16  11  2019

Միսը կրկին կթանկանա․ «168 Ժամ»

Միսը կրկին կթանկանա․ «168 Ժամ»

168.am-ը գրում է․ «Հայաստանի շուկայում արտառոց թանկացում չկա, Նոր տարվա շեմին տավարի միսը, որի գինն արդեն բարձրացել է, որոշ չափով էլի  կթանկանա։

«Տավարի մսի գինը բարձրացել է մոտ 300 դրամով, հիմա խոզի ու ոչխար մսի գինն էլ կբարձրանա: Գլխաքանակը պակասել է շատ խիստ, չկա նաև  անասնակեր: Բռնում ու արագ մորթում են: Խոտը չորանում է, մարզպետարանները կերի կուտակումը չեն կարողանում կազմակերպել, արդյունքում՝ անասուններին դնում են դանակի տակ։ Ժամանակին համակցված կերեր և՛ Հայաստանում ենք պատրաստել, և՛ ստացել ենք Ռուսաստանից: Այդպիսով թե՛ քաշն էր ապահովվում, թե՛ կաթնատվությունը: Ուղղակի այսօր դա ֆերմերների համար դժվար է, իսկ Կառավարությունն էլ իր գործը պատշաճ չի կատարում: Երևանի  «Համակցված կերերի գործարանը» դեռ կա, այստեղ այդ ամենը կարելի է կազմակերպել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նշենք, որ հայաստանյան շուկայում տավարի միսը՝ ոսկորով, արժե 3350 դրամ,  տավարի աղացած միսը՝ 3290 դրամ:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե հնդկաձավարի գինը սեպտեմբերից բարձրացել է՝ Հրաչ Բերբերյանը նշեց, որ գուցե շատ չնչին  ու աննկատելի:

Քաղաքացիների հետ մեր զրույցից պարզվեց, որ, եթե նախորդ տարիներին որակյալ հնդկաձավարի գինը 800-ի սահմաններում էր տատանվում, ապա այսօր 820-910 դրամ է:

Ի դեպ՝ Հայաստանում սպառվող հնդկաձավարի գերակշիռ մասը ներմուծվում է Ռուսաստանից, և տեղի   լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջին ամիսներին ռուսական արտադրության հնդկաձավարի գինը բարձրացել է 20-25 տոկոսով: Այս տարվա հոկտեմբերին մեկ կիլոգրամ հնդկաձավարի մեծածախ գինը Ռուսաստանում հատել է 40 ռուբլու շեմն այն պարագայում, երբ նախորդ տարվա նույն ամսին կազմել է 24–24.1 ռուբլի։ Իսկ  ֆերմերները թանկացումը պայմանավորել են այս տարվա ցածր բերքատվությամբ»,-գրում է թերթը։Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ