20 11 2019

Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտի նախագծով․ «Ժողովուրդ»

Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտի նախագծով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցությունում լուրջ տարաձայնություններ կան «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների առնչությամբ: Պատգամավորներից շատերը պնդում են, որ ամենեւին էլ անհրաժեշտություն չկա, որ օրենքում բնակչությանը դեղատոմսով տրվող դեղերի գովազդ զետեղվի:

Իսկ, ահա, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հակառակ տեսակետն ունի ու զիջումների դարձյալ չի գնում: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, «Իմ քայլ»-ից շատերին ապսպրել են, թե նախագծի հեղինակը վարչապետ Փաշինյանն է, որը վերջերս դեղագործների հետ հանդիպմանը խոստացել է, որ այսպիսի օրենք կլինի: Այնինչ Նիկոլ Փաշինյանի խոստումը դեղերի շուկայի՝ օրենքով կարգավորմանն է վերաբերել, իսկ նախարար Թորոսյանը պարզապես իր համար նախընտրելի դրույթ է նախագիծ խցկել:

Գլխադասային հանձնաժողովը կառավարության՝ հրատապ ռեժիմով քննարկման ուղարկած այս օրինագծին բացասական եզրակացություն է տվել: «Իմ քայլ»-ում էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այսօրվա քվեարկության խայտաբղետ պատկեր կլինի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը պարզաբանել է, որ նախագծին հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախարարությանը վերապահված հանրային իրազեկում, ըստ էության, հենց գովազդ ներառող այդ դրույթի պատճառով:

«Անհասկանալի է նպատակը, որովհետեւ պետական նպատակային ծրագրերում դեղատոմսով տրամադրվող դեղերը հանրային իրազեկման կարիք չունեն, որովհետեւ այդ դեղերն արդեն պետությունը գնել է, ու այդ դեղերը, դեղատոմսով դուրս գրվելով, տրվում են բնակչությանը»,- ասել է Զեյնալյանը` շեշտելով, որ անառողջ մրցակցային դաշտ կստեղծվի, դեղորայքը, որ պետությունն է գնում, այլ ներկրող էլ է այն ներկրում, եւ արդյունքում այդ գովազդը կխթանի ներկրողի բիզնեսը: Որ ներկրողների շահերին է ծառայեցնում նախարար Թորոսյանը այս օրինագիծը` դեռ պարզ չէ:

Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովից Լուսինե Բադալյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Նախագիծն ինքը շատ կարեւոր նախագիծ է, բայց քանի որ հենց նախագծի մեջ է հենց այս կետը զետեղված… Հասկանո՞ւմ եք, մտցված է նախագծում, որ անցնի դա. սա է խնդիրը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ