24 10 2019

Սարսափելին՝ վերջում․․․«Հրապարակ»

Սարսափելին՝ վերջում․․․«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Զարուհուն լսենք, ասում է՝  1,5 մլն դրամ աշխատավարձ սկսել է ստանալ ապրիլից: Այսինքն ապրիլ ամսից նախարարը ստացել է 1, 5 միլիոն, բայց հանրությունն ընդամենը օրեր առաջ է տեղեկանում նախարարների, փոխնախարարների եւ գլխավոր քարտուղարների աշխատավարձը կրկնապատկելու մասին։ Սա ի՞նչ է նշանակում՝ գաղտնի հանձնարարակա՞ն, թե՞ թափանցիկ աշխատանք։ Լսենք նրան․ «Դա գործընթաց է, ընթացակարգային խնդիր է, որ գաղտնի գրությամբ է հանձնարարականն իրականացվել»։ Շարունակենք հետևել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մտքի ընթացքին՝ այդ առումով որեւէ ակնկալիք չեմ ունեցել, բայց դա եղել է հանձնարարական։ Եթե ակնկալիք չես ունեցել, ինչպե՞ս էիք աշխատավարձի չափով պարգևատրվում, անհասկանալի է։

Սարսափելին վերջում, լսենք նախարարին․ «․․․այս կառավարությանն այլ մղումներով, այլ սկզբունքներով է աշխատում: Որպեսզի նախարարն իր թիմում ներգրավի որակյալ կադրերի, պետք է ունենա այդ հնարավորությունը»:

Այդ հնարավորությունը գումարն է։ Այսինքն վաղը, մյուս օրը «իրենց թոկից փախածներին» (պատահական կադրերին է խոսքս վերաբերվում) կտեղավորեն աշխատանքի ու 1,5 կամ 2 միլիոն աշխատավարձ կտան, ընդամենն ասելով՝ լավագույն կադր է։ Նոր խմբաքանակի սպասենք կամ գուցե կա արդեն,  տեղյակ չենք։ Հետո, երբ լսենք որ նման բան են արել, վարչապետի  նման կասեն՝ մենք այդ մասին տեղեկացրել էինք․․․

Բա՞վ չէ տող ու բառերի լաբիրինթոսում հանրությանը մոլորեցնեք, այդ ինչպե՞ս է լինում, երբ վարչապետը մի գյուղ գնալուց լայվ է մտնում և տերև առ տերև լրիվ թափանցիկ պատմում, բայց ժողովրդի վճարած հարկերի հաշվին կերակրվող պետական պաշտոնյաների աշխատավարձի կրկնակի բարձրացումը գաղտնի է պահում։ Այսինքն՝ ինձ արմատը հողումը, ձեզ տերևն ու ցողունը, հա՞։ Դա ի՞նչ մի պաշտպանական, ազգային անվտանգությանն առնչվող հարց էր, որ հրատապ պիտի լուծվեր։ Պատերազմի մեջ գտնվող երկիրը «իր թայֆա պաշտոնյաների» սահմաններն ու դիրքե՞րն է ամրապնդում, էլ ուրիշ խնդիր չունե՞նք․․․

Կարելի է արդեն հասկանալ, թե նոր իշխանությունն ինչու է  թիրախավորել  մամուլը։ Ամեն ինչ անծպտուն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ