11  10  2019

Երբ հիշողությունը կարճ է իրենց, երկար՝ ուրիշների մասին խոսելիս․ «Հրապարակ»

Երբ հիշողությունը կարճ է իրենց, երկար՝ ուրիշների մասին խոսելիս․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․«Մարդկանց հիշողությունն անչափ կարճ է, երբ խոսքը վերաբերում է իրենց, եւ անասելի երկար, երբ խոսքը վերաբերում է ուրիշներին։ Ահա, «Հանրապետություն» կուսակցության անդամներից մեկը, ում անձամբ եւ իր ներկայացրած կուսակցությանն էլ տարիներ շարունակ պաշտպանել են լրագրողներն ու լրատվամիջոցները, ամեն փորձանքի պահին իր կողքին եղել, բյուր հարցազրույցներ արել իր եւ իր կուսակցության բոլոր ներկայացուցիչների հետ, ողջունում է լրատվամիջոցների դեմ ուղղված ագրեսիան եւ կոչ անում ոչ մի քրեական գործ չհարուցել խմբագրության վրա հարձակված խուլիգաններին։

Այս մյուսը, որը ժամանակին եղել է Ռոբերտ Քոչարյանի ամենաջերմ պաշտպանն ու հետագա տարիներին Նիկոլ Փաշինյանի ամենաոխերիմ թշնամին, հանկարծ դարձել է ջերմեռանդ հակաքոչարյանական եւ նույնքան ջերմեռանդ նիկոլական ու հայհոյում է Քոչարյանին պաշտպանողներին եւ Նիկոլին քննադատողներին։ Երրորդը, որը ՀՀՇ-ական տարիների պաշտոնյա է եւ ժամանակին հակաիշխանական ելույթներ էր ունենում՝ արդարության եւ օբյեկտիվության դիրքերից խոսում, հանկարծ դարձել է իշխանության հովանավոր, եւ պատճառն ընդամենը այն է, որ բարեկամներից մեկը հայտնվել է խորհրդարանում։ Եվ մի վերջին օրինակ․ կուսակցություններից մեկի առաջնորդը, ով տասնամյակներ շարունակ ընդդիմություն է եղել ու պայքարել իշխանության գալու համար, հիմա էլ թեեւ իշխանություն չէ, բայց «պապից ավելի կաթոլիկ» է դարձել ընդդիմությանը եւ ընդդիմացողներին քննադատելու հարցում։ Այս տրանսֆորմացիաներին հետեւելիս հասկանում ես, որ մենք՝ լրագրողներս, շատ վատ ենք աշխատում։ Իսկական լրագրողներն արխիվներից կհանեին այս բոլոր անձանց հին ելույթներն ու հոդվածները, հարցազրույցներն ու հայտարարությունները եւ առանց մեկնաբանությունների կրկին կհրապարակեին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ