12  10  2019

Նախագահը՝ Ամուլսարի հետ իր կապի և հարցի լուծման մասին․ «Հրապարակ»

Նախագահը՝ Ամուլսարի հետ իր կապի և հարցի լուծման մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախագահ Արմեն Սարգսյանի հետ մեր ծավալուն հարցազրույցի մի մասը վերաբերում էր Ամուլսարի հանքի շահագործման խնդրին։ Նրան նախ հիշեցրինք, որ իր անունը կապում են այս հանքի, ի մասնավորի՝ այն շահագործելու պատրաստ կանադական «Լիդիան» ընկերության հետ, որ նա ժամանակին եղել է «Լիդիանի» խորհրդի անդամ, ուստի հնարավոր է որոշակի շահեր ունենա հանքի շահագործման հարցում։

Արմեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ այս հարցին՝ պարզաբանելով եւ առաջարկելով մեկընդմիշտ փակել այս թեման։

«Սկսենք շահերից։ Ես բազմիցս սրա մասին խոսել եմ, արդեն ինձ համար իմ շահերի կամ իմ մասնակցության մասին խոսակցությունները ոնց որ փոշոտված գիրք լինեն՝ ամեն անգամ բացում ես, ու փոշին դեմքիդ է խփում։ Ամուլսարի հետ իմ կապը եղել է, երբ որ ես պետական ծառայող չեմ եղել, այլ եղել եմ ազատ մարդ։ Եվ ինձ դիմել են եւ դիմել են նաեւ Հայաստանից՝ խնդրելով իմ կարծիքը։ Նման դեպքերում կարծիք ունենալու համար ձեւերից մեկն այն է, որ ես տրամադրեմ տեղեկություն, մյուս ձեւն այն է, որ հրավիրում են քեզ, որ դառնաս տնօրենների խորհրդի անդամներից մեկը։ Քանի որ ինձ խնդրել էին, ես համաձայնեցի։ Եվ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ես բազմաթիվ ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ եմ, սա նրանցից մեկն է, որը կապված է Հայաստանին, եւ մտածեցի՝ գուցե սրանով ես կօգնեմ»,- Ամուլսարի հետ կապն այսպես՝ հեռվից գալով սկսեց նկարագրել Արմեն Սարգսյանը։

Նա նշեց, որ ինքը եղել է «Լիդիանի» տնօրենների խորհրդի անկախ անդամ, եւ անկախ անդամը որեւէ իրավունք չունի նույնիսկ մեկ լումայի շահույթ հետապնդել։ «Հետեւաբար ես, լինելով տնօրենների խորհրդի անկախ անդամ, ո՛չ ես, ո՛չ իմ ընտանիքը, ըստ սահմանման, իրավունք չենք ունեցել այդ ընկերությունից որեւէ շահ ունենալ։ Էլ չեմ ասում նրա մասին, որ եթե չալարեն եւ Գուգլ անեն, կտեսնեն ամբողջ պատմությունը բոլոր բաժնետերերի, եւ այնտեղ ո՛չ ինձ, ո՛չ իմ ընտանիքից որեւէ մեկին չեք գտնի։ Սա՝ մեկ։ Եվ եկեք վերջացնենք այս պատմությունը»,- ասաց նախագահը։Նա նաեւ հիշեցրեց, որ ինքն անդամ եղել է ընդամենը մոտ երեք ամիս, այդ ժամանակ «Լիդիանը» մի ընկերություն էր, որը Հայաստանում կատարել էր երկրաբանական հետազոտություն եւ դիմում էր կառավարությանը՝ արդյունաբերական լիցենզիայի համար որոշակի արդյունաբերական լուծում տալով։

«Նայելուց հետո ես իմ կարծիքը հայտնել եմ խորհրդի նախագահին, ապա դիմում եմ գրել՝ դուրս եկել։ Կարո՞ղ եք գլխի ընկնել, թե ես խորհրդի նախագահին ինչ եմ ասել։ Իմ դուրս գալուց հետո այդ ընկերության գործադիր տնօրենին հեռացրին աշխատանքից։ Էլի կարող եք գլխի ընկնել, թե ինչու։ Դրանից հետո անցել է արդեն վեցուկես տարի, եւ ես չգիտեմ՝ ինչով է զբաղվել, ինչպես է փոխվել այդ ընկերությունը, որի հետ որեւէ կապ չունեմ։ Ես դուրս եմ եկել «Լիդիանի» տնօրենների խորհրդի կազմից 2013 թվականի ամռանը»,- «Լիդիանի» հետ իր կապն այսպես ներկայացրեց պարոն Սարգսյանը։

- Հիմա Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված խնդրի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։

- Հարցի պատասխանն այս թեմայով արած իմ հայտարարության մեջ կարող եք գտնել։ Դուք պատկերացրեք՝ այսօր հարցնում եք, թե Ամուլսարի խնդրի լուծումն ինչպես եք տեսնում, վաղն էլ ինձ հարցնելու եք՝ իսկ Քաջարանի՞ լուծումն ինչպես եք տեսնում, պարոն նախագահ, իսկ Թեղուտի՞նը, իսկ Զոդի՞նը․․․ եւ հանրապետության նախագահը, որը Սահմանադրությամբ որեւէ գործադիր իշխանություն չպիտի ունենա, դառնում է գործադիր՝ սխալ լուծումներ թելադրելով։ Եթե ես նույնիսկ ակնարկեմ այդ լուծումը, դրանով ինչ-որ ձեւով անուղղակի ճնշում եմ դնելու կառավարության վրա, որն անթույլատրելի է։ Հետեւաբար, վերադառնանք իմ հայտարարությանը, որտեղ հստակ ասված է․ «Հանրապետության նախագահի՝ Սահմանադրությամբ տրված լիազորությամբ նախագահը չի կարող կարծիք հայտնել դրա մասին»։ Երկրորդը․ այնտեղ գրված է՝ հանրապետության նախագահը, հաշվի առնելով իր կյանքի փորձը, պատրաստ է կառավարությանը, ղեկավարությանը, Ազգային ժողովին իր անձնական խորհուրդը կոնֆիդենցիալ տալու։ Այսինքն՝ օգնելու, եթե իրենք դիմեն ինձ։

- Տվե՞լ եք այդ խորհուրդը։

- Դա արդեն մի բան է, որ ես չեմ կարող ասել․․․ ինչ-որ մարդկանց տվել եմ։ Եվ երրորդը․ իմ հայտարարության մեջ գրված է, որ հանրապետության նախագահը կաջակցի ցանկացած լուծման, որը պաշտպանում է մեր ազգային, պետական, բնապահպանական շահերը՝ ենթադրելով, որ այդ լուծումը կարող է լինել ծրագրային։

- Ի՞նչ է դա նշանակում։

- Որպեսզի դու կարողանաս որեւէ խնդրի լուծում տալ, պետք է ասես, թե խաղի կանոնները որոնք են։ Եթե դու ուզում ես շախմատում որեւէ խնդիր լուծել, եթե շախմատի խաղի կանոնները պարզ չեն, ինչպե՞ս ես լուծում։ Ընդ որում՝ ինձ համար, որպես նախագահի, միեւնույն է՝ կարող է կառավարությունը որոշում է, որ այդ հանքը փակում է կամ բացում է։ Դա իրենց որոշումն է, իմը չէ։ Իմ խորհուրդը կարող է լինել ընդամենը հետեւյալը, որ ինչ լուծում էլ տան, պետք է լինի երկարաժամկետ եւ համակարգային։ Որովհետեւ, եթե փակում ենք, պետք է հարց առաջանա մյուս հանքերի մասին եւս, եթե բացում ենք, ուրիշ հարց կառաջանա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ