19 10 2019

Լիկբեզ իշխող ուժի ներսում՝ հանուն մանդատը չկորցնելու․ 168․am

Լիկբեզ իշխող ուժի ներսում՝ հանուն մանդատը չկորցնելու․ 168․am

«168 ժամ» թերթը գրում է. «Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկի օրերին օրենսդիր մարմնի իշխող ուժի ներկայացուցիչների նեղ շրջանակում լիկբեզ է անցկացվել:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) վարչության երկու անդամներ երիտպատգամավորներին վերստին հիշեցրել են իրենց օրենսդրի պարտականություների մասին, եւ ոմանց տրվել են, այսպես ասած՝ վարքականոնների որոշակի դասեր՝ հիշելու, որ օդում լինեն, թե ջրում՝ բոլորը պարտավոր են մի մարդու պես հետեւել թիմ լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններին:

Հանձնարարվել է նաեւ վարչապետի ուղերձները մեկնաբանելուց առաջ չշրջանցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, ավելորդ ակտիվություն չդրսեւորել ցանկացած լրագրողի միացրած ձայնագրիչի, տեսախցիկի առաջ, որպեսզի քաղաքական հակառակորդ թիմին ամեն ելույթի առիթով հրճվանք չպարգեւեն, որ իրար հակասող տեսակետներից հետո հները ՔՊ-ի պառակտման մասին չխոսեն:

Ասում են՝ ամենադաժան դասն այդ օրվա համար տրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Վարչապետը նրան մեղադրել է խորհրդարանի ներսում իրավիճակին չտիրապետելու, խմբակցության հետ պարբերաբար չաշխատելու, աշխատանքները պատշաճ չկազմակերպելու մեջ: Հատուկ ընդգծվել է, որ խորհրդարանական ամբիոնից վերեւ նստածների կուրացիայի վրա Մակունցը հույս չդնի:

Ի դեպ, այս կոչը Մակունցին ուղվել է, հավանաբար, այն բանի համար, որ Ամուլսարի շահագործման շուրջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թիմի ներսում լրիվ հակառակ տեսակետն է իրականում պաշտպանել, եւ այս մասին Փաշինյանը տեղեկացել էր անակնկալ ձեւով:

Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ Ամուլսարի շահագործման դեմ ընդվզումների ամենաթեժ օրերին, երբ իշխող ուժի ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր Ծաղկաձորում ներկուսակցական հանդիպում անցկացնել՝ օրակարգային հարցերի շուրջ ընդհանուր տեսակետ ձեւավորելու համար, հանկարծ թիմակիցներից մեկից տեղեկանում է, որ Արարատ Միրզոյանը չսպասելով կուսակցության ղեկավարի տեսակետին՝ արձակուրդից վերադառնալուց հետո արդեն իսկ հանդիպած է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, այսպես կոչված՝ «Սորոս»-ական թեւին եւ առանց վարանելու հայտնել, որ ինքն անձամբ դեմ է հանքի շահագործման գաղափարին: Թիմակիցների խոսքով՝ այս տհաճ անակնկալն իրականում լուրջ նստվածք է թողել Փաշինյանի մոտ:

Խոսվում է ընդհուպ լարված հարաբերությունների մասին, ասում են՝ օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարների միջեւ տեւական ժամանակ ուղիղ կոնտակտ պարզապես չկար, շփվում էին միջնորդավորված՝ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հեռախոսից գնացող զանգերի միջոցով:

Ավելին, Արցախի անկախության օրվա միջոցառումներին մասնակցելու համար, ասում են, խորհրդարանի ղեկավարն իր հետ մեկնող պատվիրակության մասնակցության համար «դաբրոն» կառավարության ղեկավարից գրավոր է ստացել:

Մի ուշագրավ տեղեկություն եւս. հիշատակվող աշխատակարգային «ռեստարտ- ժողովից» հետո խմբակցության ներսում գրեթե բոլոր թիմակիցներին «Իմ քայլական» երկու լիդերներ ակնարկել են զգուշանալ լրագրողներից, չտրվել սադրանքներին եւ որեւէ դեպքում չմեկնաբանել Փաշինյանի ընտանիքին վերաբերող որեւէ հարցադրում՝ լինի դա Մարիամ Փաշինյանի հերթական ֆեյսբուքյան գրառման մասին, զինծառայող որդու եւ հատկապես տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գործունեության եւ հայտարարություների մասին… Եվ սա ընդունվել է Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ