17 12 2019

Փողից հոտ չի գալիս․ ունևորներին հավաքելն ավանդույթ է դառնում․ «Հրապարակ»

Փողից հոտ չի գալիս․ ունևորներին հավաքելն ավանդույթ է դառնում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մոտ մեկ ամիս առաջ դրամահավաք իրականացրած Աննա Հակոբյանն անցած շաբաթ կրկին դրամահավաք էր անում։ Արդեն ավանդույթ է դառնում ճոխ սեղանների շուրջ ունեւորներին հավաքելը եւ նրանց համար աճուրդներ կազմակերպելը։ Այս անգամ մի տարբերություն կար՝ մշակութային դեմքեր էլ էին ներկա եւ իրենց ներկայությամբ կոչված էին փողահավաքն «օրհնելուն», որ քննադատություն չհնչի, ինչը, ի դեպ, իշխանական խոսափողները «հաչոց» են անվանում։

Մի տարբերություն էլ կար․ վարչապետի տիկինը փորձել էր այնպիսի ելույթ ունենալ, որ ներկաները ոչ միայն փող տային, այլեւ կարեկցանքով լցվեին իր եւ ողջ ակցիայի հանդեպ, քանի որ իրենք ծանր, տանջալից աշխատանք են կատարում՝ նորոգում են, բուժում են, կարիքներ են հոգում մեր նման «ապերախտ» հասարակության համար, որն ի վիճակի չէ հասկանալ ո՛չ բարեգործության իմաստը, ո՛չ գիտակցել, որ դա արվում է կամավոր։ Ոչ էլ ըմբռնել, որ մեր փողատերերն ամեն մեկը մի սրբություն է՝ անշահախնդրության եւ հայրենասիրության մարմնացում, որոնք պատրաստ են յուրաքանչյուր կարիքավորի ձեռքը բռնել, ամեն քանդված դպրոցի ու մանկապարտեզի սանի համար հոգի տալ։ Իսկ դրամահավաքին ներկաների թվում էին ոչ միայն բոլոր իշխանությունների կողքին կանգնած Տիգրան Մանսուրյանը, այլեւ, օրինակ, Գաբրիել Ջեմբերջին՝ Լեւոն Սարգսյանի բիզնես-պարտնյորը, որը, թվում է, պետք է նստած լիներ Լեւոն Սարգսյանի կողքի «կամերում»։ Կամ՝ ՍԱՍ-ի Արտակը, ում ընկերությունում 2017-ի ընտրությունների նախօրեին տեղի ունեցած ժողովը պետք է ընտրակեղծարարության ցանկը գլխավորեր։ Բարեգործության մասին սրտառուչ ճառեր ասողները մի հարցի էլ պետք է պատասխանեն՝ այդ մարդկանցից ո՞ր մեկը կբացեր իր քսակը, եթե դրամահավաքը ոչ թե վարչապետի կինն աներ, այլ ուրիշ հիմնադրամի ղեկավար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ