20  11  2019

Առաջնությունը տրվում է համակուրսեցիներին․ «Հրապարակ»

Առաջնությունը տրվում է համակուրսեցիներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում վերջին մեկ ամսում միանգամից երկու առանցքային պաշտոնյա հրաժարական տվեց․ սկզբում՝ փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ապա՝ Տիգրան Խաչիկյանը եւ աշխատակազմի ղեկավար Արտակ Ասատրյանը, վերջում՝ նորանշանակ փոխնախարար Աննա Վարդապետյանը։

Հիմա նախարարության գործառույթներն ու հիմնական բեռը մնացել են մյուս փոխնախարարների՝ Ռաֆիկ Գրիգորյանի, Սրբուհի Գալյանի եւ Քրիստինե Գրիգորյանի ուսերին, մի քիչ էլ՝ նախարար Ռուստամ Բադասյանի։ Նախարարությունից այդպես էլ հստակ պարզաբանում չտվեցին, թե ինչու անակնկալ կերպով ազատվեց Աննա Վարդապետյանը, ինչ-որ հայտարարություն արվեց, թե կառուցվածքային փոփոխություններ են անելու, գործառույթների վերաբաշխում, որն առնվազն տարօրինակ բացատրություն էր՝ փոխնախարարի պաշտոննե՞րն էլ են օպտիմալացվում։

Փորձեցինք հարցի պատասխանն իմանալ Ռուստամ Բադասյանի ընկեր ու կուրսընկեր Ռաֆիկ Գրիգորյանից, թե ինչպես ստացվեց, որ մեկ ամսում նախարարությունում երկու առանցքային պաշտոնյա հրաժարական տվեց։ «Կարծում եմ՝ նորմալ գործընթաց է, այսինքն՝ յուրաքանչյուր գերատեսչությունում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ․․․ այդ կոնտեքստում նայեք»,- ասաց նա։

- Ի՞նչ փոփոխություններ, սովորաբար ազատվում են ինչ-որ խնդիրների կամ գաղափարական տարաձայնությունների պատճառով։

- Ինչպես մեկ անգամ եւս նշել եմ տիկին Աննա Վարդապետյանի համար, յուրաքանչյուրի համար անձնական, առանձին պատճառների մասով կարող եք իրենց հարցնել, իսկ այլ գաղափարական հակասություններ, օրինակ՝ իմ կամ նախարարության այլ աշխատակիցների հետ, չկան։

- Բայց Արտակ Ասատրյանի մասով տեղեկություն կար, որ իր եւ Ձեր միջեւ տարաձայնություններ կային, դրա համար է ազատվել աշխատանքից։

- Որեւէ տարաձայնություն առկա չէ։

 - Ասում են նաեւ, որ Դուք նշանակվեցիք, քանի որ նախարար Ռուստամ Բադասյանի թիմակիցը, ընկերը, մտերիմն եք, իսկ նրանք, որոնք ազատվեցին, Բադասյանն է այդպես ցանկացել, քանզի իր թիմից չէին։

- Ես յուրաքանչյուր իմ կատարած աշխատանքի տեղում էլ աշխատանքում մնացել եւ աշխատել եմ միայն նրա շնորհիվ, որ կատարել եմ իմ աշխատանքը, կարծում եմ, պատշաճ։ Այլ հանգամանքներով ես՝ ինքս, ինձ թույլ չեմ տա նույնիսկ։

- Մյուսները պատշաճ չէի՞ն կատարում։

- Դրա մասին չէ խոսքը, Դուք իմ մասին ասացիք, չէ՞, հարցը դրան էր վերաբերում։

- Այո, բայց Ձեր նշանակումը, ասում են, նրանով էր պայմանավորված, որ Դուք Ռուստամ Բադասյանի ընկերն եք։

- Չեմ կարծում։

- Իսկ ովքե՞ր են իրականացնելու այն օրենսդրական փոփոխությունների մշակումները, որոնք դրված էին Աննա Վարդապետյանի ուսերին։

- Համաչափ բաշխված են երկու փոխնախարարների՝ իմ եւ տիկին Սրբուհի Գալյանի միջեւ, ըստ ոլորտային առանձնահատկությունների, եթե նոր փոխնախարար նշանակվի, արդեն կհասկանանք՝ որ փոխնախարարը պետք է իրականացնի այդ գործընթացները։

- Իսկ դատաիրավական բարեփոխումների օրենսդրական փաթեթը, որի վրա աշխատում էր Աննա Վարդապետյանը, ամբողջությամբ իր սրտո՞վ էր, համակարծի՞ք էր, թե՞ այլ մոտեցում է ունեցել։

- Նախագծով կատարվող մշակումները եւ փոփոխությունների շուրջ հիմնականում համաձայնության ենք եկել բոլորով, այսինքն՝ ես չեմ հիշում այնպիսի մի դրվագ, որ ինչ-որ մեկն առարկի ինչ-որ բանի վերաբերյալ, չքննարկենք եւ միասնական փոխհամաձայնեցված լուծման չգանք։

- Այդ դեպքում ո՞րն էր Վարդապետյանի հրաժարականի պատճառը։

- Մի քանի անգամ մեկնաբանություն տվեցինք թե՛ ես, թե՛ նախարարը, որ․․․

- Որից, սակայն, չհասկացվեց, թե որն էր հրաժարականի պատճառը։

- Շատ կարճ նորից անդրադառնամ՝ կա դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարություն՝ մեկ, հակակոռուպցիոն ռազմավարություն՝ երկու, քրեակատարողական եւ այլն՝ երեք, դրանք կըդունվեն, եւ դրանց համակարգող փոխնախարարները պետք է իրենց ոլորտները մշակեն։ Էդ համակարգող փոխնախարարների ոլորտների հետ կապված՝ պետք էր հստակեցում։ Էդ հստակեցման շրջանակում տեղի են ունեցել քննարկումներ, որի արդյունքում կա էն իրավիճակը, որը կա։

- Այսինքն՝ հնարավոր է որեւէ փոխնախարարի հաստիք կրճատվի՞ առհասարակ։

- Դա էլ չի բացառվում, բայց խնդիրը ոչ թե որեւէ փոխնախարարի հաստիքի կրճատումն է, այլ բաշխվածությունը ճիշտ իրականացնելը։

- Այսինքն՝ ի՞նչն էր խնդիրը, որ հիմա հանկարծ առաջ եկավ բաշխվածության խնդիր, որը, օրինակ, անհամատեղելի էր Աննա Վարդապետյանի հետ։

- Տեսեք, գործընթացը մշտակա է, էդ ընդունվող ռազմավարությունները նոր են ընդունվել, դրանց ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել իրականացնել այդ ռազմավարություններից բխող գործողությունները, այդ ռազմավարություններից բխող գործողությունները երբ որ պետք է իրականացել, պետք է իրականացնել բաշխում, բաշխման ու քննարկումների արդյունքում եկել ենք էս եզրահանգման»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ