19  11  2019

Արայի՛կ, հեռացի՛ր․ «Հրապարակ»

Արայի՛կ, հեռացի՛ր․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ես հետ եմ վերցնում նախկին խոսքերս, երբ գրում էի, որ Արայիկ Հարությունյանին չի կարելի քավության նոխազ դարձնել եւ նրա վրա չի կարելի բարդել կրթական ոլորտում կատարվող փոփոխություններից եւ տարբեր կասկածելի նախագծերից բխող հանրային ողջ դժգոհությունը։ Երեկ, հետեւելով նրա եւ տարբեր բուհերի դասախոսների հանդիպմանը, հասկացա, որ նրան օր առաջ հարկավոր է ազատել այդ պաշտոնից, քանզի կրթության, գիտության եւ հատկապես մշակույթի նախարար չի կարող լինել մի մարդ, ով զրույցի եւ մարդկանց հետ շփումի տարրական մշակույթին չի տիրապետում, ով տարրական հարգանք չունի սերունդներ կրթած գիտնականների ու հանրային հարգանք վայելող տարեց մարդկանց նկատմամբ։ Նախարարի պաշտոնը չի կարող զբաղեցնել մի մարդ, ով ունակ չէ երկխոսության, զրույցից հետեւություններ անելու, սխալ որոշումներից հետ կանգնելու, հանրային պահանջին ունկնդրելու։

Նման բարձր պաշտոն չի կարող զբաղեցնել մեկը, ով պրոֆեսիոնալ խոսակցությունը եւ մասնագետների դժգոհությունը վերագրում է բացառապես նեղ անձնական շահերին եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ խոսում է շանտաժի լեզվով, արհամարհանքով, հեգնանքով, հանդիմանություններով։ Չի կարելի չորս հսկա ոլորտի ղեկավարումը հանձնել մի մարդու, ով բուհական օրենքի ու դասավանդման որակի մասին խոսելիս սահուն անցնում է դեմագոգության, հիշեցնում, թե ով երբ ինչ է ասել, ինչի դեմ է պայքարել եւ ինչի դեմ չի պայքարել։ Հասկանալի է, որ երիտասարդ իշխանությունների ամենակարեւոր հնարքը մանիպուլյացիան է, եւ ցանկացած թեմայով նրանք կարող են հմտորեն նման հնարքներ կիրառել։ Բայց, ի վերջո, ո՞վ կարող է բացատրել, թե ինչու են հանրակրթական, բուհական բարեփոխումները հանգեցվել «Հայոց լեզու» եւ «Պատմություն» առարկաների՝ դասացուցակից հեռացվելուն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ