11 01 2020

Ո՞ւմ համար կառավարությունն այդքան առատաձեռն գտնվեց․ 168․am

Ո՞ւմ համար կառավարությունն այդքան առատաձեռն գտնվեց․ 168․am

168.am-ը գրում է․ «Այս տարվա սկզբից գործողության մեջ մտավ Հարկային օրենսգրքում Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների փաթեթը։ Դրա համար պահանջվեց գրեթե մեկուկես տարի։ Որքան էլ ժամանակին այդ փաթեթը մեծապես կարևորվում էր հեղափոխության ճանապարհը բռնած Հայաստանի տնտեսության հետագա զարգացումների համար, այնուհանդերձ ընթացքում այն բազմիցս վերանայվեց։

Եվ հիմա ունենք այն, ինչ հունվարի 1-ից այլևս գործողության մեջ է։ Մնում է սպասել, թե կառավարության առաջարկած հարկային բարեփոխումները որքանո՞վ կարդարացնեն իրենց։ Հատկապես որ, դրա վերաբերյալ կարծիքները խիստ հակասական են։

Այդպես էլ մինչև վերջ շատերի համար անընդունելի կամ անընկալելի մնաց եկամտային հարկում իրականացված այն փոփոխությունը, որով նվազեցվեց բարձր եկամուտներ ունեցողների հարկային բեռը, իսկ ցածր եկամուտներ ունեցողների համար նույնությամբ պահպանվեց։ Մինչև այդ, ամսական 150 հազար դրամից ցածր աշխատավարձը Հայաստանում հարկվում էր 23 տոկոս եկամտային հարկով։ Դրանից բարձր աշխատավարձերի դեպքում գանձվում էր 28-36 տոկոս։

Վերջին խմբի համար էլ կառավարությունը բացառություն արեց` նվազեցրեց եկամտային հարկը։ Ու հիմա այս տարվանից նրանց կողմից փաստացի տնօրինվող աշխատավարձն ավելին կլինի, քան նախկինում էր։ Հունվարի 1-ից նրանք ևս կվճարեն 23 տոկոս եկամտային հարկ։ Նախկին սկզբունքը՝ շատ ստացողից` շատ պահում, քիչ ստացողից` քիչ, այլևս չի գործելու։ Անկախ աշխատավարձի չափից, բոլորի համար եկամտային հարկը կլինի 23 տոկոս։ Ու դա կվերաբերի նաև կառավարության անդամներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր ոչ միայն բարձր աշխատավարձ, այլև բարձր պարգևավճարներ են ստանում։ Հիմա նրանք եկամտային ավելի քիչ հարկ կվճարեն և աշխատավարձի հավելում կստանան նաև եկամտային հարկը նվազեցնելու արդյունքում։ Ոչինչ, որ դրա հետևանքով պետությունը բավական մեծ ֆինանսական կորուստներ կունենա։ Խոսքը տասնյակ-միլիարդավոր դրամների մասին է։

Չնայած դրան, կառավարությունը գնաց այդ քայլին և համեմատաբար բարձր եկամուտներ ունեցողներին պետական բյուջեի հաշվին բավական մեծ լավություն արեց։ Թեև այդպես էլ մինչև վերջ չհիմնավորվեց նման առատաձեռնության պատճառը։

Բյուջեի վրա այդ ճնշումը թուլացնելու նպատակով կառավարությունը գնաց մի շարք ենթաակցիզային ապրանքների հարկային բեռի ավելացման։ Տարվա սկզբից ակցիզային հարկի նոր դրույքաչափերն այլևս մտել են գործողության մեջ։

Հաշվի առնելով այդ հարկատեսակի անուղղակի բնույթը` հարկային հավելյալ բեռը կրելու են սպառողները։ Այսինքն` նրանք են փոխհատուցելու պետական բյուջեի այն կորուստները, որոնք առաջանալու են համեմատաբար բարձր աշխատավարձեր ստացող քաղաքացիների եկամտային հարկի նվազեցման հետևանքով։ Ու դրանց մեջ մտնում են նաև այն աշխատողները, որոնց եկամտային հարկն այս փուլում մնացել է անփոփոխ։

Հետագա երեք տարիներին, իհարկե, կառավարությունը նախատեսում է տարեկան 1 տոկոսով նվազեցնել նաև նրանց եկամտային հարկը։

Բայց դրան զուգահեռ՝ գրեթե նույն չափով կավելանան կուտակային կենսաթոշակային ֆոնդերի վճարումները։ Ու կստացվի, որ այդ ժամանակ ևս ցածր եկամուտներ ունեցողները ոչինչ չեն շահելու։

Հարկային օրենսգրքի փոփոխության հետևանքով առաջացող ֆինանսական կորուստների մի մասն էլ կփակվի այլ ոլորտներում պետական տուրքերը բարձրացնելու հաշվին։ Դրանց թվում են նաև ֆինանսական համակարգում գործող սուբյեկտները։

Հունվարի 1-ից նրանք ստիպված կլինեն ավելի շատ պետտուրք վճարել։ Ասենք` բանկերը նախկին 3-ի փոխարեն՝ կվճարեն 8 մլն դրամ, ևս 1-ական միլիոն դրամ՝ ամեն մասնաճյուղի համար։ Ու այդ բեռը դարձյալ ծանրանալու է քաղաքացիների կամ հաճախորդների վրա։ Հազիվ թե կարելի է կարծել, որ այն դուրս է գալու բիզնեսի շահույթներից։ Անգամ այն պարագայում, որ Հարկային օրենսգիրքը 2 տոկոսով թեթևացրել է շահութահարկի բեռը։

Եվ ամենակարևորը, որը կառավարությունն առանձնացնում է հարկային օրենսդրության փոփոխություններում, դա մանր գործարարությանն արտոնությունների տրամադրումն է։ Տարվա սկզբից Հայաստանում գործելու է միկրոբիզնես հասկացությունը։ Խոսքն այն բիզնեսի մասին է, որի շրջանառությունը չի անցնում տարեկան 24 մլն դրամից։

Իհարկե, այնպես չէ, որ այդ գումարի շրջանակներում ցանկացած տնտեսական գործունեություն մտնելու է դրա տակ։

Միկրոբիզնեսի դաշտում չեն կարող գործել բիզնեսի բազմաթիվ տեսակներ, այդ թվում` գործունեության վարքից կախված։

Միկրոբիզնեսը, ըստ էության, մինչև այժմ գործող ընտանեկան ձեռնարկատիրության և ինքնազբաղի սինթեզն է։ Նախկինում հարկերից ազատվում էր մինչև 9 մլն դրամ շրջանառություն ունեցող փոքր և մինչև 18 մլն դրամ շրջանառություն ունեցող՝ ընտանեկան բիզնեսը։ Հունվարի 1-ից գործող միկրոբիզնեսի համար կառավարությունը բարձրացել է արտոնության շեմը։ Որոշ փոփոխություններ են կատարվել նաև միկրոբիզնեսում զբաղվածների աշխատանքային հարաբերություններում։ Այլևս պարտադիր չէ, որ նրանք լինեն ընտանիքի անդամներ։

Թեև միկրոբիզնեսը ազատված է հարկերից, այնուհանդերձ պարտադրված է լինելու հսկիչ մեքենա ունենալ և դրանով անցկացնել շրջանառությունը, իսկ չանցկացնելու դեպքում ստիպված է լինելու տուգանվել 150 հազարից մինչև 300 հազար դրամի չափով։ Կառավարությունը մտադիր չէ որևէ զիջում անել։ Դեռևս անցած տարվա վերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս տարվանից որևէ ներում-բեկում այլևս չի լինելու ՀԴՄ կտրոն չտրամադրողներին։ Այնպես որ, միկրոբիզնեսի դաշտում գործողների համար դեռ մեծ հարց է` նախկին պայմաննե՞րն էին ավելի ձեռնտու, թե՞ նորը։

24 մլն դրամի շեմը գերազանցելուց հետո միկրոբիզնեսն ավտոմատ տեղափոխվում է մեկ այլ հարկային դաշտ, որտեղ ստիպված է լինելու ավելի շատ վճարել։

Հունվարի 1-ից գործողության մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսվում են նաև այլ փոփոխություններ և վերանայումներ։ Բայց հիմնականն այն է, ինչին անդրադարձանք։ Ու չնայած դրա հետ կառավարությունը մեծ հույսեր է կապում, այնուհանդերձ ակնկալիքներն այնքան էլ միանշանակ չեն։

Այն, ինչ առաջարկվում է միկրոբիզնեսին, մեծ առաջընթաց չէ, ու դա չի կարող էական աշխուժություն մտցնել այս հատվածում տնտեսական գործունեություն իրականացնողների հետաքրքրություններում։ Հատկապես որ, նոր իրավիճակում էապես ավելանում են հարկային ավելի ծանր դաշտում գործելու ռիսկերը։

Մյուս կողմից` աշխատավարձերի մի մասի դեպքում եկամտային հարկի չպատճառաբանված նվազեցման հետևանքով անհասկանալի կորուստներ են առաջանում պետական բյուջեում։ Ու այդ բեռը փոխհատուցելու են սպառողները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ