12 11 2019

Աշխարհից մի դար հետ ենք մնացել․ «Հրապարակ»

Աշխարհից մի դար հետ ենք մնացել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կայացած երկրներում վաղուց հասկացել են, որ լավ ապրելու, լավ երկիր ու հասարակություն ունենալու գաղտնիքն առաջադեմ կրթական համակարգ ունենալու մեջ է։ Եթե դու դպրոցում կուռ արժեքային համակարգ չես սերմանում, գիտելիքների անհրաժեշտ բազա և նոր գիտելիքներ քաղելու ունակություններ չես ուսանում մատաղ սերնդին, պետք է պատրաստ լինես, որ ծույլ, կիսագրագետ, անհավասարակշիռ ու հոգեպես անկայուն հասարակություն ես ունենալու։

Նոր սերունդն էլ վաղը ստանձնելու է երկրի ղեկն ու պետությունը տանելու է դեպի անդունդ, իսկ անհատական մակարդակում չի կարողանալու լուծել իր տարրական խնդիրները, ինքնիրացման պրոբլեմներ է ունենալու, կյանքի առաջին իսկ հարվածներից կոտրվելու է կամ իր շրջապատի համար բեռ է դառնալու և մինչև խոր ծերություն չի կարողանալու պատասխանատվություն ստանձնել, ինչպես ամենուր ականատես ենք լինում մենք։

Դա է պատճառը, որ կրթական համակարգի, դպրոցական ու բուհական ծրագրերի վրա խելոք ազգերը միլիարդներ են ծախսում։ Մանրակրկիտ մտածում են դրանց բովանդակության վրա, ուսումնասիրում այս ոլորտում կայացած երկրների փորձը, մասնագետներ են ուղարկում աշխարհի խոշոր կրթական կենտրոններում վերապատրաստվելու և այլն։ Մեր դպրոցական ու բուհական ծրագրերը քիչ են տարբերվում սովետական ժամանակների ծրագրերից։ Մեթոդներն ու դասագրքերն առաջադեմ չեն։Եվ հիմա փոխանակ խոսակցությունը լիներ բովանդակային՝ ծրագրերի, դասագրքերի, դասապրոցեսի ու մեթոդի շուրջ, մենք նեղ ու հետամնաց ճանապարհ ենք ընտրել՝ ով է լինելու այս կամ այն բուհի ռեկտորը, հայոց լեզու և պատմություն դասավանդե՞լ, թե ոչ, դեկանների պաշտոնները լինեն նշանակովի՞, թե ընտրովի։ Այս դիսկուրսն աշխարհը վարել է թերևս 100 տարի առաջ։ Մենք այստեղ էլ աշխարհից մի դար հետ ենք»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ