15  10  2019

Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ-ում քննարկման կդրվի տարեսկզբին․ «Փաստ»

Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ-ում քննարկման կդրվի տարեսկզբին․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ գործընթացները նոր փուլ են թևակոխում։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ չնայած իշխանությունները հայտարարել են, որ ԱԺ այս նստաշրջանում հարցը չի քննարկվի, սակայն այս ուղղությամբ գործընթացների դադար անցած ամիսների ընթացքում չի եղել։ 

Տեղեկությունների համաձայն՝ հարցն այս ամիսների ընթացքում եղել է Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, և դրա հետ կապված մի քանի լուրջ քննարկումներ են տեղի ունեցել՝ փակ ձևաչափով, որին մասնակցել են ՀԿ սեկտորի իշխանական «կորպուսի» ներկայացուցիչները, և ռազմավարական մի քանի դրույթներ են քննարկվել։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ արդեն դեկտեմբերին հարցը նախատեսվում է քննարկել նաև «Իմ քայլը» խմբակցության ներսում՝ որպես օրենսդրական նախաձեռնություն. կա տեղեկություն, որ նախագծի հարակից զեկուցողին առաջիկայում կգործուղեն Ստրասբուրգ՝ հարցի հետ կապված որոշակի մանրամասներ տեղում ճշտելու և խորհրդարանում հնարավորինս պատրաստված ներկայանալու համար։ 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր է խորհրդարանում քննարկման դրվի արդեն 2020-ի հունվար-փետրվարին, նախ՝ հանձնաժողովներում, ապա, արագացված կարգով, նաև ԱԺ լիագումար նիստում։ Հավելենք, որ ինչքան էլ իշխանական խմբակցությունում փորձում են այնպիսի պատկեր ստեղծել, թե այդ հարցի վերաբերյալ իրենք միասնական են, և ոչ մի տարաձայնություն չկա, սակայն, ՔՊ աղբյուրը թերթին փոխանցել է, որ Փաշինյանի թիմի ներսում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված կան շատ լուրջ տարաձայնություններ, որոնք առաջիկայում, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնան ողջ հանրությանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ