22  11  2019

Սպառնալիք բանկերի համար. Իսկ ո՞ւր է բանկային վերահսկողությունը. 168.аm

Սպառնալիք բանկերի համար. Իսկ ո՞ւր է բանկային վերահսկողությունը. 168.аm

168.am-ը գրում է․ «Հայաստանի բանկային համակարգն արտաքուստ կայուն է։ Արդեն տևական ժամանակ այստեղ լուրջ ցնցումներ չեն լինում, բանկեր չեն սնանկանում ու փակվում` անգամ համաշխարհային ճգնաժամերի ժամանակ։

Ֆինանսական ու բանկային կայունության համար մի պահ սպառնալիքներ ստեղծվեցին «թավշյա հեղափոխության» օրերին։ Բայց հաջողվեց առանց մեծ կորուստների դուրս գալ այդ իրավիճակից։ Ճիշտ է, դրա համար Կենտրոնական բանկը բավական լուրջ գին վճարեց. երկրում ֆինանսական կայունության ապահովման նպատակով 2018թ. ապրիլ-մայիսին Կենտրոնական բանկի պահուստները կրճատվեցին 227 մլն դոլարով, ինչը, անշուշտ, նորմալ երևույթ է նման իրադարձությունների պայմաններում։

Իշխանափոխությունից հետո իրավիճակն աստիճանաբար կայունացավ, իսկ այս տարի, տարադրամի ներկացված բարձր առաջարկի արդյունքում, հաջողվեց նույնիսկ գերազանցել նախկինում ունեցած արտաքին պահուստների ծավալը։ Բայց վերջին շրջանում ի հայտ են եկել նոր երևույթներ, որոնք սպառնում են բանկային համակարգի կայունությանը։ Ու այդ մասին ահազանգում է Կենտրոնական բանկի նախագահը։

«Հայաստանում մի խումբ գործարարներ փորձում են միջամտել բանկային համակարգի կայունությանը»,- այս մասին օրերս Ազգային ժողովում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Նման հայտարարություններ, այն էլ՝ ԿԲ նախագահի մակարդակով, հաճախ չեն լինում։ Հաշվի առնելով բանկային համակարգի զգայունությունը՝ սովորաբար բանկային համակարգի խնդիրներն այդպես բացեիբաց չեն բարձրաձայնվում։ Բայց եթե բարձրաձայնվում են, նշանակում է՝ իրավիճակն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել։ Բնավ զարմանալի չէ, որ ԿԲ նախագահը խոսում է ոչ միայն բանկային, այլև ֆինանսական կայունությանը սպառնացող վտանգների մասին։

«Սա խնդիր է, և այն առնչվելու է մեր ֆինանսական կայունությանը, քանի որ մեծ գումարների՝ հարյուրավոր միլիոն դոլարների մասին է խոսքը»,- ասում է ԿԲ նախագահը։

Թե ովքե՞ր են այն գործարարները, որոնք սպառնում են բանկային, ինչո՞ւ չէ, նաև ֆինանսական համակարգի կայունությանը, գուցե կարևոր է։ Բայց շատ ավելի կարևոր է երևույթը։

Եթե խնդիրը մեկ բանկի հետ լիներ, դեռ կարելի էր հասկանալ։ Սակայն պարզվում է՝ Հայաստանում գործող 17 բանկերից 7-ը կամ 8-ը խնդիրներ ունեն նույն ընկերության հետ։

Հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է ստացվել, որ բանկային համակարգի գրեթե կեսն ընկել է նույն ընկերության հյուսած «ծուղակը»։ Բա ո՞ւր է բանկային վերահսկողությունը, ո՞ւր է ռիսկերի գնահատման համակարգը, ո՞ւր են վարկերի վերադարձման երաշխիքները։ Թե ո՞ւմ պատահի, ինչպե՞ս պատահի, կարելի է վարկ տրամադրել, կարևոր չէ՝ կարո՞ղ են վերադարձնել, թե՞ ոչ։

Հետո՞ ինչ, որ բանկային համակարգում փող կա, իսկ վարչապետը հայտարարում է, թե բանկերը դառնալու են տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը։ Դա չի նշանակում, որ կարելի է առանց լուրջ հիմքերի բոլորին վարկ տալ ու համակարգը դնել ռիսկերի տակ։ 7-8 բանկ այդ ինչպե՞ս են գնահատել տվյալ ընկերության ներկայացրած բիզնես ծրագրերի իրատեսությունը, որ բոլորի մոտ էլ խնդիրներ են առաջացել։

Ու այսքանից հետո տարօրինակն այն է, որ փոխարենը բանկային համակարգի մասնակիցներին մեղադրելու, Կենտրոնական բանկի նախագահը մեղադրանքներ է հնչեցնում այն ընկերության հասցեին, որն իր ստանձնած պարտավորությունները կատարելու մասին մտածելու փոխարեն՝ «մտածում է, թե ոնց խուսափի, ոնց ավելի մեծ բեռ դնի բանկային համակարգի վրա»: Զարմանալի մոտեցում է. իսկ ինչո՞ւ պիտի վարկառուն մտածի բանկային համակարգի մասին։ Թող բանկային համակարգը բարի լինի վարկերը տրամադրելուց կամ բանկային համաձայնագրերը կնքելուց այնպես անել, որ նման խնդիրների առջև չկանգնի։ Կարծես դրա համար վերջինիս բոլոր հնարավորությունները տրված են։

Թե չէ, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն շրջանցել բանկային պայմանավորվածությունները՝ գումարները վերադարձնելուց խուսափելու համար։ Այդ մասին վաղուց էր պետք մտածել։ Ու ոչ միայն այդ ընկերության, այլև բազմաթիվ այլ ընկերությունների ու վարկառուների հետ կապված։

Վերջին շրջանում բանկային համակարգում վարկերի տրամադրման պայմանները մի տեսակ թուլացել են։ Այնպիսի տպավորություն է, որ ով ուզի, ինչքան ուզի՝ կարող է վարկ ստանալ։ Կարևոր չէ՝ եկամուտները բավարարո՞ւմ են այն վերադարձնելու համար, թե՞ ոչ։

Բոլորովին անակնկալ չի լինի, եթե վաղն էլ խնդիրների բախվենք սպառողական վարկերի հետ կապված։ Բանկերի այդ վարկերի պորտֆելը վերջին մեկ-երկու տարում այնքան է ուռել, որ սկսել է անհանգստություններ առաջացնել ֆինանսական համակարգի կայունության առումով։ Ու հիմա Կենտրոնական բանկը մտածում է, թե ի՞նչ քայլեր ձեռնարկի իրավիճակից դուրս գալու համար։ Հատկապես որ, ռիսկերը միայն այդ շուկայում չեն։ Այսպես շարունակվելու դեպքում խնդիրների կարող է բախվել նաև հիպոթեքի շուկան, եթե արդեն չի բախվել։

Այնպես որ, վարկերի աճով հպարտանալուց առաջ, լավ կլիներ երբեմն-երբեմն հետհայացք ձգել նաև այն վտանգներին, որոնք կարող են առաջանալ դրա հետևանքով։ Չէ՞ որ վարկերը պետք է նաև սպասարկել։ Իսկ դրա համար հարկավոր է, որպեսզի մարդիկ բավարար եկամուտներ ունեն։

Կենտրոնական բանկը սկսել է խոստովանել, որ վարկային բեռը Հայաստանում ավելի արագ է աճում, քան մարդկանց եկամուտները։ Թեև դա նորություն չէ։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ այդպես է լինելու։ Որտեղի՞ց պիտի մարդկանց եկամուտներն ավելի արագ աճեին, եթե տնտեսությունը նման հնարավորություններ չի տալիս։ Աշխատավարձի աճը Հայաստանում շատ դանդաղ է տեղի ունենում։ Տարեկան հազիվ 4-5 տոկոս։ Եվ այնպես չէ, որ իշխանափոխությունից հետո շատ բան է փոխվել։ Ամենևին զարմանալի չէ, որ վերջին շրջանում բանկային համակարգում նկատվում է ռիսկերի ակտիվացում։

Անկախ նրանից, թե դա ինչի հետևանք է, պետք է փորձել հնարավորինս արագ ազատվել այս իրավիճակից։

Այն, ինչ ասում է Կենտրոնական բանկի նախագահը, իսկապես մտահոգիչ է։ Ու դա պետք է լուրջ ահազանգ դառնա՝ հետագայում բանկային համակարգը նման վտանգներից հնարավորինս զերծ պահելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ