07 11 2019

Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանը հանդիպել Սերժ Սարգսյանին․ 168.am

Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանը հանդիպել Սերժ Սարգսյանին․ 168.am

168.am-ը գրում է․ «Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ակտիվորեն քննարկվում է քաղաքական, փորձագիտական շրջանակներում, սոցցանցերում: Արվում են տարբեր վերլուծություններ ու գնահատականներ՝ սկսած նրանից, որ այդ հանդիպման փաստով ԱՄՆ-ը ՀՀԿ-ին ճանաչում է՝ որպես հայաստանյան քաղաքական կյանքի կարևոր սուբյեկտ, վերջացրած նրանով, որ ինչ-ինչ չբարձրաձայնվող խնդիրների լուծման նպատակով ամերիկյան դիվանագետը հանդիպել է անցած շաբաթ՝ ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս գնահատականներում, իհարկե, կան ռացիոնալ հատիկներ:

Փաստն այն է, որ ԱՄՆ-ը այսպիսով ՀՀԿ-ին դիտարկում է՝ որպես քաղաքական կյանքի որոշիչ սուբյեկտներից մեկը, որքան էլ իշխանությունները փորձում էին ու են ՀՀԿ-ին ներկայացնել՝ որպես քաղաքական լուսանցքում հայտնված անցյալի ուժ:

Մյուս կողմից՝ նման հանդիպումները Սերժ Սարգսյանի դեպքում ոչ թե բացառություններ են, այլ ավելի շատ՝ օրինաչափություն: Մեր տեղեկություններով՝ հատկապես վերջին շրջանում նա ինտենսիվ շփումներ է ունենում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ, հատկապես ակտիվ են նրա հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի և եվրոպական երկրների դիվանագետների հետ: Այդ իրողությունն ունի օբյեկտիվ բացատրություն, երկար տարիներ լինելով իշխանական կուսակցություն, հատկապես՝ վերջին տարիներին ՀՀԿ-ն ակտիվ համագործակցություն է ծավալել տարբեր երկրների կուսակցությունների ու միջազգային քաղաքական միավորումների հետ:

Այդ հարաբերությունները շարունակվում են նաև այսօր՝ արդեն ընդդիմադիր կուսակցության կարգավիճակում:Իսկ ընդհանրապես Հայաստանի միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ներհայաստանյան իրողությունները գնահատելիս արձանագրում են, որ Հայաստանում բացակայում են իշխանությանը հակակշռող ու փոխզսպող համակարգերն ու մեխանիզմները, և ընդդիմադիր կուսակցություններին են վերագրում այդ դերը: Ըստ ամենայնի, նաև դա է եղել Սերժ Սարգսյանին հանդիպելու՝ ԱՄՆ դեսպանի հիմնական դրդապատճառներից մեկը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ