09  11  2019

Ամենուրեք՝ կիսատ-պռատություն․ «Հրապարակ»

Ամենուրեք՝ կիսատ-պռատություն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ամենուրեք կիսատ-պռատության, անկազմակերպ գործելաոճի, սկսածն ավարտին հասցնել չկարողանալու հետ գործ ունենք։ Մի միտք ասվում է, ապա դրա մասին մոռանում են, ընդ որում՝ մոռանում են ոչ միայն ասողները, այլեւ լսողները, եւ անցնում ենք առաջ։ Այլեւս ո՞վ է հիշում անցումային արդարադատության կամ վեթթինգի մասին։ Իսկ այդ՝ օրեր շարունակ հանրությանը ցնցած գաղափարներն այդպես էլ մնացին որպես օրվա բեմականացում եւ անցան պատմության գիրկը։

Մենք՝ քրեական քրոնիկային աչալրջորեն հետեւող լրագրողներս, անգամ շատ քրեական գործեր մոռացության ենք մատնել եւ չգիտենք, թե դրանք ինչ ճակատագիր ունեցան։ Մի բան է միայն հայտնի, որ ոչ մի գործով չկա անգամ առաջին ատյանի դատավճիռ։ Իսկ ինչքա՜ն այլ խոստումներ են հնչել այս մեկ տարվա ընթացքում, որոնց մասին ոչ ոք չի հիշում։ Է՛լ տնտեսական հեղափոխություն, է՛լ օտար երկրների համար աշխատող գործակալների բացահայտում, է՛լ գողերին ու գողականներին արմատախիլ անելու մտադրություն, սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու վճռականություն, դատավորներին փոխելու եւ դատական համակարգը բարեփոխելու կամք։

Բայց կյանքը ցույց է տալիս, որ անգամ այնտեղ, որտեղ նոր իշխանությունը հասել է իր վերջնանպատակին, ոչ մի տեղաշարժ չկա։ Ասենք՝ նույն կրթության նախարար Արայիկ Հարությունյանը կյանքի գնով հասավ նրան, որ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Սիմոնյանը փոխվեց, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ աշխատանքից ազատեց «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանին։ Հետաքրքրվեք՝ կա՞ արդյոք ԵՊՀ-ում որեւէ դրական տեղաշարժ։ Արդյոք բժշկական կենտրոնն ավելի լա՞վ է սպասարկում հանրությանը։ Բոլորովին։ Եթե չասենք՝ հակառակը։ Իսկ որտե՞ղ կա դրական տեղաշարժ։ Արդյոք քաղաքացին տեսնո՞ւմ է այդ փոփոխությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ