02 11 2019

ՀՀ իշխանությունից ակնկալում եմ ՌԴ բազայի դուրսբերման կուրս․ Կոլերով․ 168.am

ՀՀ իշխանությունից ակնկալում եմ ՌԴ բազայի դուրսբերման կուրս․ Կոլերով․ 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «Բազայի ներուժի կրկնապատկումը նշանակում է, որ Ռուսաստանը հավատում է, որ Հայաստանի իշխանությունների ղեկին լինելու է ազգային պատասխանատվություն ունեցող և գործընկերային իշխանություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ռազմական ներուժի կրկնապատկման փաստին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան կրկնապատկել է մարտունակությունը։ Այս մասին բազայի հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը զեկուցել էր իր վերադասին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, երբ վերջինս այցելել էր բազա։ Նա զեկուցել էր, որ մարտունակության շեշտակի աճը գրանցվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ավելի նոր տարբերակներով փոխարինումից հետո։ Նշենք, որ ռազմաբազան Հայաստանում ծառայություն է իրականացնում միջպետական պայմանագրով՝ մինչև 2044 թվականը։ Այն մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մեջ՝ հայկական բանակի զորամիավորումներից մեկի հետ։

Բազան զինված է «Սմերչ» հրթիռային համակարգերով, տանկերով, այլ զրահատեխնիկայով, հակաօդային պաշտպանության սպառազինությամբ։ Դրա կազմի մեջ է մտնում է նաև Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիացիոն խումբը՝ կործանիչ ինքնաթիռներով ու հարվածային ուղղաթիռներով։

Մոդեստ Կոլերովի կարծիքով, անկախ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայի մարտունակության կրկնապատկման փաստից, ՀՀ գործող իշխանությունների գործունեության հեռանկարում ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու ծրագիր հնարավոր է: Ըստ նրա՝ բազայի ներուժի կրկնապատկումը նշանակում է, որ Ռուսաստանը հավատում է, որ Հայաստանի իշխանությունների ղեկին լինելու է ազգային պատասխանատվություն ունեցող և գործընկերային իշխանություն: «Ժամանակավորների իշխանությունը վաղ թե ուշ կավարտվի: Հիանալի հարաբերություններ ունենալով Ադրբեջանի հետ,ներկայումս ժամանակավորապես հիանալի հարաբերություններ ունենալով Թուրքիայի հետ՝ Ռուսաստանը մտածում է վաղվա սպառնալիքների մասին, և դա նշանակում է, որ նույնիսկ ներկայիս իշխանությունը չի վանում ՌԴ-ին Հայաստանից և ստիպում է մտածել ապագայի մասին: Բայց ես կրկին ասեմ, որ Փաշինյանի կառավարությունից ակնկալում եմ բազայի դուրսբերման կուրս»,- ասաց Կոլերովը:

Մեր հարցին, թե նման կուրս վարելու հեռանկարի դեպքում ՀՀ իշխանությունները կհամաձայնեի՞ն բազայի ներուժի կրկնապատկմանը, Կոլերովը պատասխանեց. «Համաձայնություն Փաշինյանի մակարդակով չկա, համաձայնությունը դեռ միայն ՀՀ ՊՆ-ի մակարդակով է: Այստեղ նրբություն կա: Սա երկու գերատեսչությունների պատրաստակամությունն է, դա Փաշինյանի գաղափարը չէ, դա ՀՀ ՊՆ-ն է: Ըստ իս՝ նրանք վախով են սպասելու այն բանին, թե կաջակցի՞ արդյոք Փաշինյանն այս նախաձեռնությանը, թե՞ ոչ»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ