12  12  2019

Որտեղի՞ց է իշխանությունը «չաշխատելու» ժամանակ գտնում․ «Հրապարակ»

Որտեղի՞ց է իշխանությունը «չաշխատելու» ժամանակ գտնում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Պրոդուկտիվ, ստեղծագործական, նվիրված աշխատանքն ահռելի ժամանակ և ուժերի մեծ լարում է պահանջում։ Այն տեղ չի թողնում ինտրիգների, բամբասանքի, Ֆեյսբուքում «թափառելու», փաբեր ու սրճարաններ այցելելու, անգամ՝ անձնական կյանքի համար։ Առավել ևս, եթե այն պատասխանատու աշխատանք է՝ վարչապետի, նախարարի, փոխնախարարի, պատգամավորի ու բարձրաստիճան իրավապահի պաշտոնում։ Դժվար է պատկերացնել, թե այս անձինք որտեղից են ժամանակ գտնում «չաշխատելու» համար։ Իսկ ինտրիգներն ու բանսարկությունները, բամբասանքն ու Ֆեյսբուքում «ստատուս-քոմենթ» գրելը հսկայական ժամանակ ու էնեգիա են խլում մարդուց։

Աշխատող մարդը չի կարող, չպետք է ժամանակ գտնի այդ ամենի համար։ Մանավանդ՝ մեր երկրի նման երկրում, որտեղ միլիոնավոր չարված գործեր կան, և մեծ բեռ է դրված իշխանության մեջ գտնվողների ուսերին։ Ահա՝ քաղաքապետարանից «վառված» անձը պատմում է, որ ամիսներ շարունակ մի պարզ թույլտվություն է փորձում ստանալ պատասխանատուներից՝ շինարարությունը կանգնած է, վարկերի տոկոսներն աճում են, իսկ չինովնիկները հոգուն են հասցրել՝ թույլ չեն տալիս, որ գործն ավարտին հասցնի։ Այս մյուս բողոքավորը պատմում է, որ մեկ տարուց ավելի կառուցվածքային փոփոխությունների փուլում են, դեռևս օգոստոսին պետք է ավարտված լիներ կառուցվածքի ձևավորումը՝ այսօր դեկտեմբերն է, ու դեռ վերջը չի էլ երևում։

Երրորդ զրուցակիցս պատմում է, որ դեռևս փետրվարին ընդունելության է արժանացել անձամբ վարչապետի կողմից, ներկայացրել իրենց կառույցի բոլոր խնդիրները, որոնք, հուրախություն իրեն, երկրի թիվ մեկ պաշտոնյայի կողմից լիարժեք հավանության են արժանացել, առայսօր նշված խնդիրներից ոչ մեկն իրականություն չի դարձել։ Հիմա չգիտի, թե ում դիմի՝ «վարչապետից բարձր ինստանցիա կարծես թե չկա»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ