում, քան 2005 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը:

«Բայց, օրինակ, ես կարծում եմ, որ բոլոր դատավորները պետք է օժտված լինեն ընդհանուր անձեռնմխելիությամբ, այլ ոչ միայն՝ գործառութային: Բացի այդ, ՀՀ-ում այսօր ԱԺ-ում կա լուրջ սահմանադրաիրավական խնդիր: Դա այն է, որ մեկ խմբակցություն ունի 3/5-ից ավելի ձայներ»,- խոսելով բացառությունների մասին՝ ասաց Արամ Վարդևանյանը:

Նա լսել է սահմանադրական բարեփոխումների շրջանակներում կառավարման համակարգի հնարավոր փոփոխության հրապարակումների մասին, սակայն այս փուլում կարծիք արտահայտելուց զերծ է մնում:

«Նախկինում էլ եմ ասել, որ խորհրդարանական կառավարման ձևը ժողովրդավարության տեսանկյունից և մոդելների տեսանկյունից շատ ավելի բարձր մակարդակի է, քան նախագահականը և կիսանախագահականը: Բայց երկրների որոշակի առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն»,- ասաց Վարդևանյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի ստեղծումը շատերի մոտ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելուն ուղղված մեկ այլ քայլի տպավորություն է թողել, սակայն Ա. Վարդևանյանն այդ կարծիքները չի կիսում:

Սահմանադրագետի բնորոշմամբ՝ ՀՀ-ն եվրոպական իրավունքի կրող երկիր է: Իսկ եվրոպական փորձի համաձայն՝ սահմանադրական արդարադատության հետ առնչվող մարմինները լինում են առանձին, այսինքն՝ մասնագիտացված մարմիններ, ինչպես, օրինակ՝ սահմանադրական դատարանները, սահմանադրական խորհուրդները: Ու առհասարակ Սահմանադրական դատարան չունենալը հակասում է եվրոպական մոդելին:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք եվրոպական մոդելին կհակասի նաև Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միացումը, ինչի հնարավորության մասին հաճախ են խոսում իշխանության ներկայացուցիչները:

«Եթե մենք Եվրոպայի խորհրդի անդամ երկիր ենք, եթե մենք եվրոպական ավանդույթները որոշակիորեն կրող և զարգացնող երկիր ենք, իսկ մենք այդպիսին ենք, ապա չի կարող այդ մոդելն ընդունելի լինել այս պարագայում: Այստեղ ոչ թե պետք է քննարկվի միաձուլումը, այլ հակառակը՝ Սահմանադրական դատարանի լիազորությունների ընդլայնումը կամ պահպանումն այնպես, ինչպես կա: Հակառակը խնդիր է առաջացնելու Եվրոպայի խորհրդի տեսանկյունից: Ես չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարող է Վենետիկի հանձնաժողովը նման հետընթացը դրական համարել»,- ասաց Արամ Վարդևանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ