21  11  2019

Եղոյանի հանձնաժողովում ամենաակտիվը ծառայողական մեքենան է աշխատում․ Հրապարակ

Եղոյանի հանձնաժողովում ամենաակտիվը ծառայողական մեքենան է աշխատում․ Հրապարակ

«Հրապարակ»-ը է․ «ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանի թերեւս ամենապարապ ու ոչինչ չանող հանձնաժողովն է։ Այս հարցում, կարելի է ասել, ոչինչ չի փոխվել, այս հանձնաժողովը նախկինում էլ էր «պարապ գործերի մինիստրություն», երբ նախագահը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էր, հիմա՝ առավել եւս, երբ նախագահն իմքայլական Արման Եղոյանն է՝ վարչապետի մամուլի նախկին խոսնակը։

Պատկերավոր ասած՝ այս հանձնաժողովում ամենաակտիվ աշխատող «օրգանը» հանձնաժողովի նախագահին սպասարկող ծառայողական ավտոմեքենան է՝ 006 HH 01 պետհամարանիշով սեւ Toyota Camry-ն։ Այն ամեն օր իր տիրոջը՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանին, պարտաճանաչ բերում է աշխատանքի, տանում՝ տուն։ Եղոյանի պնդմամբ, սակայն, ինքը մեքենան այլ՝ անձնական նպատակների համար չի օգտագործում, ինչպես իր որոշ գործընկերներն են անում։ Իսկ ի՞նչ է անում Եղոյանի հանձնաժողովը, որն ընդամենը մեկ փորձագետ ունի։ Կարելի է ասել՝ առանձնապես ոչ մի բան, մինչդեռ պետք է եվրաինտեգրմամբ զբաղվեր՝ ըստ անվան նշանակության։ Բայց նայում ես ԱԺ կայքը, վերջին նիստը նոյեմբերի 8-ին է գումարել՝ օրակարգում ընդգրկված է ընդամենը մեկ հարց։ Մյուս նիստերի մասին ԱԺ պաշտոնական կայքում որեւէ հավաստում չկա։ Բայց հարցրու Արման Եղոյանին՝ այնպես կներկայացնի իրենց հանձնաժողովի աշխատանքը, որ կթվա՝ ամենաակտիվ բանող, զօրուգիշեր տքնաջան աշխատող հանձնաժողովն է, որի պտուղներն էլ ամեն օր քաղում ենք Եվրոպայի հետ օր-օրի ավելի խորն ու համապարփակ ինտեգրվելով։

«Մեր հանձնաժողովը զբաղվում է Եվրամիության հետ ինտեգրմանն առնչվող բոլոր հարցերով։ Դա, մասնավորապես, վերաբերում է Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործունեության համաձայնագրի կիրարկման գործընթացին։ Գիտեք, որ համաձայնագիրը ստորագրվել է երկու տարի առաջ՝ նոյեմբերի 26-ին։ Դրույթների մի մասն ուժի մեջ է մտել անցած տարի հունիսի 1-ին, այս տարի հունիսի 1-ին վարչապետի որոշմամբ հաստատվել է դրանց կիրարկման ճանապարհային քարտեզը։ Եվ եթե հետեւում եք նիստերին, այս տարվա ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների մեծ մասն արդեն իրականացված է»,- մեզ հետ զրույցում ասաց Արման Եղոյանը։

- Ես հետեւում եմ ձեր հանձնաժողովի աշխատանքներին ու տեսնում, որ նիստեր գրեթե չեն գումարվում, վերջինը մի քանի օր առաջ է եղել՝ մեկհարցանի օրակարգով ընդամենը։ Ընդհանրապես ասում են՝ ձեր հանձնաժողովն ամենապասիվն է, որտեղ ամենաակտիվ հանձնաժողովի նախագահի ծառայողական մեքենան է աշխատում։

- Հանձնաժողովի նախագահի ծառայողական մեքենան աշխատում է այնքան, ինչքան մյուս բոլոր հանձնաժողովների նախագահներինը։ Իսկ հանձնաժողովի աշխատանքները շատ բազմազան են, հանձնաժողովի նախագահը եւ փոխնախագահը նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումներն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ են, որտեղ, այո, սովորաբար մեկնում են հանձնաժողովի նախագահի մեքենայով, նաեւ հանձնաժողովի անդամները շատ ակտիվորեն ներգրավված են ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված գործողությունների կիրարկման վերահսկմանը։ Հանձնաժողովի նիստում քննարկվում է փաստաթղթի ընդունումը։

- Քանի՞ նիստ է արել Ձեր ղեկավարած հանձնաժողովը վերջին մեկ տարվա ընթացքում։

- Եթե չեմ սխալվում՝ վեց, թե յոթ նիստ։

- Քիչ չէ՞։

- Այնքան է, ինչքան պետք է։ Իսկ քանի՞ հոդված եք գրել Դուք այս տարի։

- Հարյուրավոր։

- Քիչ չէ՞։

- Ոչ, իհարկե։

- Բայց կան մարդիկ, ովքեր գրել են 200, 300․․․

- Իսկ որքանո՞վ են ձեր հանձնաժողովի հրավիրած նիստերը նպաստել այդ փաստաթղթի կիրարկմանը։

- Փաստաթուղթը ստորագրվել է մոտ 5 ամիս առաջ՝ հունիսի 1-ին, այն բաղկացած է 200 միջոցառումից, որոնցից այս պահին կիրարկվել է մոտ մեկ տասնյակը, եւ, գիտե՞ք, օրենսդրության մեջ կիրարկումը․․․ դիցուք՝ վերցնենք Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումը։ Հիմա ինչքանո՞վ է կիրարկվել հակակոռուպցիոն ռազմավարությունը։

- Խնդիրը հետեւյալն է․ այս հանձնաժողովը նախկինում էլ ակտիվ գործունեությամբ աչքի չէր ընկնում, եւ պարբերաբար գրվում էր մամուլում, որ պարապ հանձնաժողով է, հիմա էլ, փաստորեն, բան չի փոխվել այդ առումով։

- Տեսեք, կան հանձնաժողովներ, որոնք իրենց բնույթով, օրինակ՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը, ուզեն, թե չուզեն, անկախ հանձնաժողովի կազմից, ավելի ակտիվ են, որովհետեւ իրենք ավելի շատ են լինում գլխադասային հանձնաժողով։ Կամ վերցնենք տնտեսական հարցերի հանձնաժողովը։ Եվ կան հանձնաժողովներ, օրինակ՝ մերը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, որոնք ավելի շատ գործ ունեն մեր արտաքին գործընկերների հետ։

- Ուրեմն փակեք այս հանձնաժողովը, միացրեք Արտաքին հարցերի հանձնաժողովի հետ, նաեւ կխնայեք որոշակի միջոցներ։

- Ի՞նչ միջոցներ։

- Մեքենայի, լրացուցիչ աշխատակիցների, հավելյալ աշխատավարձի։ Ի դեպ, ասում են նաեւ, որ անգամ նորմալ փորձագետ չունեք։

- Սխալ են ասում, մենք ունենք փորձագետ, մեկ փորձագետ ունենք, եւ դա այնքան է, ինչքան որ պետք է։ Բայց մյուս անգամ, եթե Դուք որոշեք զբաղվել քաղաքականությամբ, այս առաջարկը կարող եք ներառել Ձեր քաղաքական օրակարգում, բայց այս հանձնաժողովը նոր չի ստեղծվել, մենք չենք ստեղծել, այն ստեղծվել է 2007 թվականին, եւ այն ժամանակ, հիշում եք, եվրոպական հարեւանության քաղաքականությունն էր ստեղծվել։ Եվ, գիտե՞ք, նորից եմ ասում, էստեղ շատ կարեւոր է հանձնաժողովի աշխատանքները գնահատելիս նաեւ հաշվի առնել խորհրդարանական դիվանագիտության ճակատում կատարված աշխատանքը, խորհրդարանական վերահսկողության մեջ կատարված աշխատանքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ