28 12 2019

Բյուջեի կատարման մասին դատում են ոչ միայն եկամուտներով, այլև ծախսերով․ 168.am

Բյուջեի կատարման մասին դատում են ոչ միայն եկամուտներով, այլև ծախսերով․ 168.am

168.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի պատկերացումները բյուջեի վերաբերյալ շատ մակերեսային են, կամ նա միտումնավոր թաքցնում է իրականությունը։ Բյուջեն կազմված է ոչ միայն եկամուտներից, այլև ծախսերից։ Այնպես որ, բյուջեի կատարման մասին դատում են ոչ միայն եկամուտներով, այլև ծախսերով։ Ու երբ վարչապետը խոսում է բյուջեի գերակատարումից, լավ կլինի անդրադառնա նաև ծախսերին։ Այդ դեպքում կստացվի, որ բյուջեն ոչ միայն չի գերակատարվել, այլև թերակատարվել է։

«Դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով (185 միլիոն դոլարով): Այսինքն՝ այսքան ավելի հարկային եկամուտ ենք ունեցել 2019թ. բյուջեով կանխատեսված/նախատեսվածի համեմատ»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։

Զարմանում ես, թե ինչպես կարող է երկրի վարչապետն այսքան պարզ հասկացություններն իրար խառնել։ Պետական բյուջեի գերակատարումը բոլորովին այլ բան է, հարկային եկամուտների գերակատարումը՝ այլ։ Այն, որ ավել հարկային եկամուտներ են հավաքվել, դա դեռ բյուջեի գերակատարում չէ։

Թեև հարկային եկամուտների ավել հավաքագրումը ևս միանշանակ չէ։ Խոսքը ճշգրտումների մասին է, որոնք ամեն տարի էլ արվում են։ Պարզապես աչքի տակ ունենալով նախորդ տարվա թերակատարումը՝ այս անգամ վարչապետը որոշել է ճշգրտումներն անջատել ի սկզբանե նախատեսվածից և ներկայացնել՝ որպես գերակատարում։ Իրականում դա քիչ կապ ունի գերակատարման հետ։ Գերակատարումն այն կլիներ, երբ մուտքերը գերազանցեին ճշգրտված պլանը։ Եթե նույնիսկ ունենք բյուջեի հարկային եկամուների գերակատարում ճշգրտված պլանի նկատմամբ, ապա այն չափազանց փոքր է։ Պատկերացնելու համար ասենք, որ 9 ամսվա տվյալներով կառավարությանը հաջողվել է բյուջեի հարկային եկամուտների ճշգրտված պլանը գերակատարել ընդամենը 1,7 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում բյուջեի ընդհանուր եկամուտները ևս ավելացել են։ Բայց գերակատարումը ճշգրտված պլանի նկատմամբ ավելի ցածր է` ընդամենը 0,2 տոկոս։

Բյուջեի ճշգրտումը սովորական երևույթ է։ Ասենք` բյուջեով նախատեսված է, որ հարկային մուտքերը պետք է կազմեն ՀՆԱ 21 տոկոսը, ու եթե ՀՆԱ աճը պլանավորված է 4,9 տոկոս, սակայն ստացվում է 7 տոկոս, դրան համապատասխան՝ պետք է ավելանան նաև եկամուտները։ Այլապես կստացվի, որ ավելանում է ստվերային տնտեսությունը։ Սա բյուջեի ճշգրտման գործոններից մեկն է, բայց ոչ՝ միակը։

Այս տարի, անշուշտ, ունենք պետական բյուջեի եկամուտների աճ։ 11 ամիսների տվյալներով՝ բյուջեի եկամուտներն ավելացել են՝ 18,7, իսկ հարկային եկամուտները` 19 տոկոսով։

Համեմատության համար ասենք, որ առաջին կիսամյակում բյուջեի եկամուտների աճը կազմել էր՝ 25,1, հարկային եկամուտներինը` 24,5 տոկոս։ Այսինքն` աճի տեմպը տարվա երկրորդ կեսին զգալիորեն նվազել է։

Դեռ չհաշված, որ աճի վրա էական ազդեցություն է ունեցել մեկ գործոն։ Ու երբ վարչապետը հայտարարում է, որ բյուջեով նախատեսվածի համեմատ՝ 89 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, պետք է ասի, որ դրա մեծ մասը եղել է ավտոմեքենաների ահռելի քանակների ներմուծման արդյունքում գանձված միջոցների հաշվին։ Այդ գործոնի վերջնական ազդեցությունը հարկային եկամուտների վրա դեռևս հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ տարեվերջին այն կարող է հասնել ընդհուպ մինչև 70-75 մլրդ դրամի։

Դժվար չէ համեմատել, թե վարչապետի ասած 89 միլիարդի ո՞ր մասն է բաժին ընկնում այս գործոնին։ Ու դա չէր կարող ազդեցություն չունենալ բյուջեի եկամուտների վրա։

Ի տարբերություն նախորդ տարվա` այս անգամ եկամտային մասում իսկապես թերակատարում չունենք։ Բայց ծախսերի մասով, տարեսկզբից սկսած` խայտառակ վիճակ էր։ Կառավարությունն ի սկզբանե ձախողեց բյուջեի ծախսերի կատարումը։ Դրանք էապես հետ մնացին ծրագրավորվածից։

Գրեթե ամբողջ տարվա ընթացքում դեֆիցիտի փոխարեն՝ ունեցանք պորֆիցիտային բյուջե. 11 ամիսների արդյունքներով՝ բյուջեի եկամուտներն ավելի քան 40 մլրդ դրամով գերազանցել են ծախսերը։ Այն դեպքում, երբ տարվա համար ծրագրավորված էր 153 մլրդ դրամի դեֆիցիտ։

Այս պայմաններում շատերն են անկեղծ զարմանում, թե ինչո՞ւ է կառավարությունը նոր վարկեր վերցնում, պետական պարտքն ավելացնում, հավելյալ բեռ դնում սերունդների վրա, երբ անգամ եղած գումարները չի կարողանում ծախսել։

Հիշեցնենք, որ միայն վերջերս կառավարության ներկայացմամբ խորհրդարանը վավերացրեց ավելի քան 150 մլն դոլարի երեք նոր վարկային համաձայնագրեր։ Ու այդպես էլ պատասխան չտրվեց, թե ինչո՞ւ են վերցվում այդ գումարները, եթե բյուջեն 89 մլրդ դրամ գերակատարում ունի, իսկ նախատեսված ծախսերն առանց այդ էլ՝ չեն կատարվում։

Տարվա ընթացքում հարկերի տեսքով բավական մեծ գումարներ դուրս բերվեցին տնտեսությունից, և փոխարենը՝ ծախսային ծրագրերը ժամանակին կատարելու միջոցով դրանք վերադարձվեին շրջանառության մեջ` ավանդների տեսքով կախված մնացին Կենտրոնական բանկում։ Խոսքը մեծ գումարների մասին է։ Մինչև վերջերս էլ դրանք հասնում էին ավելի քան 270 մլրդ դրամի։

Այնպես չէ, որ նախկինում բյուջեի ծախսերը չէին թերակատարվում։ Շատ հաճախ այդպես էլ լինում է։ Բայց այս տարի թերակատարումն իսկապես աննախադեպ էր։

Առաջին կիսամյակի արդյունքներով բյուջետային ծախսերը հետ մնացին ավելի քան 20 տոկոսով։ Ինն ամիսների տվյալներով՝ իրավիճակը մի փոքր բարելավվեց, եթե, իհարկե, 17,5 տոկոս թերակատարումը կարելի է բարելավում համարել։

Կառավարությունը մինչև վերջ էլ չկարողացավ դուրս գալ այդ շրջապտույտից։ Ու ստիպված գնաց ավելացված արժեքի հարկի նախկին պարտքերը վերադարձնելու միջոցով տնտեսությունից հանված գումարների որոշ մասը հետ ուղարկելու ճանապարհով։ Բայց դա էլ չլուծեց խնդիրը։

Պետական բյուջեով 2019թ. համար ի սկզբանե հաստատված 1 տրիլիոն 648 մլրդ դրամի փոխարեն՝ տարեսկզբի 11 ամիսներին կառավարությունը կատարել է ընդամենը 1 տրիլիոն 358 մլրդ դրամի ծախս։ Բյուջեն ամբողջությամբ կատարելու համար դեկտեմբերին պիտի իրականացվի 290 մլրդ դրամի ծախս։ Բայց քանի որ դա անհնարին է, կառավարությունը ճշգրտել է բյուջեի ծախսերը` կրճատելով դրանք։ Ակնկալվում է, որ տարեվերջին ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 532 մլրդ դրամ։

Այլ կերպ ասած, բյուջեի ծախսային մասը` ի սկզբանե հաստատվածի համեմատ, կթերակատարվի։ Այն էլ՝ բավական մեծ չափով։ Խոսքը շուրջ 116 մլրդ դրամի մասին է։

Իսկ թե հարկերի տեսքով գումարները տնտեսությունից հանելու և բյուջեի ծախսերը թերակատարելու հետևանքով ինչքա՞ն վնասներ կկրի տնտեսությունը, բնականաբար, այդպես էլ մութ կմնա։ Նաև որևէ մեկը պատասխան չի տա դրա համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ