19 11 2019

Իսկ Հովիկ Աղազարյանը ժամկետա՞նց է, իսկ Նիկո՞լը․ Գեղամ Նազարյան․ «Հրապարակ»

Իսկ Հովիկ Աղազարյանը ժամկետա՞նց է, իսկ Նիկո՞լը․ Գեղամ Նազարյան․ «Հրապարակ»

Հրապարակ-ը գրում է․ «Նոյեմբերի 15-ին Մարզահամերգային համալիրում կայացած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հանրային-քաղաքական քննարկումից հետո Ֆեյսբուքում բազմաթիվ  գնահատականներ հնչեցին, որոնք եթե ամփոփենք, վերաբերում էին ձեւին՝ ակումբում հավաքվել են «դասական սեւերը», որոնք ռեւանշի ծրագիր են մշակում։ Համաժողովի գնահատականների մասին զրուցել ենք քաղաքագետ, «Վերնատան» մասնակից Գեղամ Նազարյանի հետ։

- Երեւի թե տեղյակ եք հասարակության արձագանքներին։

- Ֆեյսբուքը հասարակությո՞ւնն է։ Ֆեյսբուքը վաղուց վերածվել է ֆեյքերի գործունեության դաշտի, որը հասարակության հետ որեւէ ընդհանուր կապ չունի։ Եվ ցանկյացած լուրջ վերլուծության, եզրակացության համար հիմք, հաստատ, Ֆեյսբուքի այդ հայհոյանքները չեն։ Եվ նույնիսկ ես ամաչեցի իշխանության որոշ ներկայացուցիչների փողոցային գրառումներից։ Հիմա դրանից ի՞նչ վերլուծես․․․

- Իսկ հասարակության շրջանում ի՞նչ գնահատականներ կան՝ տեղյա՞կ եք։

- Ես չգիտեմ, մեզ որ փողոցում տեսնում են, չեն հայհոյում, ոչ էլ գրկախառնվում են։ Կարծում եմ՝ նորմալ երեւույթ է, որ մեկը կարող է այնպես չմտածի, ինչպես իշխանություններն են մտածում։

- Նաեւ մեկնաբանում էին, որ ձեր «Վերնատունը» ծաղր է Թումանյանի «Վերնատան»-ը հավաքված մտավորականների՝ Կոմիտասի, Թումանյանի, Պռոշյանի, Բաշինջաղյանի նկատմամբ։

- Այսինքն՝ եթե հիմա «Արարատ» անունով ֆուտբոլային ակումբ լինի, դա Արարատ սարի նկատմամբ ծա՞ղր է, որովհետեւ «Արարատ»-ը միայն չի հաղթել, կրվել էլ է, չէ՞։ Կամ, որ Նիկոլը «Քաղաքացիական պայմանագիր» անունով կուսակցություն ստեղծեց, դա վիրավորա՞նք է քաղաքացիների նկատմամբ, որովհետեւ ոչ բոլոր քաղաքացիներն են ուզում իր հետ առնչվել։ Վիրավորվում են՝ թող դնեն Թումանյան կարդան՝  վերլուծությունները հայ ժողովրդի ներկայի ու ապագայի վերաբերյալ, մի քիչ հետեւություններ անեն։ Կամ, ինչ է, անունները սեփականությո՞ւն են․․․ եթե Թումանյանը ժամանակին դիմած լիներ, որ «Վերնատան» անունը չի կարելի օգտագործել, իր ժառանգներն էլ դիմեին դատարան․․․

Կամ, ասենք, Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով՝ դրականով ու բացասականով, էնքան չկա, ինչքան իմքայլականները բոլորը միասի՞ն։ Ինքն ավելին է, չէ՞, քան այդ բոլորը միասին։ Միայն իր՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ լինելով, նրանով, որ իր պաշտպանության նախարար եղած ժամանակ տարածքներ ենք ազատագրել։ Հիմա իմքայլականները բոլորը միասին վերցրած ունե՞ն էնքան արած, ինչքան Վազգեն Մանուկյանը։ Բա բարոյականությունը որտե՞ղ է․․․ կարելի է մարդուն չընդունել, ասել, որ նրա գնահատականները չենք կիսում, բայց դնել վիրավորել ու հայհոյե՞լ… Հնչել է քննադատություն, թող կա՛մ պատասխանեն, կա՛մ ոչ։ Բայց՝ «խի՞ եք հավաքվել», «էս ովքե՞ր եք», սենց եք․․․

- Նաեւ՝ «ժամկետանց»։

- Իսկ Նիկոլը ժամկետա՞նց է, թե՞ չէ, Հովիկ Աղազարյանը, Ջանջուղազյանը ժամկետա՞նց են, թե՞ չէ։ Թեւոսյան Վահագնը ժամկետա՞նց է, թե՞ չէ։ Ո՞վ է դա որոշողը՝ ժամկետա՞նց է, թե՞ ոչ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամկետա՞նց է։ Հարցրեք Նիկոլին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ին ժամկետա՞նց էր, թե՞ ոչ։

- Դատելով նրանից, որ 2008-ին հրապարակներ էր լցնում՝ ոչ։

- Եկեք բառախաղերով չզբաղվենք։ Թող Նիկոլն ասի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ին ժամկետա՞նց էր, թե՞ ոչ։ Իհարկե՝ չէ։ Եվ ո՞վ է որոշում եւ ո՞վ կարող է մարդուն արգելել, մարդն իրավունք ունի ցանկացած ժամանակ քաղաքական հայտ ներկայացնելու։ Ժողովուրդն էլ որոշում է՝ գնա՞ իր հետեւից, թե՞ ոչ։

- Բայց քաղաքականության մեջ չկա՞ն քաղաքական դիակներ, բարոյապես մաշված քաղաքական գործիչներ։

- Նման բան չկա, դա ինչ-որ մեկի սուբյեկտիվ ընկալումն ու վերաբերմունքն է։ Ասեմ ավելին՝ նույնիսկ Արտաշես Գեղամյանն իրավունք ունի քաղաքական հայտ ներկայացնել, որովհետեւ կարող է ինչ-որ մարդիկ իր տեսակետի հետեւից գնան։ Սրանք շատ սխալ,  էժանագին ու հասարակությանը մանիպուլացնելու հնարքներ են։

- Խոսում էին ձեւի մասին, բայց ո՛չ բովանդակության։ Ձեր կարծիքով՝ դարձա՞ք իշխանությանն արմատական ընդդիմության բեւեռ։

- Մեկ համաժողովով ու միջոցառումներով ինչ-որ մեկը բեւե՞ռ է դառնում։ Դա գործընթաց է․ կա՛մ դառնում ես, կա՛մ չես դառնում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ